Մատչելիության հղումներ

Ռուս-վրացական բիզնես ֆորումը Թբիլիսիում մտահոգություններ է հարուցել


Զուրաբ Աբաշիձե, արխիվ

Զուրաբ Աբաշիձե, արխիվ

Վրաստանի իշխանությունները հերթական անգամ պնդում են` քաղաքական ներկայիս իրավիճակում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը բացառվում է: Այս մասին թբիլիսցի լրագրողների հետ զրույցում շաբաթասկզբին հայտարարել է Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

«Այս հարցն ընդհանրապես օրակարգային չէ: Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը չի էլ կարող քննարկվել, քանի դեռ Աբխազիայում և Ցխինվալիի տարածաշրջանում որևէ առաջընթաց չկա: Եթե ինչ-որ պահի մեզ հաջողվի լուծել կարևորագույն հարցերից մի քանիսը, գուցեև անդրադառնանք նաև [հարաբերությունների վերականգնման] հարցին: Այսօր սակայն` մի իրավիճակում երբ մեր երկրի տարածքային ամբողջականությունը ոտնահարված է, դա անհնարին է», - ասում էր Աբաշիձեն:

Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը Վրաստանի քաղաքական շրջանակներում կրկին հրատապ դարձավ երկուշաբթի օրը Թբիլիսիում կազմակերպված ռուս-վրացական բիզնես ֆորումից հետո: Իշխանությունները պնդում են, որ դրա կազմակերպմանը որևէ առնչություն չունեն, և որ ռուսաստանցի գործարարներին Թբիլիսի էր հրավիրել Վրաստանի Առևտրաարդյունաբերական պալատը: Վրացական ընդդիմությունը, սակայն, համոզված է` Մոսկվայի հետ տնտեսական կապերի խորացումը դիվանագիտական կարգավորման նախաբանն է:

«Վրաստանում կայացած ընտրություններից հետո շատ հստակ է, թե ինչ շահեր է հետապնդում Ռուսաստանը: Եթե մենք վերականգնենք հարաբերությունները Մոսկվայի հետ, ապա ստիպված ենք լինելու ընդունել, որ օկուպացված տարածաշրջանները հայտնվում են վրացական Սահմանադրության իրավասությունից դուրս: Դա կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ», - հայտարարում էր Վրաստանի առաջատար ընդդիմադիր կուսակցության` Ազգային միացյալ շարժման ներկայացուցիչ Սերգի Կապանաձեն:

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլիի պնդումները շատ ավելի կտրուկ էին: «Կարասինի և Աբաշիձեի բանակցությունների ձևաչափն ի վերջո հանգեցնելու է մի դավադրության, որի թիկունքում կանգնած են լինելու Վլադիմիր Պուտինն ու Բիձինա Իվանիշվիլին», - հայտարարում էր Նաթելաշվիլին:

Վրացական կառավարության ներկայացուցիչները, սակայն, համոզված են` ընդդիմության մտավախությունները տեղին չեն:

Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, մասնավորապես, լրագրողների հետ զրույցում նշում էր․ - «Ռուսաստանյան բիզնեսը միշտ էլ ներկայացված է եղել Վրաստանում: Երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգանում են, ուստի որևէ զարմանալի բան չկա, որ ռուս գործարարները ժամանել են Վրաստան` հետաքրքրվելով երկրի ներդրումային հնարավորություններով»:

XS
SM
MD
LG