Մատչելիության հղումներ

Բրյուսելը, մինչդեռ, կողմ է Թուրքիայի հետ երկխոսությունը շարունակելուն, սակայն, պայմանով, որ Անկարան «չանցնի կարմիր գիծը»:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնում է հանրաքվեի դնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը: «Անադալու» գործակալության հաղորդմամբ, նախօրեին անդրադառնալով անդամակցության գործընթացի շուրջ վերջին զարգացումներին, Էրդողանը Եվրամիությանը վերջնաժամկետ է ներկայացրել:

«Ուշացել եք, անմիջապես որոշում ընդունեք: Որպես նախագահ, հայտարարում եմ, որ կհամբերենք մինչև տարեվերջ, այնուհետև կդիմենք ժողովրդին»,- ասել է Էրդողանը` հիշեցնելով, որ Մեծ Բրիտանիան ևս հանրաքվե անցկացրեց և դուրս եկավ Եվրոպական միությունից: Թուրքիայի ղեկավարի խոսքով, հիմա իրենց հերթն է, և եթե ԵՄ-ն չփոխի իր վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ, ապա իրենք կարող են դադարեցնել բանակցային գործընթացը:

Եվրամիությունը, մինչդեռ, պատրաստակամ է՝ շարունակել երկխոսությունը Թուրքիայի հետ: Նախօրեին Բրյուսելում կայացած՝ ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների նիստի ժամանակ բոլոր երկրների ներկայացուցիչները, բացառությամբ Ավստրիայի, կողմ են արտահայտվել Թուրքիայի անդամակցության բանակցությունները շարունակելուն: Այդ մոտեցումն այսօր հաստատել է նաև պաշտոնական այցով Անկարայում գտնվող՝ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:

Եվրամիության արտգործնախարարների համոզմամբ` գործընթացի կասեցումն ավելի կբարդացնի առանց այդ էլ առկա լարվածությունը: Միևնույն ժամանակ, Եվրամիության անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ընդգծել է` Թուրքիայում մահապատժի հնարավոր վերականգնումը «կարմիր գիծ է» ԵՄ-ի համար:

Էրդողանի վարչակարգը, սակայն, կարծես չի պատրաստվում այդ հարցում տեղի տալ և մտադիր է առաջիկայում խորհրդարանի օրակարգ բերել մահապատժի վերականգնման հարցը: Թուրքիայի նախագահը նախօրեին հայտարարել է, որ եթե խորհրդարանը նման որոշում կայացնի, ինքը պատրաստ է հաստատել այն: Ըստ թուրքական մամուլի, այս հեռանկարն իրատեսական է, հաշվի առնելով, որ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը ևս կողմ է խորհրդարանում այդ հարցի քննարկմանը:

Թուրքիայի և Եվրամիության հարաբերություններում ճգնաժամն առավել խորացավ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած իրադարձությունների ֆոնին: Տասնյակ հազարավոր մարդկանց ազատազրկումը, ընդդիմադիր լրատվամիջոցների փակումն ու պատգամավորների, լրագրողների ձերբակալությունները հարցականի տակ դրեցին Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ապագան: Պաշտոնական Բրյուսելը Թուրքիային շարունակ կոչ է անում հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, հավատարիմ մնալ ժողովրդավարական արժեքներին: Անկարան էլ, իր հերթին, ԵՄ-ին մեղադրում է Թուրքիային սպառնացող ահաբեկիչներին ապաստան տալու և աջակցելու մեջ:

Վերլուծաբանների համոզմամբ, փոխադարձ կշտամբանքներն ու անվստահության մթնոլորտը սպառնում է վիժեցնել տասնամյակների պատմություն ունեցող, Թուրքիայի՝ եվրոպական ընտանիքին անդամակցելու գործընթացը: Ավելին, թուրքական մամուլում արդեն գրում են, այսպես կոչված, “Trexit”-ի հավանականության մասին: Ակնկալվում է, որ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը Թուրքիայի անդամակցության հարցի վերաբերյալ հստակ որոշում կկայացնի առաջիկա դեկտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG