Մատչելիության հղումներ

logo-print

Ըստ «Ֆրիդոմ հաուզ»-ի, ինտերնետի ազատության առումով Հայաստանում որոշակի անկում է արձանագրվել


Չնայած դրան, այդ ցուցանիշով Հայաստանը շարունակում է մնալ երկրորդը տարածաշրջանում, Վրաստանից հետո և առաջինը՝ ԱՊՀ տարածքում:

Հայաստանում ինտերնետը շարունակում է մնալ ազատ, թեև նախոդ տարվա համեմատ, որոշակի անկում է արձանագրվել, փաստում է “Ֆրիդոմ Հաուզ» իրավապաշտպան կազմակերպության այս տարվա զեկույցը: Բացթողումների շարքում հեղինակավոր կազմակերպությունը հիշատակում է առցանց ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ ոստիկանության հարձակումներն ու անցած հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման ժամանակ «Ֆեյսբուք»-ի կարճատև արգելափակումը:

Զեկույցը նաև նշում է՝ «Հայաստանում հիմնադրված օնլյան լրատվամիջոցները կարող են ենթարկվել ֆինանսական ու քաղաքական ճնշումների: Ինչպես և ավանդական լրատվամիջոցների՝ հեռուստատեսության ու տպագիր մամուլի պարագայում, ինտերնետային լրատվամիջոցների լրագրողներին էլ, որոշ դեպքերում, թույլ չի տրվում հակադրվել խմբագրական գծին, որը շատ հաճախ որոշվում է այս կամ այն քաղաքական ուժի կողմից»:

Բովանդակային սահմանափակումներին անդրադառնալիս, «Ֆրիդոմ Հաուզ»-ը հիշատակում է նաև ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարության հորդորը՝ զերծ մնալ օնլայն քննարկումներից՝ հակառակորդին գաղտնի տեղեկատվություն չփոխանցելու համար: «Արդյունքում, առցանց վերլուծաբաններն ինքնագրաքննության անցան, ինտերնետային քննարկումներն էլ հաճախ դարձան թշնամական, երբ օգտատերերը սկսեցին, ոմանց կարծիքով, Հայաստանի համար ոչ բարենապաստ թվեր կամ տեղեկություններ հաղորդել հակամարտության վերաբերյալ»,- նշում է զեկույցը՝ շարունակելով՝

«Ավելի վաղ՝ 2015 թվականի մայիսին էլ «Յութուբ»-ից հեռացվել էր SOS TV-ի՝ ոստիկանությանը ծաղրող տեսանյութը, ինչը պաշտոնապես պատճառաբանվեց, որպես հեղինակային իրավունքների ոտնահարում, թեև, ամենայն հավանականությամբ, տեսանյութը իրավապահների թիրախում էր հայտնվել հենց ոստիկանությանը ծաղրելու պատճառով»: Փաստաթուղթը նաև արձանագրում է, որ Հայաստանի ոստիկանությունը դատի է տվել SOS TV-ի ին՝ իրավապահներին վիրավորելու մեղադրանքով:

Բացթողումների շարքում «Ֆրիդոմ Հաուզ»-ն արձանագրում է նաև լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը, որոնք հիմնականում տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերի, սահմանադրական հանրաքվեի և հուլիսին ոստիկանության ու ցուցարարների միջև բախումների օրերին: «Ֆիզիկականից բացի, արձանագրվել են նաև տեխնիկական հարձակման դեպքեր, որոնց մեծ մասը, ենթադրվում է՝ կազմակերպվել է Ադրբեջանում»,- փաստում է զեկույցը, մանրամասնելով՝ անցած տարվա հունիսին այդ հարձակումների արդյունքում խափանվել է Հայաստանի կառավարական մի շարք կայքերի աշխատանքը:

Դրական զարգացումների շարքում, «Ֆրիդոմ Հաուզ»-ը նշում է Սահմանադրական դատարանի անցած տարվա որոշումը, ըստ որի, լրագրողներն այլևս պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ օրենքով սահամանված դեպքերի: Ըդնանուր առմամբ, ինտերնետի ազատությամբ Հայաստանը շարունակում է մնալ երկրորդը տարածաշրջանում՝ Վրաստանից հետո և առաջինը՝ ԱՊՀ տարածքում: «Ակտիվիստները պարբերաբար օգտագործում են սոցիալական ցանցերը՝ իրենց նպատակներին հասնելու համար»,- նաև փաստում է զեկույցը:

Ողջ աշխարհում, ըստ փաստաթղթի, ինտերնետի ազատության առաջատարներն են Էստոնիան, Իսլանդիան, Կանադան, ԱՄՆ-ն և Գերմանիան: Անազատների ցանկում են Չինաստանը, Սիրիան, Իրանը, ինչպես նաև Եվրասիական միությունում Հայաստանի դաշնակիցներ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը:

XS
SM
MD
LG