Մատչելիության հղումներ

ԹԻ․ Հայաստանում մեծանում է իշխանության հանդեպ անվստահությունը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում


Հայաստանում գնալով մեծանում է իշխանության հանդեպ անվստահությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, եզրահանգել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» փորձագետները:

Հակակոռուպցիոն կենտրոնի երեք տարին մեկ հրապարակվող զեկույցի համաձայն, Հայաստանում հարցվածների 65 տոկոսը կարծում է՝ իշխանությունը բավարար ջանքեր չի գործադրում կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Հարցված հայաստանցիների մեծամասնությունը թերահավատորեն է մոտենում նաև կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիների ունեցած դերին։ 63 տոկոսը կարծում է, որ շարքային քաղաքացին ոչինչ չի կարող փոխել։ Հայաստանի պես, այս հարցում հասարակության ներգրավվածությունը չի կարևորվում Չեխիայում և Հունգարիայում։

«Ես այն ժամանակ ասել էի՝ Հայաստանը ռեկորդակիրն էր, ասեմ նաև, որ հիմա մնում է ռեկորդակիրը: Ամբողջ տարածաշրջանում նույնպես այս թիվը աճում է, և նույն Եվրոպայում, Եվրամիության երկրներում 47 տոկոսի է դա հասել, որը բավականին տխուր թիվ է», - ասում է ԹԻ Հայաստան ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Տարածաշրջանում Հայաստանը «ռեկորդակիր» է նաև մեկ այլ ցուցանիշով․ 41 տոկոսն ասում է՝ մարդիկ վախենում են հետևանքներից։

Հանցագործության մասին իմանալու ու չհայտնելու ցուցանիշով Հայաստանը կրկին առաջատարն է՝ 77 տոկոս։

ԹԻ Հայաստան ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը կարծում է՝ հոգեկերտվածքի առանձնահատկություն է․ - «Ռուսերեն ասած՝ «ստուկաչի» հոգեբանությունը առավել տարածված է այստեղ, այսինքն՝ մարդիկ գտնում են, որ մեր հասարակությանը խորթ է այդ կոռուպցիայի մասին բարձրաձայնելը»:

Կոռուպցիայի մասին հայտնելն, ըստ հարցումների, ընդունված է Ադրբեջանում։ Միայն 16 տոկոսն է համակարծիք, որ կոռուպցիոն դեպքերի մասին հասարակությունը չի բարձրաձայնում։ Ադրբեջանի հարցվողներին, ի դեպ, հատկանշական է անորոշ պատասխաններ տալը։ Օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարում իշխանության գործունեությունը դժվարացել է գնահատել հարցված ադրբեջանցիների 61 տոկոսը։ Շարքային քաղաքացիների ներգրավվածությունը բան կփոխի՞ երկրում՝ Ադրբեջանում 26 տոկոսը չգիտի կամ հրաժարվել է պատասխանել, մինչդեռ Հայաստանում չպատասխանողներն ընդամենը 1 տոկոս են։ Ադրբեջանում հարցվածների 38 տոկոսը, Հայաստանում 24, իսկ Վրաստանում 7 տոկոսը հարցմանը նախորդած 12 ամսվա ընթացքում գոնե մեկ անգամ կաշառք են տվել։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, սակայն, կարծում է, որ Հայաստանը հաջողություն է գրանցում կոռուպցիայի դեմ պայքարում։ - «Չնայած Հայաստանում առկա իրական մարտահրավերներին, կոռուպցիայի դեմ պայքարում իրապես դրական քայլեր ենք տեսել», - ասում է դեսպանը:

Վարուժան Հոկտանյանն ընդգծում է, որ զեկույցը պատրաստվել է մինչև 2016-ի մայիսը, հետևաբար սեպտեմբերից գործող Կարեն Կարապետյանի կառավարության գնահատականը երեք տարի անց՝ հաջորդ զեկույցում կլինի։ Այնուամենայնիվ, ԹԻ Հայաստան ծրագրերի ղեկավարը կոռուպցիայի դեմ պայքարում դրական տեղաշարժ չի նկատել: - «Եթե դեսպանը տեսել է այս վարչապետի օրոք փոփոխություն, միգուցե նա ավելի տեղյակ է՝ ես չգիտեմ: Ես, որպես շարքային քաղաքացի, իմ ընկալումներում առայժմ չեմ տեսնում», - ասում է Վարուժան Հոկտանյանը:

«Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր 2016. Եվրոպա և միջին Ասիա» զեկույցի համար հիմք են հանդիսացել Եվրոպայի և միջին Ասիայի 42 երկրի մոտ 60 հազար քաղաքացու շրջանում անցկացրած հարցումները։

XS
SM
MD
LG