Մատչելիության հղումներ

logo-print

Դատարանը կրկին կանդրադառնա 12 տարի առաջ կատարված սպանության գործին


Փաստաբան Սեդա Սաֆարյանը զրույցում է «Ազատության» հետ:

Փաստաբան Սեդա Սաֆարյանը զրույցում է «Ազատության» հետ:

Վարդենիսում 12 տարի առաջ անչափահաս աղջկա սպանության գործը կրկին կքննվի Գեղարքունիքի մարզի դատարանում:

Իրենց դստեր դասընկերուհուն դաժանորեն սպանելու համար մեղավոր ճանաչված Նալբանդյան ամուսինների բողոքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) նախորդ տարի մասնակիորեն բավարարել էր, ինչի հիման վրա 5 ամիս առաջ Վճռաբեկ դատարանը բեկանել է մեղադրական դատավճիռներն ու գործն ուղարկել Ճամբարակի դատարան:

Նալբանդյանների շահերի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ասում է, որ ՄԻԵԴ-ի վճռից հետո միտումնավոր ձգձգվել է գործը նոր քննության ուղարկելը․ - «Մեր դատական համակարգը այսօր էլ Նալբանդյանների գործը լսելու ցանկություն չունի: Ու չեմ կարող ասել, թե դրանում որ ուժերն են այդքան շահագրգռված»:

Մեղադրական եզրակացության համաձայն, 2004 թվականին Նալբանդյան ամուսինները 16-ամյա Սյուզաննա Սարգսյանին իրենց տանն առաջացած վեճից հետո ուշագնաց վիճակում մետաղալարով կապել էին և դեռևս չմահացած աղջկան կեսգիշերին նետել իրենց տնից ոչ հեռու գտնվող մազութի հորը, որտեղ էլ Սյուզաննան մահացել էր: 2005-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու համար Նարինե Նալբանդյանին դատապարտել էր 14, իսկ նրա ամուսին Բագրատ Նալբանդյանին՝ 9 տարվա ազատազրկման: Պատիժը կրելուց հետո Բագրատ Նալբանդյանը երկու տարի առաջ ազատ է արձակվել:

Նալբանդյանն ազատ արձակվելուց հետո «Ազատությանը» պատմել էր, որ ոստիկանական բաժանմունքում իրենց խոշտանգելով են ստիպել մեղքն ընդունել․ - «Ասում էի՝ արա, ավելի լավ ա մի հատ կրակեք, մարդը վերջանա, ոչ թե սենց ծեծելով»:

Եվրոպական դատարանը ճանաչել էր, որ ամուսիններից ինքնախոստովանական ցուցմունքները կորզվել են խոշտանգումների միջոցով, ինչպես նաև խախտվել է նրանց արդար դատաքննության ու դատական մարմիններում պաշտպանության իրավունքը: Խախտումների համար Հայաստանի բյուջեից Նալբանդյաններին վճարվել է 62 հազար եվրո փոխհատուցում:

Քանի որ Նալբանդյան ամուսինների մեղավոր լինելու վերաբերյալ այլևս չկա օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտ, նրանց շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը պատրաստվում է միջնորդել, որպեսզի ազատ արձակվի արդեն 12 տարի պատիժը կրող Կարինե Նալբանդյանը:

«Ես կարծում եմ, որ շատ-շատ էր Նալբանդյանի համար անմեղ դատապարտվել և նստել այսքան տարիներ: Եվ զարմանում եմ, որ էդ շտապողականությունը որևէ մարմնի կողմից չի դրսևորվել: Չգիտեմ ինչպես կընթանա: Ակնկալում եմ, որ մենք մեծ դժվարություններ կունենանք արդարացման հետ կապված, բայց կանենք ամեն ինչ, որ գործի ապացույցները իրենց տեղը տեղավորենք և Նալբանդյանների անմեղությունը հիմնավորենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը:

Բացի սպանության գործի քննությունից, եվրոպական դատարանի որոշմամբ առանձին քննություն էլ պետք է տարվի Նալբանդյաններին խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ:

XS
SM
MD
LG