Մատչելիության հղումներ

«Քարֆուրի» տարածքի կրճատման հիմքում բիզնես պլանի փոփոխությունն է


Սերժ Սարգսյանը «Քարֆուր»-ի բացմանը, Երևան, 11-ը մարտի, 2015թ.

Սերժ Սարգսյանը «Քարֆուր»-ի բացմանը, Երևան, 11-ը մարտի, 2015թ.

Վերջին շրջանում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ հայաստանյան «Քարֆուրը» հնարավոր է փակվի։ Արդեն տևական ժամանակ է՝ սուպերմարկետը շարունակաբար կրճատում է իր զբաղեցրած առևտրային տարածքը։ Այդ փոփոխությունն աննկատ չի մնացել նաև սպառողների համար։ Խանութի հաճախորդները նշում են, որ փակվել են որոշակի բաժիններ, պակասել է ապրանքների տեսականին։

Լուրերի հավաստիությունը ճշտելու համար «Ազատությունը» դիմեց ֆրանսիական սուպերմարկետային ցանցի երևանյան մասնաճյուղին։ Հարցազրույց տալ «Քարֆուր Հայաստանի» գլխավոր տնօրեն Վաչե Արսենը հրաժարվեց՝ միայն վստահեցնելով, որ «Քարֆուրը» Հայաստանից չի հեռանում, իսկ կրճատումների հիմքում բիզնես պլանի փոփոխությունն է։

Թե որքան տարածք է ազատել հիպերմարկետն ու ինչ է լինելու այժմ դրա հետ, ճշտեցինք «Երևան Մոլ» առևտրազվարճային համալիր, որտեղ գտնվում է հիպերմարկետը: ամալիրի մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը գրավոր տեղեկացրեց, որ «Քարֆուրն» ի սկզբանե զբաղեցրած 6600քմ-ից այլևս չի օգտագործում մոտ 3000-ը, ինչը ռազմավարական և նոր բիզնես պլանի արդյունքում կայացրած որոշումն է, ըստ որի վերջինս կատարել է կոնցեպտի փոփոխություն՝ հիպերմարկետից սուպերմարկետի կոնցեպտի անցման:

«Իսկ ազատված տարածքում այս պահին իրականացվում են շինարարական աշխատանքներ, այլ հնարավոր խանութների համար վարձակալության հանձնելու նպատակով», - նշված է գրավոր պատասխանում:

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը համոզված է՝ հիպերմարկետը չի դիմանում մյուս խոշորների հետ մրցակցությանը։ Նրա կարծիքով՝ «Քարֆուրն» ամբողջությամբ դեռ չի փակվի, բայց նրա ներկայությունն այնքան կհամեստանա մանրածախ առևտրում, որ կմոտենա 0-ի։

«Այն, ինչ կատարվեց «Քարֆուրի» հետ, դա մեր տնտեսական համակարգի ախտերի հետևանքն է: Այն մրցակցում է մանրածախ առևտրի այնպիսի ցանցերի հետ, որտեղ ստվերային շրջանառությունը հսկայական է, իսկ «Քարֆուրը» անգամ մեկ լուցկու հատիկ առանց հաշիվ ապրանքագրի չի գնի մատակարարաից», - ասում է տնտեսական մեկնաբանը:

Գևորգյանը վստահ է՝ ընկերության ապագան Հայաստանում մթագնեց դեռ այն ժամանակ, երբ փոխվեցին ֆրանսիական ցանցի համար նախատեսված նախնական պայմանները։

«Ինչպես ստացվեց, որ «Քարֆուրը» շատ այլ երկրներում շատ հաջողությամբ գործում է։ Այդ նույն մենեջմենթը, նույն մարկետինգը, ամեն ինչը արվում է այստեղ ու աստեղ չի ստացվում։ Դա նշանակում է, որ մեր հետ է խնդիրը», - ասում է նա:

«Քարֆուրի» հիմնական մրցակիցն, ըստ Գևորգյանի, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցն է․ - «Մեկ օրինակ վերցնենք․ շաքարի գինը, որով «Քարֆուրը» պետք է ձեռք բերի մեծածախ շուկայից, ճիշտ նույնն է, ինչ գնով դրված է «Երևան Սիթիում» մանրածախ գնով»։

Այս հարցերի առնչությամբ «Ազատությունը» փորձեց մեկնաբանություն ստանալ «Երևան Սիթիից»։ Սուպերմարկետների ցանցի ներկայացուցիչը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ հարցազրույց տալ չեն կարող:

Անհավասար մրցակցային պայմանների կամ արհեստական խոչընդոտների վերաբերյալ ՏՄՊՊՀ-ը որևէ դիմում-բողոք չի ստացել։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարը։ Գայանե Սահակյանի խոսքով՝ գործարարների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումների ժամանակ էլ դժգոհություններ չեն հնչել։

«Քարֆուրից» և ընդհանրապես այլ սուպերմարկետներից մենք ևս նման դիմում-բողոք չենք ստացել», - նշեց Սահակյանը:

Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանն էլ «Քարֆուրի» առևտրային տարածքի կրճատումը պայմանավորում է այլ հանգամանքներով։ Նախ՝ անհարմար տեղի ընտրությամբ, և երկրորդն էլ՝ ընդհանուր գնողունակության անկումով․ - «Ընդհանուր սպառումը ՀՀ-ում նվազել է, վերջին տվյալներով նվազել է 0.1 տոկոսի չափով է նվազել։ Մյուս սուպերմարկետներն, ըստ էության, «Քարֆուրի» համեմատ ավելի հաջողակ են գտնվել, բայց ինչո՞վ է դա պայմանավորված՝ չեմ կարող ասել»:

XS
SM
MD
LG