Մատչելիության հղումներ

Երևանի փոխքաղաքապետ․ Ավտոկայանատեղիների գները մնալու են նույնը


Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյան
Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյան

«Երևանում կարմիր գծերով վճարովի ավտոկայանատեղիները սպասարկող «Փարկինգ սիթի սերվիզ» ընկերությունը կդառնա համայնքային սեփականություն», - այսօր քաղաքապետարանում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։

Ընկերության հետ կնքված նախկին պայմանագիրը կլուծարվի, իսկ գույքը կդառնա համայնքային։

«Ազատության» հարցին, թե ինչ կփոխվի քաղաքացու համար, հնարավոր է արդյոք կայանատեղիների տուրքերի և տուգանքների նվազեցում, Նիկոյանը բացասական պատասխան տվեց․ - «Ես ներկայացրեցի, թե բանակցությունների և գործողությունների արդյունքում ինչ է փոխվում Երևան քաղաքի համար: Եվ ինչքանով է Երևան քաղաքը շահում գործարքից: Բնականաբար, եթե Երևան քաղաքը շահում ա, ես կարծում եմ, որ շահում ա նաև քաղաքացին: Իսկ ինչ վերաբերում է վարորդ և տուրք հարաբերակցությանը, բնականաբար, դա ավագանու կողմից սահմանվող տուրքեր են, և այս գործընթացը չի վերաբերվում դրան»:

«Շահում է Երևանը՝ շահում է քաղաքացին» մոդելում կայանատեղիների գները մնալու են նույնը․ մեկ ժամը՝ 100 դրամ, մեկ օրը՝ 500 դրամ, մեկ տարին՝ 12.000 դրամ։

Չվճարելու դեպքում տուգանքը կլինի 5000 դրամ՝ ինչպես նախկինում: Փոխքաղաքապետը կարծում է, որ դա կանխարգելիչ միջոց է, և չափի փոփոխություն չեն քննարկելու։ Ինչ վերաբերում է ներդրումներ կատարած ընկերությունը վերցնելուն, ապա, փոխքաղաքապետի խոսքով, այստեղ օրենքի հետ կապված խնդիր չկա՝ ձևակերպումը օրինական է․ - «Գործընթացի և քայլերի հաջորդականությունը, բնականաբար, նաև ուսումնասիրել են իրավաբանները: Վերցնելու հետ կապված, իրավաբանորեն այն ձևակերպվում է որպես նվիրատվություն»:

Այդուհանդերձ, Նիկոյանի խոսքով, «Պարկինգ սիթի սերվիզի» բաժնետերերը ընկերության 100 տոկոս բաժնեմասը որպես նվիրատվություն քաղաքապետարանին փոխանցելուց հետո դրա փոխարեն ոչինչ չեն ստանալու։ Գործարքով քաղաքապետարանը իր վրա կվերցնի ընկերության ֆինանսական պարտավորությունները․ - «Ընկերությունը ակտիվներին համարժեք ծանրաբեռնված է նաև պարտավորություններով: Այսինքն, ընկերությունը ձեռք բերելով, մենք ձեռք ենք բերում ինչպես ակտիվները, այնպես էլ էդ ակտիվների համար ստանձնած պարտավորությունների մարման պատասխանատվությունը»:

Նիկոյանի փոխանցմամբ, գործարքից «Փարկինգ սիթի սերվիզը» դժգոհություն չունի։ Ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բանակցությունների արդյունքը դեռ չեն ցանկանում մեկնաբանել։

Առայժմ գործող պայմանագրով «Պարկինգ սիթին» շահույթի 70 տոկոսը իրեն էր պահում, մնացածը քաղաքապետարանի բյուջե էր գնում։ Տարեկան շահույթը մոտ 1 միլիարդ 200 միլիոն դրամ է եղել։ Նոր պայմանագրով, ըստ փոխքաղաքապետի, ամբողջ գումարը գնալու է քաղաքապետարան: Իսկ արդեն համայնքային սեփականություն դարձած «Պարկինգ սիթի սերվիզը» մոտ 30 միլիոն դրամ է ստանալու ծառայությունների մատուցման համար: Եվս 7 միլիոն ստանալու է «Լոկատոր» ընկերությունը բաժնետոմսերը կառավարելու համար։

«Վճարվի ավտոկայանատեղերից Երևան քաղաքի բյուջե գանձվող գումարները՝ հանած բոլոր տիպի ծախսերը, առաջիկա տարիներին, մինչև պարտավորությունների մարման ավարտը կաճի տարեկան առնվազն 100 միլիոն դրամով: Իսկ պարտավորությունների մարման գործընթացի ավարտից հետո կաճի տարեկան շուրջ 400 միլիոն դրամով», - նշեց Նիկոյանը:

Թեև փոխքաղաքապետը ասում է, որ հաջորդ տարվա տուրքերը սահմանելու համար հիմա քննարկումներ են անցկացնում, բայց «Պարկինգ սիթի սերվիզ» և «Լոկատոր» ընկերությունների հետ կնքվելիք պայմանագրով նրանք պարտավոր են առաջիկա տարիներին ոչ պակաս շահույթ ապահովել, քան նախորդ տարիներին, այլապես կտուգանվեն։

«Պարկինգ սիթի սերվիզը» համայնքային սեփականություն դարձնելու գործընթացը կավարտվի մոտ երկու ամսից: Թե ինչի վրա քաղաքապետարանը կծախսի լրացուցից եկամուտը, կորոշի ավագանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG