Մատչելիության հղումներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է․ - «Նախնական քննության տվյալներով բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Կ.Վարդանյանն իր՝ Երևան քաղաքի Լենինգրադյան 31/8 շենքի 32-րդ հասցեի բնակարանը նվիրաբերել է 23-ամյա Գ.Զոհրաբյանին, որի դիմաց պետք է ստանար դրամական փոխհատուցում։ Պայմանավորված գումարը Կարեն Վարդանյանին չտալու համար Գ.Զոհրաբյանն առաջարկել է նրան Վրաստանով մեկնել Դուբայ՝ շրջագայության՝ մտադրվելով Վրաստան ուղեկցելու ճանապարհին սպանել նրան։ Նշված մտադրության մասին Գ.Զոհրաբյանը հայտնել է 1973թ. ծնված Ա.Միհրանյանին, ով 2016թ. հունվար ամսից օրավարձով վարել է Գ.Զոհրաբյանին պատկանող «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան՝ խոստանալով դրա դիմաց որոշակի գումար:

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2016թ. մարտի 17-ին երեքով, Ա.Միհրանյանի վարած «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայով, Գ.Զոհրաբյանը և Կ.Վարդանյանն ուղևորվել են դեպի Սևան քաղաք՝ Կ.Վարդանյանին Վրաստանի Հանրապետություն ուղեկցելու պատրվակով՝ նման կերպ գաղտնի առևանգելով վերջինիս:

Հասնելով Սևանի Աղթամար թերակղզու մոտ՝ քարով բազմաթիվ հարվածներ են հասցրել ավտոմեքենայի հետևի նստատեղին գտնվող Կ.Վարդանյանի գլխին։ Տեսնելով նրա անշնչացած մարմինը և հասկանալով, որ արդեն մահացել է՝ Կ.Վարդանյանին թողել են ավտոմեքենայի սրահի հետնամասում, նույն ավտոմեքենայով վերադարձել Երևան, որտեղ դիակը տեղափոխել են Գ.Զոհրաբյանին պատկանող ավտոտնակ և թաղել։

Քննությամբ պարզվել է նաև, որ Կարեն Վարդանյանի դիակը ավտոտնակում թաղելուց առաջ նշված երկու անձինք զննել են նրա հագուստները և հափշտակել հայտնաբերված 40.000 ՀՀ դրամը»:

Ա.Միհրանյանին և Գ.Զոհրաբյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 8-րդ կետերի և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG