Մատչելիության հղումներ

Ցույց ԱԺ-ի դիմաց՝ պարտադիր վճարները 1000 դրամով ավելացնելու նախագծի դեմ


Ազգային ժողովի դիմաց այսօր հավաքվել էին «1000 ամոթ» նախաձեռնության տասնյակ անդամներ։ Նրանք պահանջում էին չեղարկել կառավարության նոր նախագիծը, որով առաջարկվում է պարտադրել քաղաքացիներին՝ վճարվող առկա հարկատեսակներից զատ, ամսական ևս 1000 դրամ վճարել մարտական հերթապահության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության ապահովման համար։

Նախաձեռնության անդամ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ իշխանությունները պետք է հակակոռուպցիոն գործունեությունն ակտիվացնեն, ստվերից դուրս բերեն այդ միջոցները, և դրա հաշվին անհրաժեշտ միջոցառումներն իրականացնեն։ «Բոլորը գիտեն, թե ով, որքան հարկ է վճարում, և ով, ինչքան չի վճարում, և ցանկության դեպքում իրենք ոչ թե պետք է մտնեին քաղաքացու գրապանը, այլ գնային և ստվերից այդ գումարը հետ բերեին», - ասաց Սաքունցը։

Հարցին՝ եթե այդ գումարները ծախսելու վստահության մեխանիզմներն ավելացվեն, կհամաձայնե՞ն նախագծի ընդունմանը, իրավապաշտպանը պատասխանեց. - «Ո՛չ, այս երևույթն արատավոր է, և չի կարելի ապօրինի միջոցներով լավ նպատակների համար գործողություն իրականացնել»։

Ցուցարարները հայտարարեցին, որ եթե իրենց պահանջները չբավարարվեն, քաղաքացիական անհնազանդության գործողություններ կսկսեն և թույլ չեն տա, որ օրինագիծն ընդունվի։

Նշենք, որ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական խորհրդարանական քառօրյա նիստը:

Նախատեսվում է, որ քառօրյայի ընթացքում այլ նախագծերի թվում խորհրդարանը կքննարկի և կընդունի զինծառայողների սոցիալական պաշտպանության մասին օրենքի նախագիծը։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG