Մատչելիության հղումներ

Երկար սպասված հաղթանակ, երկրպագուներն ավելին են պահանջում


Դրվագ՝ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպումից, 11-ը նոյեմբերի, 2016 թ․

Դրվագ՝ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպումից, 11-ը նոյեմբերի, 2016 թ․

Երեկվա հաղթանակով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլում վաստակեց առաջին երեք միավորը և այժմ զբաղեցնում է E խմբի նախավերջին՝ 5-րդ հորիզոնականը:

Երեք տարվա դադարից հետո երեկ կեսգիշերին մոտ ֆուտբոլասերները Երևանի փողոցներում կրկին հաղթանակ էին տոնում: Աշխարհի 2018 թվականի առաջնության նախընտրական փուլի 4-րդ հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում 3-2 հաշվով հաղթանակ տարավ Մոնտենեգրոյի ընտրանու դեմ: Չնայած ընտրական փուլի նախորդ երեք խաղերում կրած պարտություններին՝ երկրպագուները սպասում էին հաղթանակի՝ «Միշտ էլ սպասում ենք հաղթանակի», «Սպասում էինք, հուսով էինք», «Հոյակապ էր, միայն հաղթանակ էի սպասում»:

Առաջին խաղակեսը Հայաստանի ընտրանու համար հաջող չստացվեց, ընդամենը երկու րոպեի ընթացքում հյուրերը կարողացան երկու գոլ խփել: Երկրորդ խաղակեսում, սակայն, Հայաստանի հավաքականը տպավորիչ վերադարձ արձանագրեց՝ 50-րդ րոպեին Արտակ Գրիգորյանի գոլը կրճատեց հաշվի տարբերությունը, Վարազդատ Հարոյանը 74-րդ րոպեին հավասարեցրեց այն, իսկ արդեն ավելացված ժամանակում, խաղի ավարտից վայրկյաններ առաջ, Գևորգ Ղազարյանը մոտ 25 մետր հեռավորությունից խփեց հաղթական գնդակը:

Ենթախմբի առաջատարներից մեկը հանդիսացող՝ Մոնտենեգրոյի հավաքականի դեմ խաղն առաջինն էր, որ Հայաստանի ընտրանին անցկացրեց գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի ղեկավարությամբ: Հետխաղային ասուլիսում Գյումրիի «Շիրակի» և Հայաստանի հավաքականի նախկին անվանի ֆուտբոլիստն ասաց, որ նույնիսկ 2 գոլի տարբերությամբ պարտվելիս էլ թիմում հոգեբանական վիճակը նորմալ էր: «Շատ հանգիստ մթնոլորտ էր, տղաների ասացի՝ դեռ ոչինչ կորած չէ: Կարծում եմ այդ «երկու-զրոն» ավելի ուժ տվեց մեզ, որպեսզի տղաներն անկաշկանդ երկրորդ խաղակեսը խաղային, որովհետև արդեն կորցնելու բան չունեինք: Կարծում եմ հենց դա որոշիչ դեր ունեցավ: Շատ գոհ եմ տղաների կատարած աշխատանքից»,- ասաց Արթուր Պետրոսյանը:

Հարցին՝ արդյո՞ք այս հաղթանակից հետո հավաքականը չի հավակնի աշխարհի գավաթի խմբային փուլ դուրս գալուն, Պետրոսյանը պատասխանեց՝ «Առաջին մամուլի ասուլիսին ինձ հարց տվեցին՝ ի՞նչ է պատահելու, որ դուք հրաժարական տաք: Էսօր արդեն խոսում ենք աշխարհի առաջնությանը խմբից դուրս գալու մասին: Իհարկե՝ պետք է համեստ մնալ ու քայլ առ քայլ առաջ գնալ»:

Երկրպագուները, որոնց գործադրած ճնշման պատճառով էլ, ըստ ֆեդերացիայի ղեկավարի՝ հրաժարական էր տվել հավաքականի նախորդ մարզիչը, «Ազատության» հետ զրույցում Արթուր Պետրոսյանի գործողությունները դրական էին գնահատում: «Սպասում ենք նորանոր հաղթանակներ, էսքանով չենք հանգստանում, 3 միավոր 4 խաղում՝ սա հերոսություն չէր, մյուս խաղերում էլ պիտի հաղթենք, որ դրական արդյունք լինի»,- ասաց երկրպագուներից մեկը:

Երեկվա հաղթանակով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլում վաստակեց առաջին 3 միավորը և այժմ զբաղեցնում է E խմբի նախավերջին՝ 5-րդ հորիզոնականը։ Խմբի առաջատարներն են Լեհաստանի և Մոնտենեգրոյի հավաքականները: Հայաստանի ֆուտբոլային ընտրանու հաջորդ պաշտոնական հանդիպումը տեղի կունենա 2017-ի մարտին: Երևանում կհուրընկալվի խմբի հետնապահ՝ Ղազախստանի հավաքականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG