Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմադիրները «ցինիզմ» և «մուրացկանություն» են որակում քաղաքացիներից 1000 դրամ պահելու նախաձեռնությունը


Ընդդիմադիր պատգամավորներն այսօր «ցինիզմ» և «մուրացկանություն» որակեցին քաղաքացիներից ամսական 1000 դրամ պահելու իշխանությունների նախաձեռնությունը:

Նշենք, որ խորհրդարանն այսօր սկսեց քննել պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը, համաձայն որի, յուրաքանչյուր աշխատող քաղաքացի վճարվող հարկերից բացի այսուհետև պետք է նաև իր աշխատավարձից 1000 դրամ հատկացնի հատուկ ստեղծված հիմնադրամին: Կուտակված գումարներից, 2017 թվականի հունվարի 28-ից հետո ծագած միջադեպերի, տվյալ դեպքում մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում, զինծառայողների ընտանիքները կստանան միանվագ 10 միլիոն, իսկ 2-րդ կարգի հաշմանդամ դարձածները՝ 5 միլիոն դրամ: Բացի այդ զինծառայողները կստանան ամսական վճարներ։

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մինչդեռ իշխանության այս քայլը որակեց մուրացկանություն, իսկ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ցինիզմ:

«Հանրությունը չի կիսում այդ կարծիքը, որ պետք է ավելացնել 1000 դրամով հարկային բեռը։ Հերիք է զբաղվել մուրացկանությամբ, այն էլ 1000 դրամ մուրալ մեր ժողովրդից», - ասաց Փոստանջյանը։

Զուրաբյանն էլ հավելեց. - «Ստացվում է, որ մենք ուղղակի փորձում ենք խաղալ ժողովրդի զգացմունքների վրա և լրացուցիչ հարկատեսակներ սահմանել այդ քողածածկույթի ներքո։ Դա շատ ցինիկ և վտանգավոր մոտեցում է»։

Մինչդեռ խորհրդարանում այսօր, ներկայացնելով օրենքի նախագիծը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպել բոլոր շահագրգիռ կողմերին և քննարկել օրինագծի հետ կապված մտահոգող հարցերը:

«Ես ասեմ, որ ինձ համար չափազանց տրամաբանական են հնչել այս օրերին հնչող կարծիքները, որ այն ընտանիքներն, ովքեր ունեն այսօր ժամկետային զինծառայողներ Զինված ուժերում, երևի թե, պետք է չվճարեն այս գումարը։ Ես անձամբ հետամուտ եմ լինելու այս ուղղումը մտցնելու նախագծի մեջ, որովհետև շատ տրամաբանական և շատ ճիշտ առաջարկ է։ Ես լսել եմ և ինքս էլ կարծում եմ, որ այն ընտանիքները, որոնք ունեն ընտանիքում հաշմանդամ, կամ զոհված, նրանք պետք է ակնհայտորեն ազատվեն այս պարտադիր վճարից, որովհետև դա և' հասկանալի է, և՛ բարոյական, և՛ տրամաբանական, և մենք բաց են նման բոլոր քննարկումների համար», - ասաց Սարգսյանը։

Նախարարը ընդգծեց, թե չէր ցանկանա, որ այս օրենքի նախագիծը մարդկանց տարբեր ճամբարների բաժաներ, միմյանց պիտակավորելու առիթ դառնար: Վիգեն Սարգսյանը նաև վստահեցրեց, թե ինքն այս ամենում որևէ շահադիտական նկատառում չունի։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ բյուջեի հաշվին չի արվում այս քայլը, պաշտպանության նախարարն ընդգծեց, թե դա կդիտվեր պոպուլիստական քայլ՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Եվ բացի այդ, ըստ նախարարի, բյուջեն նման ծախսեր անելու հնարավորություն չունի:

Ինչ վերաբերում է թերևս վերջին շրջանում ամենաշատը քննարկված հարցին, որ ոչ թե ժողովրդի վրա լրացուցիչ բեռ դնելու միջոցով պետք է օգնել զինծառայողներին, այլ՝ պետությունից գողացված գումարները ետ բերելու ճանապարհով, Վիգեն Սարգսյանը ընդգծեց՝ «եթե գողություն կատարած անձինք կան, նրանք պետք է պատժվեն»:

«Ես գիտեմ բոլոր այն կարծիքները, որ այն բոլոր գումարները, որոնք, ոմանց կարծիքով, թալանված, ոմանց կարծիքով, ոչ արդյունավետ օգտագործված, ոմանց կարծիքով էլ, իրենց պատկերացմամբ հնարավորինս արդյունավետ օգտավործված, պետք է հետ բերել, և դա կարող է ստեղծել մի հսկայական դաշտ հետագա աշխատանքի համար», - ասաց նախարարը՝ շարունակելով. - «Ուզում եմ շատ ազնիվ և բաց ձեզ ասել, որ միայն ուրախ և կողմ կլինեմ, եթե Ազգային ժողովի պատգամավորներից յուրաքանչյուրը, ինչպես նաև պետական կառավարման համակարգում դրա համար ավելի ուղիղ պատասխանատվություն ունեցող համապատասխան մարմինները հետամուտ լինեն և անուն-անուն թվարկեն բոլոր նրանց, ովքեր փորձել են հատկապես պաշտպանական բյուջեի հաշվին կառուցել իրենց ընտանիքների կամ օջախների ենթադրյալ երջանկությունը։ Խորապես վստահ եմ, որ դա ուղղակի անհնար է՝ և ոչ միայն իրավական, այլև բարոյական և բազմաթիվ այլ պատճառներով։ Բայց, եթե այդպիսիք կան, նրանք իհարկե պետք է պատժվեն, և այդպիսի գումարները, իհարկե, պետք է հետ վերադարձվեն, բայց դրանք պետք է վերադարձվեն, ոչ թե կոնկրետ մի ծրագրի տակ, այլ պետք է վերադարձվեն ինչպես կարգն է, պետական բյուջե, կատարվի պետական բյուջեի նոր պլանավորում, Ազգային ժողովը հաստատի այդ բյուջեն և մենք գնանք առաջ»։

Շարունակելով փոշիացված գումարների թեման՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախարարին հարցրեց, թե ուր են գնացել նմանատիպ մեկ այլ՝ «Մարտիկ» հիմնադրամի գումարները, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պատգամավորների գերակշիռ մասի աշխատավարձերից 1 տոկոսի չափով գանձվող գումարները: Պարզվեց՝ Վիգեն Սարգսյանը տեղյակ չէ:

«Հույս ունեմ, որ Դուք բարեկրթությունից ելնելով ասացիք, որ չեք հավատում, որ բանակի հաշվին հարստացած պաշտոնյաներ կան: Անկեղծ ասած, ես բացարձակ հակառակ կարծիքին եմ: Այդպիսի պաշտոնյաներ միանշանակ կան, և չե՞ք կարծում, որ նրանք, երբ պաշտոնանկ եղան՝ տարբեր պաշտոնյաներ մատակարարման ոլորտում, գնումների ոլորտում, պաշտոնանկ չեղան նրա համար, որ լավ էին աշխատել, պաշտոնանկ եղան, որ թալանի մասնակից էին: Հիմա չե՞ք կարծում, որ այդ մարդիկ պիտի պատասխանատվության ենթարկվեն, ոչ միայն աշխատանքից ազատվեն: Եվ, ի դեպ, Լեհաստան որ հասավ զինվորի «պայոկը» «չի վաճառվում», դրա հետքերը ո՞ւր տարան, ինչ-որ բան պարզվե՞ց, թե՞ քննությունը դեռ շարունակվում է», - հարցրեց Նաիրա Զոհրաբյանը:

«Ճիշտն ասած, չգիտեմ, թե ուր են գնացել «Մարտիկ» հիմնադրամի փողերը: Կարող եմ հետաքրքրվել: «Պայոկները»՝ կճշտեմ, բայց լսեմ եմ վարկած, որ դա խանութ է, որը կենտրոնացել է տարբեր երկրների ռազմական նմուշների վաճառքի վրա՝ կոլեկցիոներների համար, և ինչ-որ մեկը իր «պայոկը» մեկ կամ երկու օրինակից հասցրել է այնտեղ՝ վաճառքի», - պատասխանեց նախարարը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ընդգծեց՝ այս օրինագծով խտրականություն է դրվում իրենց կյանքը մինչև 2017 թվականը հայրենիքի համար զոհած զինծառայողների և 2017-ից հետո միջադեպերի զոհ դարձածների միջև:

«Ի՞նչ է, ստացվում է, որ նա հերոս է, որը կստանա անհրաժեշտ փոխհատուցումը, իսկ այն մյուսը հերոս չէ՞: Կամ հերոս է՝ որին մենք մի քիչ այլ կե՞րպ ենք նայում», - հարցրեց Զուրաբյանը:

«Դուք շատ ցավոտ տեղի եք խփում: Կուզեի՞ ես արդյոք, որ մենք այսօր լուծեինք բոլորի խնդիրները: Իհարկե կուզեի, բայց ես չեմ կարծում, որ պետք է իդեալականի համար պայքարելով՝ կորցնել հնարավորությունը անել կարևոր մի քայլ՝ միտված ապագային», - արձագանքեց Վիգեն Սարգսյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նաև հետաքրքրվեց, թե քաղաքացիների վրա պարտադիր 1000 դրամ վճար դնելով՝ որքա՞ն գումար են նախատեսում հավաքել: Ընդդիմադիր պատգամավորի հաշվարկներով՝ խոսքը 15 միլիոն դոլարի մասին է:

«Դուք ճիշտ եք, խոսքը վերաբերում է տարեկան մոտավորապես 4,5-5 միլիարդ դրամ հավաքվելիք պարտադիր վճարների», - պատասխանեց նախարարը:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հետաքրքրվեց՝ քննարկվե՞լ է, օրինակ, տարբերակ, որպեսզի Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնը, որի կառուցման վրա պետական բյուջեից ծախսվել են տասնյակ միլիոնավոր դոլարներ, վաճառվի և այդ գումարը ներդրվի հիմնադրամում: Բացի այդ, հնարավոր չէ՞ այդ հիմնադրամ ուղղել կարմիր գծերից և արագաչափերից գոյացած գումարները:

«Միգուցե կարելի է, եթե այդ ուսումնական կենտրոնը վաճառվի, դրա փողը բերել-դնել որպես դրամագլուխ, երկու տարի չհավաքել այդ 1000 դրամները, բայց դա առանձին մի քաղաքականություն է, որը շատ հեռավոր՝ մինչև վաճառվի, մինչև մենք հավաքվենք, որոշենք․․․ իսկ ինչ վերաբերում է արագաչափերին, եթե Դուք, որպես պատգամավոր, նախաձեռնեք բյուջետային որևէ հոդվածից վերաբաշխում կատարել հօգուտ պաշտպանության բյուջե, պարզ չէ՞, որ դա իմ սուրբ պարտքն է կանգնել Ձեր կողքին և պայքարել դրա համար», - պատասխանեց Վիգեն Սարգսյանը:

Այս օրինագիծը չի վերաբերվելու այն զինծառայողներին, ովքեր սպանվել են ծառայակիցների կողմից: ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանը սա աններելի համարեց՝ ընդգծելով, որ բանակ ուղարկող զինվորի ծնողի համար էական չէ, թե իր երեխան ում կողմից է սպանվել: - «Հետևաբար, արդարության տեսակետից կարծում եմ այստեղ սահմանազատում անցկացնելը ճիշտ չէ, ավելին՝ եթե ոչ ամեն շաբաթ, գոնե ամեն ամիս մենք այդպիսի դեպքերի ականատես ենք լինում», - նշեց պատգամավորը:

Հավելենք, որ Պաշտպանության նախարարն այսօր անդրադարձավ նաև վերջին օրերին սոցիալական ցանցերում իրեն ուղղված քննադատությանը, նաև իր լուսանկարը 1000 դրամի վրա պատկերելու նախաձեռնությանը․ - «Ես բացարձակ դեմ չեմ, երբ կպնում են իմ անձին, ես դեմ չեմ, երբ որևէ մեկը որոշում է, որ կարելի է և պետք է պաշտպանության նախարարի դիմանկարը պատկերել 1000 դրամանոց դրամանիշի վրա, դա ամեն մեկի ճաշակի հարցն է, և երբ դա անում է մարդ, որը ինքը դասալիք է, դա ինձ մոտ առնվազն ծիծաղ է առաջացնում»:

XS
SM
MD
LG