Մատչելիության հղումներ

Երևանում կայացել է Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարների հանդիպումը


Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը, Երևան, 16-ը նոյեմբերի, 2016թ․

Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը, Երևան, 16-ը նոյեմբերի, 2016թ․

Հայաստանը կարևորում է Մոլդովայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը։ Այդ մասին ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ այսօր հանդիպելով աշխատանքային այցով Երևան ժամանած Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրի հետ:

Հանդիպումը մեկնարկել է նախարարների առանձնազրույցով, ապա շարունակվել ընդլայնված կազմով: Կողմերը քննարկումներ են ունեցել երկկողմ և բազմակողմ օրակարգի տարբեր հարցերի, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկու պետությունների միջև համագործակցության առավել զարգացման նպատակով ձեռնակվելիք քայլերի շուրջ, քննարկվել են առևտրատնտեսական գործակցությանը նոր լիցք հաղորդելու ուղիները, կարևորվել է գիտակրթական և մշակութային բնագավառներում փոխանակումների ակտիվացումը:

Նալբանդյանը և Գալբուրն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցության սերտացմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր մոլդովացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: Իր հերթին, Գալբուրը ներկայացրել է Մոլդովայի եվրոպական ինտեգրման գործընթացի վերջին զարգացումները:

Հանդիպման օրակարգում էր նաև տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցը: Զրուցակիցները համակարծիք էին, որ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանն իր մոլդովացի գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:

Հանդիպման ավարտին նախարարները ստորագրել են չորս փաստաթուղթ՝ Հայաստանի և Մոլդովայի քաղաքացիների միջև մուտքի արտոնագրի ռեժիմի վերացման, զբոսաշրջության, ինչպես նաև գիտության և կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերը, երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների 2017-2018 թվականների ծրագիրը, ապա հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG