Մատչելիության հղումներ

Հրաժեշտի ուղևորություն՝ Եվրոպա


Բարաք Օբաման Աթենք մեկնելուց առաջ, 14-ը նոյեմբերի, 2016 թ․

Բարաք Օբաման Աթենք մեկնելուց առաջ, 14-ը նոյեմբերի, 2016 թ․

Օբամայի շրջագայության նպատակն է ցրել Եվրոպայի առաջնորդների որոշ մտահագություները՝ կապված Դոնալդ Թրամփի՝ նախընտրական շրջանում հնչեցրած հայտարարությունների հետ:

Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Բարաք Օբաման վերջին անգամ ուղևորվել է Եվրոպա: Այսօր նա ժամանել է Հունաստան, երեկոյան հանդիպելու է Հունաստանի վարչապետի հետ, վաղը ելույթ է ունենալու «ժողովրդավարություն և գլոբալիզմ» թեմայով: Հունաստանից նա մեկնելու է Գերմանիա, որտեղ հանդիում է ունենալու Գերմանիայի կանցլերի հետ: Գերմանիայում նախատեսված են նաև նրա հանդիպումները Ֆրանսիայի նախագահի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի վարչապետների հետ, որոնք նույպես ժամանելու են Բեռլին:

Օբամայի այս շրջագայության նպատակն է՝ ցրել Եվրոպայի առաջնորդների որոշ մտահագությունները, կապված Դոնալդ Թրամփի՝ նախընտրական շրջանում հնչեցրած հայտարարությունների հետ: Մինչ Եվրոպա մեկնելը, նոյեմբերի 14-ին Վաշինգտոնում, Օբաման պատասխանել է լրագրողների հարցերին, մասնավորապես, անդրադառնալով ՆԱՏՕ-ԱՄՆ հարաբերություններին:

Օբաման ասել է, որ Սպիտակ տանը Թրամփի հետ ունեցած «ազատ, անկաշկանդ զրույցում» ընտրյալ նախագահն «ուժեղ աջակցություն» է հայտնել ՆԱՏՕ-ին, չնայած նախընտրական շրջանի իր հայտարարություններին: Օբաման ասել է՝ վճռականության որևէ թուլացում չի կարող լինել, երբ խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգների ուժեղ և հուսալի հավատարմությանը՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփն ասել էր, թե Միացյալ Նահանգները, հնարավոր է, չպաշտպանի դաշինքի անդամներին, եթե նրանք չավելացնեն իրենց հատկացումները կազմակերպությանը: Օբաման լրագրողներին ասել է, թե իրենց զրույցում Թրամփը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել՝ ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության առանցքային ուղղությունների, այդ թվում՝ «ուժեղ և հուսալի ՆԱՏՕ-ի հետ» համագործակցության պաշտպանության առումով:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բրիտանական The Observer թերթի հետ զրույցում օրերս խորը մտահոգություն էր հայտնել ՆԱՏՕ-ի հանդեպ Դոլադ Թրամփի հայացքների առնչությամբ, մասնավորապես, նշելով՝ «Վերջին տասնամյակների ընթացում բախվում ենք մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքին»: Ստոլտենբերգը նաև ասել էր, թե հիմա Եվրոպայի և Միացյալ Նահանգների գործընկերությունը հարցականի տակ դնելու ժամանակը չէ:

Օբամային հարց է ուղղվել նաև Իրանի հետ ձեռք բերված միջուկային համաձայնագիրը չեղարկելու շուրջ Թրամփի նախընտրական խոստման մասին: ԱՄՆ-ի գործող նախագահն ասել է, թե դա հաջողված համաձայնություն էր, որը նվազեցնում է միջուկային զենք ստեղծելու՝ Թեհրանի հնարավորությունները:

«Նյու Յորք Թայմս»-ը տեղեկացնում է, որ երկուշաբթի օրը ազգային անվտանգության հարցերով 76 փորձագետներ դիմել են Թրամփին՝ հորդորելով փոխել իր թշնամական վերաբերմունքը Իրանի հետ ձեռք բերված միջուկային համաձայնագրի նկատմամբ, ևայդ փաստաթուղթը որպես գործիք օգտագործել՝ նաև այլ լարվածությունները թուլացնելու համար:

Վերջում նշենք, որ Եվրոպայից Օբաման մեկնելու է Պերու՝ մասնակցելու Ասիա-Խաղաղ օվկիանոսյան երկրների տնտեսական համագործակցության գագաթնաժողովին: Նա Վաշինգտոն է վերադառնալու նոյեմբերի 19-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG