Մատչելիության հղումներ

Օգնություն ստանալու համար մինչ օրս դիմել են Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից 18-ը․ ՏԿՏՏՆ


Ռուսաստան - Վթարված ավտոբուսը Բեսլան-Վլադիկավկազ ճանապարհին, 14-ը հոկտեմբերի, 2016թ․

Ռուսաստան - Վթարված ավտոբուսը Բեսլան-Վլադիկավկազ ճանապարհին, 14-ը հոկտեմբերի, 2016թ․

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում շարունակվում է հոկտեմբերի 14-ին Ռուսաստանում՝ Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով դիմումների ընդունումը: Նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ առայսօր գերատեսչության աշխատակազմի իրավաբանական վարչությունում ստացվել է 18 դիմում:

Հաղորդագրությունը հիշեցնում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի նոյեմբերի 9-ի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Վերոնշյալ երթուղու ուղևորները և զոհվածների հարազատները օգնություն ստանալու համար կարող են դիմել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, հետադարձ կապի հեռախոսահամար՝ +374(10)59-00-24 (իրավաբանական
վարչություն):

Կառավարության հոկտեմբեր 27-ի որոշմամբ սահմանվել է, որ ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրվում է 1 միլիոն 500 հազար դրամ, Հայաստանի և Ռուսաստանի հիվանդանոցներում բուժումը շարունակող՝ առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700 հազար դրամ, Հայաստանի և Ռուսաստանի հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազար դրամ, և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100 հազար դրամ:

Հիշեցնենք, Մոսկվա-Երևան ավտոբուսի 52 ուղևորներից վթարի հետևանքով զոհվել են 5-ը, շուրջ երեք տասնյակը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG