Մատչելիության հղումներ

logo-print

Ըստ ՀՀ ԱԳՆ խոսնակի, Բաքուն Համբուրգի նիստից առաջ սրում է իրավիճակը


Տիգրան Բալայան, արխիվ

Տիգրան Բալայան, արխիվ

Պաշտոնական Ստեփանակերտը իրավիճակն «ընդհանուր առմամբ վերահսկելի և նորմալ» է համարում:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանն այսօր «Ազատության» հետ զրույցում սադրանք որակեց վերջին օրերին ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական զինուժի գործողությունները: Բալայանը պատահական չի համարում այն, որ դրանք տեղի են ունենում ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի՝ Համբուրգում կայանալիք նիստից առաջ։

«Կարծում եմ՝ Ադրբեջանը հավատարիմ է մնում իր գործելաոճին ու կարևոր միջազգային հանդիպումներից առաջ միտումնավոր սրում է իրավիճակը շփման գծում։ Կարևոր միջազգային հանդիպում է սպասվում Համբուրգում, մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, և նրանք միտումնավոր սրում են իրավիճակը օր-օրի։ Նույն սադրիչ տրամաբանության մեջ է նաև այսօր մեկնարկող զորավարժությունները, որոնք անց են կացվում սպառազինությունների վերահսկման միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներով»,- ասաց Բալայանը։

Այսօր Ադրբեջանում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ: Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության հաղորդմամբ, վարժանքներին կմասնակցի մինչև 60 հազար զինվորական, ավելի քան 50 ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ, 700 հրթիռահրետանային համակարգ: Հայաստանի արտգործնախարարը դատապարտել էր այդ զորավարժությունների անցկացումը, այն համարելով իրավիճակի ապակայունացման հերթական փորձ:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Ղարաբաղի պաշտպանության բանակը, այդ զորավարժությունների մեկնարկով պայմանավորված՝ «մարտունակության, զգոնության բարձրացման հատուկ քայլեր է արել» և իրավիճակը վերահսկելի է։ «Իրենց զորավարժությունները մեկնարկել են, մենք էլ իհարկե համապատասխան քայլերն ենք կատարում, ինչը բնական է։ Ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկելի է և նորմալ»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Ադրբեջանի վերջին գործողությունները դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը: հայտարարության մեջ մտահոգություն է հայտնվում նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը և օրվա ընթացքում ԼՂ-ի Թալիշ, Ակնա և Յարըմջա գյուղերի ուղղությամբ տեղի ունեցած զանգվածային արկակոծումների առնչությամբ: Ղարաբաղի արտգործնախարարությունը՝ շեշտելով, որ ապրիլյան պատերազմից հետո շփման գծում առաջին անգամ է նման ծավալի զինուժ կիրառվել, դա համարել է Բաքվի կողմից շփման գծում լարվածությունը սրելուն ուղղված գործողությունների շարունակություն։

ԼՂ արտգործնախարարության հայտարարության մեջ նաև ասված է՝ «Լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ իրավիճակի սրումը տեղի է ունենում ԼՂՀ սահմանագլխին Ադրբեջանի կողմից մեծաթիվ ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ներգրավմամբ լայնամասշտաբ ռազմական զորավարժությունների նախապատրաստման ֆոնին։

Նման գործողությունները կոպտորեն խախտում են շփման գծում լարվածության սրման անթույլատրելիության վերաբերյալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները և վկայում են Ադրբեջանի մտադրության մասին՝ խոչընդոտել բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացմանը»։

Նշենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է առաջնագիծ, ծանոթացել՝ շփման գծում տիրող իրավիճակին։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանի ղեկավարը հանդիպել է զինծառայողների հետ, հանդես եկել ելույթով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG