Մատչելիության հղումներ

logo-print

ՊԵԿ-ը «նպատակահարմար» չի համարում Դիլիջանի ուսումնական կենտրոնի շահագործումը


«Մեր կողմից ուսումնական կենտրոնի շահագործումը աննպատակահարմար է, քանի որ այդպիսի ծավալի ուսումնական կենտրոնը միայն հարկային և մաքսային ոլորտների համար ողջ ծանրաբեռնվածությամբ չէր կարող գործել», - «Ազատության» խնդրանքով պարզաբանում է Պետական եկամուտների կոմիտեն, որը 2011 թվականից ի վեր պետական միջոցներից ավելի քան 33 միլիոն դոլար էր հատկացրել Դիլիջանում այդ կենտրոնի կառուցման համար։

«Շատ ուրախ կլինեի, եթե հենց դա լիներ պատասխանը, քննադատությունը տեղ հասած լիներ: Բայց ես ենթադրում եմ, որ ավելի շուտ իր դերը խաղացել է իսկապես տնտեսական այն շատ ծանր վիճակը, որում հայտնվել է Հայաստանը, որի արդյունքում ոչ միայն այդ, այլև շատ այլ ծրագրեր, մտահղացումներ պետք է մի կողմ դնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինտերնեյշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Ընդդիմադիրների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից վերջին 5 տարիներին քննադատված նախագծի շինարարությունը դադարեցվեց միայն վերջերս, և երեկ կառավարության որոշմամբ ուսումնական կենտրոնը փոխանցվեց Պետական գույքի կառավարման վարչությանը։

Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ ակնհայտ էր, որ այդ շենքի կառուցումը նպատակահարմար չէր։ Մինչդեռ, անցյալ տարի այդ ժամանակվա Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը վստահեցնում էր, որ կառուցում են տարածաշրջանային կենտրոն։

«Ի՞նչ ուսումնասիրություններ, ինչպիսի՞ հաշվարկներ են եղել, որ դա դառնա այնպիսի մի կենտրոն, որ հարևան երկրներից կամ ավելի հեռու երկրներից կգան և այդտեղ կսովորեն», - հարց բարձրացրեց Հոկտանյանը:

Կառուցման անորոշ նպատակից բացի, այդ ուսումնական կենտրոնը մամուլի ու հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաև շռայլ ու հիմնականում միայն մեկ անձից կատարվող գնումների պատճառով։ Շենքի համար ձեռք էր բերվում շուկայում եղած ամենաթանկ գույքն ու սպասքը:

Պետական գույքի կառավարման վարչությունից տեղեկացանք, որ թանկարժեք շենքը հավանաբար կա՛մ կտրվի վարձով, կա՛մ կվաճառվի: Բայց նախ մեկամսյա ժամկետում պետք է պարզեն և կառավարությանը ներակայացնեն, թե որն է ուսումնական կենտրոնի շենքը տնօրինելու ամենաընդունելի տարբերակը։

Այդ կենտրոնի շուրջ զարգացումներին վաղուց հետևող տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով՝ պետությունը դժվարությամբ կկարողանա այն վաճառել, և անգամ մեկնարկային գինն արդեն ավելի ցածր է, քան դրա վրա ծախսված գումարը․ - «Ես ասել եմ, որ 16 միլիարդ ծախսել են էդ շենքի վրա, ու հիմա շենքի հաշվեկշռային արժեքը կազմում է 12 միլիարդ: Էստեղ արդեն տարօրինակ ինչ-որ բան կա: Բայց իրականում շենքի վրա ծախսվել է շատ ավելի շատ գումար, ու էդ գումարների հոսքը հետևելու որևէ տարբերակ չկա, որովհետև էդտեղ գումարներ են ծախսվել Պետական եկամուտների կոմիտեի հատուկ հաշվից, խրախուսման ֆոնդից, պետական բյուջեից, տարբեր աղբյուրներից»:

Կենտրոնի կառուցուման նախաձեռնողներից Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը նախկինում լիարժեք պարզաբանում չի տվել, թե ինչն էր ի վերջո ստիպել 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում միլիոնավոր դոլարների արժողությամբ կենտրոն կառուցել։

«Տնտեսության բոլոր ճյուղերից շինարարությունը ամենամեծ ստվերային հատվածն է», - ասաց Հայկ Գևորգյանը: - «Կարող ենք ենթադրել, որ նպատակը դա է եղել․ իրականում ծախսվել է շատ ավելի քիչ, մնացածը գրպանվել ա․․․ ենթադրություններ են: Ո՞ւմ մտքով ա դա անցել․ դա է պետք գտնել»:

Գագիկ Խաչատրյանը նախկինում նշել է, որ կառուցվող շինությունը նաև հանգստի գոտի էր լինելու Ֆինանսների նախարարության ու այլ ոլորտների աշխատակիցների համար։

Հայկ Գևորգյանի խոսքով՝ դժվար է պատկերացնել, որ շեքնը հիմա կարող է հյուրանոցի վերածվել․ - «Որևէ գնորդ հայտնվի, որ դա պիտի գնի, դա պիտի հաշվարկի որպես բիզնես: Այսինքն ինքը գումարը տալիս է, պիտի հաշվարկի, որ, ասենք, 15 տարվա ընթացքում, կամ 10 տարվա ընթացքում, կամ 7 տարվա ընթացքում իր դրած գումարը հետ վերադարձնի ու սկսի շահույթ ստանալ: Եթե նորմալ բիզնես է, պիտի էդպես լինի: Ես չեմ կարծում, որ 30 միլիոն դոլար վճարելով և ձեռք բերելով էդ օբյեկտը, կարելի ա, ասենք, մոտակա հարյուր տարվա մեջ էդ գումարը հետ վերադարձնել»:

XS
SM
MD
LG