Մատչելիության հղումներ

Հայաստանը և Իրանը սերտացնում են համագործակցությունը մաքսային սահմանին


Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության պատվիրակությունը` մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի գլխավորությամբ: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ նրանք ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր: Վերջինով նախատեսվում է Մեղրիի և Նորդուզի սահմանային մաքսային կետերի միջև իրական ժամանակում տեղեկատվության փոխանակում կազմակերպել:

«Հուշագրի յուրաքանչյուր կետի կյանքի կոչման պարագայում կարճ ժամանակում կհասնենք «Մեկ պատուհան» գաղափարի իրագործմանը: Ինչպես արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների, այնպես էլ զբոսաշրջիկների համար հարևան երկիր մուտք գործելու ընթացակարգերն ավելի դյուրին կդառնան»,-նշել է կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

Հայաստանի և Իրանի միջև ուղևորատար տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի ապահովման համար կողմերն իրենց երկրների կառավարությունների առջև հանդես են գալու Հայաստանում կամ Իրանում գրանցված ուղևորատար տրանսպորտային միջոցների մուտքն առանց երաշխիքային ու ճանապարհային վճարների գանձման թույլատրելու նախաձեռնությամբ: Տնտեսական կապերի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու և փոխադարձ առևտրում ներգրավված տնտեսվարող սուբյեկտների` մաքսային հարցերում իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով պաշտոնական կայքերում հասանելի է դառնալու մաքսային օրենսդրության պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը: Զբոսաշրջային այցերը խթանելու նպատակով ԻԻՀ և ՀՀ քաղաքացիները իրազեկվելու են սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների և դրամական միջոցների համար հարևան երկրում գործող մաքսային ընթացակարգերի մասին՝ Մեղրիի և Նորդուզի մաքսային կետերի ելքի սրահներում տեղադրված տեղեկատվական ցուցանակների օգնությամբ:

«Մաքսային ոլորտն իր ուղղակի ազդեցությունն ունի Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում: Երկու երկրների միջև մուտքի արտոնագրի վերացումը կնպաստի զբոսաշրջության աշխուժացմանը, ապրանքաշրջանառության ավելացմանը, ինչպես նաև պարզ և արագ կդարձնի տարանցումը: Իսկ Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ, կարող է նաև Իրանի համար դարպաս հանդիսանալ՝ մուտք գործելու միության շուկա»,-նկատել է ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանը:

Գործընկերները դիտարկել են նաև մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության հեռանկարները: Քննարկվել է ՀՀ և ԻԻՀ կառավարությունների միջև Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագրի նախագիծը, որով նախատեսվում է ձևավորել համատեղ կոմիտե: Նախագիծը միտված է սահմանային անցման գործընթացների և մաքսային ընթացակարգերի պարզեցմանը՝ կրկնություններից խուսափելու, ուղևորների, ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումները դյուրացնելու համար:

«Փոխանակելու ենք սպիտակ դաշտում գործող տնտեսվարողների ցանկը, որպեսզի վերջիններն ավելի դյուրին ընթացակարգերով անցնեն մաքսային հսկողությունը: Դա չի վերաբերում մաքսանենգներին. երկու երկրները շարունակելու են նրանց դեմ պայքարը»,-վստահեցրել է Վարդան Հարությունյանը:

Անդրադառնալով ԵՏՄ մաքսային նոր օրենսգրքի շրջանակում Հայաստանում ազատ տնտեսական գոտու ստեղծման հեռանկարին՝ իրանական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հայկական կողմին փոխանցելու ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ Իրանի փորձը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG