Մատչելիության հղումներ

Իր առաջին հետընտրական ելույթում Քլինթոնը կոչ է արել՝ շարունակել գործել, «հանուն ավելի լավ Ամերիկայի»


Հիլարի Քլինթոն, Վաշինգտոն, 16-ը նոյեմբերի, 2016 թ․
Հիլարի Քլինթոն, Վաշինգտոն, 16-ը նոյեմբերի, 2016 թ․

Դեմոկրատնրի թեկնածուն իր պարտության համար մեղադրել է հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարին, ով քվեարկությունից օրեր առաջ կոնգրեսին հղած իր նամակում հայտարարել էր, թե Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունում նոր փաստեր են ի հայտ եկել:

Նոյեմբերի 8-ի նախագահական ընտրություններում կրած պարտությունից հետո Հիլարի Քլինթոնն իր առաջին հանրային ելույթում դեմոկրատական կուսակցության աջակիցներին կոչ է արել «բոլոր մակարդակներով ներգրավված մնալ»: «Բոլորիցս ու յուրաքանչյուրից է կախված, շարունակել գործել՝ Ամերիկան ավելի լավը, ավելի ուժեղ և արդար դարձնելու համար»,- ասել է նա:

«Ես գիտեմ ձեզնից շատերը հիասթափված են ընտրությունների արդյունքից: Ես նույնպես հիասթափված եմ, ավելի շատ, քան երբևէ: Բայց մեր գործընթացը երբեք չի եղել մեկ անհատի կամ մեկ ընտրության համար, դա երկրի համար է, որին մենք սիրում ենք»,- ասել է Հիլարի Քլինթոնը, շարունակելով՝ «Հավատանք մեր երկրին, պայքարենք մեր արժեքների համար և երբեք, երբեք չհանձնվենք»:

Վաշինգտոնում նա ելույթ է ունեցել երեխաների պաշտպանության հիմնադրամի տարեկան համաժողովում: Այս կազմակերպությունում նա աշխատել է իրավաբանական դպրոցն ավարտելուց հետո՝ 1970-ականներին: Մինչ այս հանրային ելույթը, անցած շաբաթ օրը՝ նոյեմբերի 12-ին Քլինթոնը հանդիպում էր ունեցել իր քարոզարշավի դոնորների հետ: Այդ հանդիպմանը նա իր պարտության համար մեղադրել էր հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմիին, ով քվեարկությունից օրեր առաջ կոնգրեսին հղած նամակում հայտարարել էր, թե Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունում նոր փաստեր են ի հայտ եկել, ու գործը վերաբացվել է:

Հետաքննությունների դաշնային բյուրոն անցած ամռանն արդեն ուսումնասիրել էր 2009-2012 թվականներին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նամակագրությունը, և եզրակացրել, որ նրան մեղադրելու հիմքեր չկան: Բայց քվեարկությունից երկու շաբաթ առաջ Քոմին ասաց, թե նոր ուսումնասիրություն են սկսում: Քվեարկությունից ընդամնեը երկու օր առաջ նա կրկնեց նախկին եզրակացությունը՝ երկրորդ ուսումնասիրությունը ևս ցույց է տվել, որ Քլինթոնին պատասխանատվության ենթարակելու հիմքեր չկան:

Բայց նրա նախկին հայտարարություններն այն մասին, թե Քլինթոնի էլեկտրոնային փոստն ուսումնասիրվում է, արդեն օգտագործվել էր հակառակորդ թիմի կողմից՝ դեմոկրատական կուսակցության թեկնածուի վրա հարձակվելու համար: Դոնորների հետ Քլինթոնի հանդիպման մասնակիցների փոխանցմամբ, նախագահի նախկին թեկնածուն ասել է, թե Թրամփն օգտագործել է Քոմիի հայտարարություններն իր դեմ:

Ըստ Քլինթոնի թիմի պատրաստած տեղեկանքի, արդեն ուշ էր, ժամանակ չկար՝ հաղթահարելու Քոմիի վերջին հայտարարության հետևանքով առաջացած խոչընդոտները, փոխանցում է «Ռոյթերզ»-ը: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները դեռ վերջնականապես ամփոփված չեն, բայց հաշվարկը ցույց է տալիս, որ Հիլարի Քլինթոնը շուրջ մեկ միլիոն ձայն ավելին է ստացել, քան իր հակառակորդ հանրապետական Դոնալդ Թրամփը:

Չնայած դրան, ընտրություններում հաղթանակ է տարել Թրամփը, քանի որ ամերիկյան ոչ ուղղակի ընտրական համակարգով նա ստացել է ընտրական կոլեգիայի անդամների 290 ձայնը, իսկ Քլիթնոնը՝ 232-ը: Ընտրություններից հետո հազարավոր մարդիկ երկրով մեկ բողոքի ցույցեր անցկացրեցին Թրամփի դեմ:

Նախագահական ընտրություններում պարտվելուց հետո դեմոկրատական կուսակցությունում տեղծված իրվիճակին անդրադարձել է նաև նախագահ Բարաք Օբաման: Դեռ եվրոպական շրջագայությունից առաջ Սպիտակ տանը հրավիրված ասուլիսում Օբաման ասել է, թե ծանր է պարտություն կրել, բայց և նշել, որ դեմոկրատական կուսակցության համար օգտակար կլինի որոշ վերլուծություններ կատարել:

«Կարծում եմ՝ մենք ցանկանում ենք տեսենլ նոր ձայներ, ստեղծել նոր գաղափարներ: Ամեն ինչ փոխվում է բավականին արագ, բայց փոփոխությունները ինքնաբերաբար չեն լինում, դրանք տեղի են ունենում, երբ դուք աշխատում եք այդ ուղղությամբ: Ոչ ոք չի ասում, թե դեմոկրատների համար հեշտ կլինի»,- ասել է նախագահը, նշելով, թե դեմոկրատները պետք է աշխատեն ողջ երկրում: «Մենք պետք է ներկա լինենք ամենուր, մենք պետք է աշխատենք նաև ստորին մակարդակներում, ինչպես իմ կարիերայի ընթացքում»,-ասել է Բարաք Օբաման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG