Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաքացիական ակտիվիստը պայքարելու է «մինչև վերջին ատյանը»


Ոստիկանները բերման են ենթարկում ցույցի մասնակիցներին: Երևան, Խորենացի փողոց, 29-ը հուլիսի, 2016 թ․

Ոստիկանները բերման են ենթարկում ցույցի մասնակիցներին: Երևան, Խորենացի փողոց, 29-ը հուլիսի, 2016 թ․

Բողոքի ակցիաների ակտիվ մասնակից, 27-ամյա ճարտարապետ Դվին Իսանյանը պնդում է, որ ոստիկանների կողմից ծեծի է ենթարկում, սակայն դատարանն իրեն է պարտավորեցնում տուգանք վճարել։

Երկու օր առաջ ակտիվիստը դատարանից ստացել է հերթական դատական ծանուցումը՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար պարտավոր է վճարել 50 հազար դրամ տուգանք։ Ակտիվիստը, սակայն, հրաժարվում է՝ նախընտրելով այդ գումարը փաստաբաններին տալ ու մինչև վերջին ատյանը պայքարել, ընդհուպ մինչև Եվրոպական դատարան։

«Աշխատանքի հետ կապված կարող ա խնդիրներ լինի, բայց կվճարեմ վերջին հնարավոր տարբերակով», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Իսանյանը պնդում է, որ Բաղրամյան պողոտայում, Խորենացիում մեկ անգամ չէ, որ իրեն բերման են ենթարկել, նաև ծեծել: Ոստիկանների դեմ քրեական գործ հարուցվել է, սակայն նրանց մեղքն ապացուցել այդպես էլ հնարավոր չի եղել:

«Դատաբժշկական փորձաքննություն ամիսներ անց են կատարում, երբ կապտուկներն արդեն չեն երևում», - պնդեց նա: - «Ծեծել էին, ուշագնաց էի եղել, էլեկտրաշոկ էին օգտագործել, հայհոյանքներ: Եթե մտնում ես ոստիկանությունը նորմալ դեմքով, դուրս ես գալիս ծռծռմած ու ինչ-որ կապտուկներով, դա ենթադրում է, որ ոստիկանությունում, կամ մեքենայի մեջ քեզ ծեծել են, դու եղել ես ոստիկանների ձեռքում: Բայց դա իրենց համար փաստ չէր»:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարբերաբար հայտարարում է համակարգի բարեփոխումների մասին, սակայն, ակտիվիստի կարծիքով, տարիների ընթացքում միայն ծեծելու մեթոդներն են փոխվում:

Նա պնդեց, թե Խորենացիի վերջին ցույցերի ժամանակ ոստիկաններն անգամ իր հեռախոսն են վերցրել ու այդպես էլ չեն վերադարձրել․ - «Եթե ոստիկանը գողանում ա հեռախոս, էլ ո՞ւմ պիտի դիմես․․․ Իսկ ծեծուջարդ մասին, դե միշտ եղել ա, ինչ-որ դեպքերի համար, երևի ըստ հրամանի, ավելի դաժան են եղել: Ոստիկանությունը էն որ չի բարելավվել ոչ մի բանը սուտ կլինի․ ծեծելուց իրանց մեթոդները բարելավվել են, նենց են ծեծում, որ հիմնականում կամերաները չեն ֆիքսում»:

Ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Ազատության» հետ զրույցում ակտիվիստին խորհուրդ տվեց դատական մարմիններին դիմել, իսկ երբ տեղեկացրինք, որ դիմել է ու նաև դատարանների դեմ է բողոքում ասաց, թե որևէ մեկը չի կարող Հայաստանի Հանրապետությունում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը դնել հարցականի տակ։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, մինչդեռ, ասում է, որ դատարանը, ոստիկանությունը, ազգային անվտանգությունը և քննչական ծառայությունը նույն կաթսայի մեջ են ու իշխանության հենարանն են, և շատ դեպքերում պարզապես հնարավոր չէ արդարության հասնել․ - «Հայաստանում դատաիրավական համակարգը չունի տարրական ինքնուրույնություն: Էլ չեմ ասում դատարանների անկախություն: Դրանց լրիվ կախված են Հանրապետության նախագահից: Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Ոստիկանությունն էլ, Ազգային անվտագնությունն էլ նույնիսկ նախարարություն չեն, այլ ուղղակի ենթարկվում են Հանրապետության նախագահին, որպես ծառայություն, նրանց պետերին և տեղակալներին նշանակում է նախագահը, սրանք, լինելով իշխանության հենարան, գործում են ոչ թե օրենքներով, այլ գործում են հրահանգով: Իմ աչքի առաջ է եղել․ բռնի ուժ են կիրառել, որ կարելի է համարել նաև բռնություններ խաղաղ ցուցարարների նկատմամբ, և, որպես կանոն, մինչև հիմա որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել»:

Դվին Իսանյանը արդարության հասնելու հիմնական ճանապարհը հենց փողոցային պայքարն է համարում։ Նա 2013-ին՝ հասարակական տրանսպորտի թանկացման դեմ ակցիայի ժամանակ է առաջին անգամ փողոց դուրս եկել, ապա միացել է նաև բողոքի այլ ակցիաների․ - «Էն պահից ինչ-որ մտել եմ, մինչև ես պահը, որ գնահատում եմ, մարդկանց մեջ հենց պայքարելու հանդեպ վերաբերմունքն ա փոխվել։ Սկզբում, նույն 100 դրամի ակցիաների ժամանակ, շատերն ասում էին՝ մեկ ա, ոչ մի բան չի ստացվի: Բայց փաստվեց, որ ստացվում ա: Մաշտոցի պուրակի պաշտպանության ժամանակ ես ինքս չեմ մասնակցել, էդ ժամանակ վախենում էի ոստիկանություն ընկնել․․․ Բայց հետո հասկացա, որ վախենալով ավելի մեծ հնարավորություն ես տալիս իրանց ոնց որ կան, էդպես մնան ու մեծացնեն իրենց բազան։ Կոտրեցի իմ մեջ ու անցա գործի»:

XS
SM
MD
LG