Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը ընտրություններում իր պարտության համար մեղադրում է ՀԴԲ ղեկավարին


ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը իր պարտության համար մեղադրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմիին: Քլինթոնն այս մասին հայտարարել է ֆինանսական դոնորների հետ հեռախոսային կոնֆերանսի ժամանակ:

Էլեկտրոնային նամակագրության հարցով Քլինթոնի հասցեին մեղադրանքները ի հայտ եկան 2015 թվականի մարտին, երբ պարզվեց, որ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում՝ 2009-2013 թվականներին, Քլինթոնը ծառայողական նամակագրությունն իրականացրել է իր անձնական էլ.փոստից:

2016 թվականի հուլիսին Քոմին հայտարարեց, թե Քլինթոնը ծայրահեղ անփութություն է դրսևորել, սակայն հանցավոր մտադրություն չի եղել, այդ պատճառով նրա նկատմամբ քրեական հետապնդումը նպատակահարմար չէ, և դրանով հարցը, ընդհանուր առմամբ փակվեց, սակայն ընտրություններից ընդամենը 11 օր առաջ ՀԴԲ ղեկավարը հանդես եկավ նոր հայտարարությամբ, նշելով, թե Քլինթոնի մասնավոր սերվերի հետ կապված նոր նամակներ են ի հայտ եկել և անհրաժեշտություն է առաջացել վերաբացել հետաքննությունը։

Թեև ընտրություններից ընդամենը երկու օր առաջ Ջեյմս Քոմին հայտարարեց, որ ՀԴԲ-ն այս անգամ ևս հիմքեր չունի Քլինթոնի դեմ մեղադրանք ներկայացնելու, ֆինանսական դոնորների հետ կոնֆերանսում Քլինթոնը փաստել է, որ նախքան ՀԴԲ ղեկավարի հայտարարությունը ինքն առավելություն ուներ գրեթե բոլոր առանցքային նահանգներում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG