Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ի անդամին նաև սպանության մեղադրանք առաջադրվեց


ՊՊԾ գնդի տարածքը՝ գրավված «Սասնա ծռեր» խմբի կողմից, արխիվ
ՊՊԾ գնդի տարածքը՝ գրավված «Սասնա ծռեր» խմբի կողմից, արխիվ

Ինչ վերաբերում է Սարի թաղի բախումների և ՊՊԾ գնդի տարածքի գրավման քրգործերի միավորմանը, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանի կարծիքով, այդ որոշմամբ պարզապես խստացնում են քաղաքական գործիչների մեղադրանքը:

Հուլիսի 17-ին Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել գնդի գրավման օրերին ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության համար։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Գլխավոր դատախազությունից: Նշված ժամանակահատվածում, բացի Յուրի Տեփանոսյանից, մահացել էր նաև փոխգնդապետ Արթուր Վանոյանը, իսկ հրազենային վերքեր ստացած ոստիկան Գագիկ Մկրտչյանը մահացել էր հիվանդանոցում:

«Սասնա ծռեր»-ի անդամ Սմբատ Բարսեղյանը մինչ այժմ մեղադրվում էր պատանդ վերցնելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, իրացնելու, ինչպես նաև զենք, ռազմամթերք հափշտակեու կամ շորթելու մեջ։ Այժմ այդ ամենին միացաբ նաև սպանության մեղադրանքը: Բարսեղյանի փաստաբան Հայկ Ալումյանն «Ազատությանն» ասաց, որ իր պաշտպանյալը մեղքը չի ընդունում։

Երեկ էլ հայտնի դարձավ, որ հուլիսի 29-ին Սարի թաղի զանգվածային անկարգությունների գործը միավորվել է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման քրգործի հետ։ Սարի թաղի զանգվածային անկարգությունների գործով մեղադրյալներն ու նրանց պաշտպաններն անհիմն են համարում գլխավոր դատախազության որոշումը, որով հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերով հարուցված գործը միավորվել է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման քրգործի հետ։

Ըստ գլխավոր դատախազության, անցած ամիսներին իրականացված նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռքբերվել, որ Երևանի Ազատության հրապարակից սկսված երթը նախապես ծրագրվել է Սարի թաղում զանգվածային անկարգություններ իրականացնելու համար։ Վերջնական նպատակը, ըստ իրավապահների, այդ օրերին Խորենացի փողոցի վրա տեղակայված ոստիկանական պատնեշը ճեղքելն ու անկարգության մասնակիցներին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք հասցնելն էր՝ դրանով իսկ օժանդակելով այն զավթած զինված խմբի գործողություններին։

Զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրվող՝ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը չի բացառում, որ միմյանց հետ կապ չունեցող երկու տարբեր քրեական գործերի միավորումը նպատակ ունի խստացնել այս գործում նրգրավված քաղաքական գործիչների մեղադրանքը՝ այն ծանրացնելով «Սասնա ծռեր»-ի անդամներին օժանդակելու մեղադրանքով:

Արմեն Մարտիրոսյանը, որը Սարի թաղի գործով մոտ 20 օր կալանքի տակ մնալուց հետո գրավով ազատ էր արձակվել, ոչ միայն հերքում է զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքը, այլև շեշտում է՝ որևէ ուղղորդում չի եղել, որ երթի մասնակիցները ՊՊԾ գնդի տարածք մտնեն: «Փառք Աստծո, մեր բախը բերել է էն առումով, որ տեսանկարահանումներ շատ են եղել, և հստակ երևում է, որ քաղաքացիները հանգիստ կանգնած են եղել: Դրա համար և՛ զանգվածային անկարգության փաստն եմ հերքում, և՛ որևէ ուղղորդման փաստն եմ հերքում: Մնացածն արդեն ժամանակը ցույց կտա»,- ասում է «Ժառանգության» փոխնախագահը:

Սարի թաղի բախումների գործով անցնող մեկ այլ մեղադրյալի՝ ընդդիմադիր «Ժառանգության» անդամ Հովսեփ Խուրշուդյանին դատախազության այս որոշումը չի զարմացրել: Ըստ նրա, պատրաստվում են ընտրություններին ընդառաջ իրական ընդդիմությանը կաշկանդել: «Ինչի՞ց են ենթադրել, որ մենք հեշտ ճնշվող ենք»,- հարց է տալիս Խուրշուդյանը: Վերջինս մեղադրվում է անկարգություններին մասնակցելու մեջ և, ըստ պաշտոնական վարկածի, նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 2 ոստիկանների ցուցմունքների հիման վրա՝ ոստիկանների ուղղությամբ քար նետելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG