Մատչելիության հղումներ

Կմշակվի «Թատրոնի մասին» օրենքի նախագիծ


Արմեն Ամիրյանը «Ազատության» ստուդիայում:

Արմեն Ամիրյանը «Ազատության» ստուդիայում:

Հայաստանյան թատրոններում վերջին տարիներին նկատվում է մի երևույթ, երբ ներկայացումները առաջնախաղից ու մեկ-երկու անգամ ներկայացվելուց հետո տեղ չեն գտնում խաղացանկում:

«Ներկայացումը պետք է բեմադրել պետպատվերով և նա պետք է ունենա առնվազն երկու կամ երեք տարվա խաղացանկային կյանք: Եթե ոչ ավելի: Մենք պետք է դա ամրագրենք պատվերի պայմանագրում: Դա շատ կարևոր է, որովհետև ներկայացումը բեմադրել և երկրորդ, երրորդ օրվանից չխաղալ, դա նշանակում է պետական միջոցների վատնում, ինչը չի կարելի թույլ տալ: Մենք պետք է վճարենք այն ներկայացումների համար, որոնք մեր ժողովրդին, մեր հասարակությանը մեր պետության, մեր կառավարության և մեր նախնիների ասելիքն են կարողանում փոխանցել», - օրերս Սունդուկյանի անվան թատրոնում թատերական գործիչների հետ հանդիպմանն ասել էր Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նախարարն ասել էր, որ փորձելու են ձևավորել ներկայացումների բովանդակության հետ կապված որոշակի քաղաքականություն․ - «Թեպետ մենք չպետք է խառնվենք բովանդակությանը․ դա օրենքով է այդպես սահմանված, բայց մենք համագործակցաբար պետք է շարունակենք զբաղվել նախ ճիշտ ներկայացումներ բեմադրելով, երկրորդը՝ ճիշտ PR իրականացնելով, երրորդը՝ արվեստի կառավարման մասնագետներ ներգրավելով, որպեսզի մենք կարողանանք բավարար հանդիսատես բերել․․․ Նորից եմ կրկնում՝ ստեղծագործական մասին նախարարությունը չի խառնվում, բայց մենք ձևավորում ենք պատվերներ: Եվ պետք է խաղացանկերը թարմանան՝ դառնալով այսօրվա պահանջներին համապատասխան, անշուշտ իր մեջ ներառելով այն գաղափարային հաղորդագրությունները, որը պետությունը ուզում է փոխանցել ժողովրդին: Մենք պետք է բեմադրենք այնպիսի ներկայացումներ, որոնք կունենան հաջողություն ժողովրդի մոտ, ունենան ընդունելություն, ունենան լեցուն դահլիճներ, և տարիներ շարունակ ունենան այդ լեցուն դահլիճները»:

Նշենք, որ նախորդ նախարարների օրոք այդպես էլ չընդուվեց «Թատրոնի մասին» օրենքը, որը, ըստ թատերական գործիչների ճնշող մեծամասնության, պարզապես անհրաժեշտ է ոլորտում առկա հարցերը կարգավորելու համար: Օրինակ, երբ Վահե Շահվերդյանին հանեցին Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, նախարարությունը վերացրեց այդ հաստիքը թատրոնից, և երկար տարիներ թատրոնը կառավարվում էր տնօրենի և գեղարվեստական խորհրդի կողմից: Վերջապես երկու տարի առաջ գեղարվեստական ղեկավար նշանակվեց Արմեն Էլբակյանը: Նույնը տեղի ունեցավ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում, երբ Գեղամ Գրիգորյանի հեռանալուց հետո շուրջ յոթ տարի թատրոնը չուներ գեղարվեստական ղեկավար, և նախարարությունը պնդում էր, թե գեղարվերաստական ղեկավար ունենալու կարիքը չկա: Բայց պաշտոնը վերականգնվեց, երբ Գեղամ Գրիգորյանը վերադարձավ:

Արմեն Ամիրյանն ասաց, որ «Թատրոնի մասին» օրենքի վերաբերյալ թատերական գործիչները նոր առաջարկներ են ներկայացնել․ - «Մինչև այսօր ինչ որ ստացել ենք, դա մի քիչ ծիծաղելի է: Մենք որոշեցին պարոն Պողոսյանի հետ միասին, նաև Թատերական գործիչների միության նախագահ պարոն Ղազանչյանի հետ միասին, որպեսզի ստեղծենք մի փոքր աշխատանքային խումբ, օրենքի նախագիծ մշակենք և նախագիծն առաքենք՝ տեսնելու համար, թե էլ ինչ արձագանքներ կարող ենք ստանալ: Եթե մենք կարողանանք ձեր նշած փոխհարաբերությունները կարգավորել և մնացյալ այլ խնդիրները, որոնք ասում են թատերական գործիչները, կարգավորել այլ օրենքներով, հրամաններով, որոշումներով, ես կարծում եմ, «Թատրոնի մասին» օրենքը թերևս այդքան էլ կարևոր չի լինի»:

XS
SM
MD
LG