Մատչելիության հղումներ

logo-print

Սեյրան Սարոյան․ «Բանակից ով ինչ գողցավ, քթերից դուրս ա գալու»


Սեյրան Սարոյան, 15-ը նոյեմբերի, 2016 թ․

Սեյրան Սարոյան, 15-ը նոյեմբերի, 2016 թ․

Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծի շուրջ այսօր խորհրդարանում կարծիք հայտնեցին անգամ ամբիոնից հազվադեպ ելույթ ունեցող պատգամավորները։

Ամենատպավորիչը, թերևս, գեներալ Սեյրան Սարոյանի ելույթն էր։ Հանրապետական պատգամավորը, որն ամբիոնին վերջին անգամ մոտեցել էր մոտ երկու տարի առաջ, ընդդիմադիրներին հորդորեց կողմ քվեարկել քաղաքացիներից ամսական 1000 դրամ պարտադիր կարգով գանձելու՝ իշխանությունների նախաձեռնությանն ու չքննադատել նախագիծը ներկայացնող՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին։

«Էրեկվանից կերան էս նախարարին, իմ արև: Ուրեմս էդ նույն հարցը հարյուր ձևի տվեցին: Մեկ հետևից են գալիս, մեկ առաջից: Հիմա դե արի, նախարար, կրուտիտ էղի, որ էդ նույն հարցին պատասխանես: Իմ արև, արդեն հավեսս փախավ․․․»,- ասաց գեներալը՝ զվարճացնելով ներկաներին:

«Գյուղ չկա, որ շուն չլինի», հանրապետական պատգամավորն այսպես հակադարձեց ընդդիմադիրների այն հայտարարություններին, թե բանակում թալանչի գեներալներ կան։ Նախկին զինվորականը, սակայն, վստահեցրեց, որ բանակից գողացողներն անպատիժ չեն մնում՝ «Հիշեցինք, թե ով ոնց տները սարքեց, ով ինչ գողցավ, ով տուշոնկա գողցավ․․․բանակից ով ինչ գողցավ կերավ, մեկ ա՝ քթերից դուրս ա գալու, իրանց քթերից էլ չէ, իրանց էրեխեքի քթերից ա դուրս գալու:

Հլա ես չեմ տեսել, որ զինվորի հաց գողցողները հանկարծ կրակի մեջ չընկնեն: Կամ իրանց էրեխեքը նարկաման են դառնում, կամ ղումարբազ, կամ էդ փողերը կազինոներում քամուն են տալիս․․․ընենց որ՝ էտի թողեք Աստծո հույսին: Ավելի լավ ա Աստված պատժի, քանց թե դատախազը»: Գեներալի խոսքն անգամ ծափահարությունների արժանացավ, իսկ հաջորդած ելույթներն Աժ փոխնախագահը բնորոշեց, որպես «ֆուտբոլ՝ Պելեից հետո»։

Չնայած Սարոյանի հորդորին, ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանն իր ելույթում կրկին հիշատակեց «թալանչի գեներալներին»՝ իշխանություններին առաջարկելով քաղաքացիներից 1000 դրամ գանձելու փոխարեն, հիմնադրամը լցնել բանակից գողացված այդ գումարներով։ «Սեյրան ջան, ախր դու զինվորական մարդ, կուլտուրական մարդ, գեներալ մարդ, կռված մարդ, ես ու Լյովը կարող ա, ջհանդամ, չիմանանք բանակում ինչ ա կատարվում, դու չգիտե՞ս ովքեր են գողացողները: Եթե գիտես, Աստված պիտի պատժի՞ էդ գողացողներին: Տրետերը կարա էդպես ասի, բախտ բացողը, բայց երկիրը պետք է տեր կանգնի իր արդարությանը»,- դիմելով Սարոյանին, ասաց Արամ Մանուկյանը:

Միլիոնատեր գեներալների թեման շարունակեց նաև Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, թե չի հավատում, որ այդ գումարները ձեռք են բերվել օրինական ճանապարհով։ «Ուսումնասիրում ես իրենց հայտարարագրերը, որևէ տեղ միլիոնավոր դոլարների աղբյուրներ նշված չեն: Բոլորը կամ տոկոսով փող են տալիս, կամ փոխառություն են ստացել, կամ իրենց մամաներից, պապաներից նվիրատվություն ա: Մամաների կենսագրությունն ես ուսումնասիրում, պապաներինն էլ հետը, որևէ մեկը միլիարդատեր չէ»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կողմ է քվեարկելու նախագծին, միևնույն ժամանակ, ասաց՝ սա յուրօրինակ տուգանք է բոլորի համար՝ «Պետք է, այո, սա վճարենք, որպես տուգանք, որ չենք կարողացել 25 տարվա ընացքում ունենալ այնպիսի իշխանություն, որ 2016 թվականի մեր բյուջեն ոչ թե 3 միլիարդ [դոլար] լինի, այլ 15, 20, 30 միլիարդ: Բա իսկապես, մեր պետությունն գործառույթը ի՞նչ եղավ, չմոռանանք, որ տիկին Ռիտա Սարգսյանն էլ ասում ա՝ դե մարդա 100 դրամ տվեք, որ մանկական առողջապահության հարցերը լուծենք: 1000 դրամ այստեղ, 100 դրամ այնտեղ․․․»:

Հակադարձելով ընդդիմադիրներին, 1000 դրամի գանձման շուրջ բարձրացված աղմուկն անհասկանալի ու ցավոտ համարեց ԱԺ ամբիոնից գրեթե ելույթ չունեցող, հանրապետական Շուշան Պետրոսյանը։ «Թյուր կարծիք ունեի, թե տիրապետում եմ բեմի վարպետության բոլոր հնարքներին: Սխալվել եմ․․․», մասնավորապես, ասաց, նա:

Ընդդիմությունը դեմ չէ օգնել զինվորին, խնդիրը բանակում տիրող կոռուպիցան է, հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը, հավելելով՝ ԲՀԿ-ն նույնպես կողմ է քվեարկելու նախագծին։ Աղմկահարույց այս նախագծի վերաբերյալ այսօր ելութ ունենալու համար հերթագրվել էր ավելի քան 4 տասնյակ պատգամավոր, ինչն աննախադեպ է: Քննարկումները կշարունակվեն նաև վաղը։

Հիշեցնենք, ծառայության ընթացքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի վճարվող հարկերից բացի իր աշխատավարձից 1000 դրամ հատկացնի հատուկ ստեղծվելիք հիմնադրամին:

Կուտակված գումարների հաշվին, 2017 թվականի հունվարի 28-ից հետո ծագած միջադեպերի, տվյալ դեպքում՝ մահվան կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում, զինծառայողների ընտանիքները կստանան միանվագ 10 միլիոն, իսկ 2-րդ կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում՝ 5 միլիոն դրամ: Բացի այդ, կհատկացվեն նաև ամսական վճարներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG