Մատչելիության հղումներ

Հայերը պետք է կապ հաստատեն Թրամփի հետ՝ Կոնգրեսում իրենց հանրապետական բարեկամների միջոցով


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

ԱՄՆ-ի աննախադեպ նախագահական ընտրություններն ավարտվեցին Դոնալդ Թրամփի անսպասելի հաղթանակով...

Նոյեմբերի 8-ի ընտրություններից հետո, ինքնակոչ հայ վերլուծաբանները բազմաթիվ ենթադրություններ արեցին նորընտիր նախագահի գործարար կապերի մասին Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, սխալմամբ եզրակացնելով, որ նա Հայաստանի թշնամիների կողմը կբռնի... Քանի որ Թրամփը որևէ մեկնաբանություն չի արել հայկական հարցերի վերաբերյալ, ուստի ոչ ոք իրականում չի կարող իմանալ, թե ինչպիսին կլինի նրա դիրքորոշումը...

Բացի Թրամփի քարոզարշավի հախուռն խոստումներից՝ «չորացնել Վաշինգտոնում առկա ճահիճը» և «Ամերիկան կրկին դարձնել հզոր», ոչ ոք չի կարող կանխատեսել, թե նա ինչ է անելու ներքին կամ արտաքին քաղաքականության բնագավառում: Բացի այդ, ոչ մի երաշխիք չկա, որ նա կառչած կմնա այն դիրքորոշումներին, որոնք արտահայտել է նախընտրական քարոզարշավի ընթացքում: Վերջին ամիսներին և հատկապես ընտրությունից հետո, Թրամփը մեղմացրել է իր տեսակետները մի շարք գլխավոր հարցերի վերաբերյալ, ինչպիսին են՝ բոլոր մահմեդականների մուտքի արգելումը Միացյալ Նահանգներ, պատի կառուցումը Մեքսիկայի սահմանին, 11 միլիոն ապօրինի ներգաղթյալների արտաքսումը և Obamacare-ի չեղարկումը: Ինչպես նախագահ Օբաման բացատրեց նոյեմբերի 14-ի իր մամուլի ասուլիսի ժամանակ, Թրամփը գործնական մարդ է և կայուն հայացքների գաղափարախոս չէ:

Հետևաբար, շահարկելու փոխարեն, թե ինչ կանի Թրամփը որպես նախագահ, եկեք հետևենք Հիլարի Քլինթոնի իմաստուն խորհրդին՝ լինել «ողջախոհ» և Դոնալդ Թրամփին «հնարավորություն տալ ղեկավարելու»...

Քանի որ նորընտիր նախագահը դեռևս հստակ դիրքորոշում չունի հայկական հարցերի վերաբերյալ, հիմա իսկական ժամանակն է, որ ամերիկահայերը խնդրեն Կոնգրեսի հանրապետական կողմնակից անդամներին Թրամփի թիմին փոխանցելու համայնքի հիմնական մտահոգությունները: Նման շփումներն ավելի դժվար կլինեն հունվարին, երբ Նախագահն իր երդմնակալությունից հետո ուղղություններ տա իր նոր կաբինետին: Իսկ մինչ այդ, թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները, Վաշինգտոնում իրենց հզոր լոբբիստների միջոցով, զբաղված են սեփական կապերի հաստատմամբ Թրամփի անցումային թիմի և Կոնգրեսի հետ... Ավելին, մինչ բազմաթիվ պետությունների ղեկավարներ, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, շնորհավորական ուղերձներ են հղել նորընտիր նախագահին, Թուրքիայի նախագահ Էրդողանն անձամբ զանգահարել է Թրամփին՝ կոչ անելով նրան ավելի սերտացնել հարաբերությունները իրենց երկրների միջև...

Արդեն անհանգստացնող նշաններ կան, որ Թրամփի երկու մերձավոր օգնականները, որոնք հնարավոր է բարձր պաշտոններ ստանան նոր վարչակազմում, կատաղի թուրքամոլներ են.

1) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը բազմիցս իր հիացմունքն է արտահայտել ժամանակակից Թուրքիայի հայր՝ Քեմալ Աթաթուրքի մասին, նրան դիտարկելով որպես հերոս:

2) Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլինն անցյալ շաբաթ հոդված էր գրել The Hill թերթում՝ կոչ անելով ԱՄՆ կառավարությանը «կարգավորել մեր արտաքին քաղաքականությունը՝ Թուրքիան ճանաչելով որպես առաջնահերթություն: Մեզ անհրաժեշտ է աշխարհին նայել Թուրքիայի տեսանկյունից »:

Մինչ նորընտիր նախագահի հետ հայ-ամերիկյան կապեր գործնականում գոյություն չունեն, համայնքը բարեբախտաբար գերազանց հարաբերություններ ունի մշակած Կոնգրեսի բազմաթիվ վերընտրված անդամների հետ՝ թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների, որոնք կարող են Հայաստանի և հայերի համար կարևոր նշանակություն ունեցող օրինագծեր ընդունել և բանաձևեր անցկացնել:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից հավանության արժանացած Կոնգրեսի թեկնածուների ավելի քան 90 տոկոսը ընտրվել է նոյեմբերի 8-ին: Ներկայացուցիչների պալատում, Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելող 122 թեկնածուներից 117-ը հաղթել են, ներառյալ Կալիֆորնիայից ամերիկահայ դեմոկրատ կոնգրեսականներ Ջեքի Սփայերը և Աննա Էշուն: Ցավոք, Իլինոյիս նահանգից հանրապետական կոնգրեսական, Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ռոբերտ Դոլդը չի վերընտրվել, նաև չի շահել Ներկայացուցիչների պալատի թեկնածու Դենի Թարխանյանը (հանրապետական, Նևադա):

Սենատի ընտրություններում՝ Հայ դատի հանձնախմբի կողմից հավանության արժանացած 11 թեկնածուներից 7-ը հաղթել են նոյեմբերի 8-ին: Հայաստանի աջակցության խմբի անդամ, կոնգրեսական Վան Հոլենը (դեմոկրատ, Մերիլենդ) ընտրվել է Սենատում՝ նախնական փուլում Թուրքիայի աջակցության խմբի անդամ, կոնգրեսական Դոննա Էդվարդսին հաղթելուց հետո: Շատ ցավալի է, որ չի վերընտրվել հայկական հարցերի ջատագով, սենատոր Մարկ Քըրքը (հանրապետական, Իլինոյիս):

Հարկ է նշել, որ մինչ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի 11 անդամները չեն վերադառնա Ներկայացուցիչների պալատ՝ պարտվելու, թոշակի անցնելու, ազատվելու կամ այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ, Թուրքիայի աջակցության խումբն ավելի մեծ կորուստ է ունեցել. 19 անդամներ չեն վերադառնա Ներկայացուցիչների պալատ, ներառյալ համանախագահ Էդ Ուիթֆիլդը (հանրապետական, Կենտուկի), որն այս տարվա սկզբին հրաժարական էր տվել էթիկայի հանձնաժողովի ստուգումների պատճառով:

Ընտրություններում հայ համայնքի կոնգրեսական կողմնակիցների ձեռք բերած բավականին մեծ հաջողությունները, լավ նախանշան են Կոնգրեսում հայկական հարցերի հետապնդման համար: Հաշվի առնելով, որ Հանրապետական կուսակցությունը վերահսկելու է Կոնգրեսի երկու պալատներում և Սպիտակ տանը, հանրապետական հայերի պարտքն է ավելի շատ անդամներ գրավել մեծամասնություն ներկայացնող կուսակցությունից, իսկ դեմոկրատ հայերը կարող են ամրապնդել իրենց երկարատև կապերը փոքրամասնություն հանդիսացող կուսակցության հետ: Ի վերջո, Հայկական հարցը, որպես անկողմնակալ խնդիր, պետք է արժանանա երկու կուսակցությունների աջակցությանը...

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

Facebook Forum

XS
SM
MD
LG