Մատչելիության հղումներ

Այս տարի Հայաստան ուղարկված մասնավոր տրանսֆերտների ծավալը նվազագույնն է վերջին տասը տարվա ընթացքում:

Կենտրոնական բանկի տվյալներով, տարվա առաջին ինը ամիսներին ֆիզիկական անձանց արտերկրից փոխանցել են 1 միլիարդ 61 միլիոն դոլար: Նման ցածր ցուցանիշ չի գրանցվել անգամ ճգնաժամային՝ 2009թ․-ին և դրան հաջորդած տարում:

Անցած տասը տարիների կտրվածքով՝ այս տարվա ցուցանիշին մոտ է 2010թ․-ինը, երբ առաջին ինը ամիսներին ուղարկվել էր 1 միլիարդ 101 միլիոն դոլար, սակայն 2010թ․-ին նախորդել էր 2009թ․ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը:

Հայաստան մասնավոր տրանսֆերտների ավելի քան 60 տոկոսը ուղարկվում է Ռուսաստանից, ընդ որում՝ դրանց ծավալները նախորդ տարիներին շարունակաբար կրճատվել են՝ այս տարվա առաջին ինը ամիսներին կազմելով 639.5 միլիոն դոլար:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, Հայաստանի համար տրանսֆերտները արտարժույթի թիվ մեկ աղբյուրն են, և նման կրճատումը զգալի բացասական ազդեցություն կթողնի մեր երկրի տնտեսության վրա:

«Նախորդ տարիների տնտեսական զարգացման ամբողջ տրամաբանությունը հենց խարսխված է եղել տրանսֆերտների վրա: Այսինքն՝ տնտեսական քաղաքականության իմաստը հետևյալն է եղել․ ունենք տրանսֆերտներ, տրանսֆերտները գալիս են հիմնականում Ռուսաստանից, և տրանսֆերտների հիման վրա մարդիկ այստեղ հնարավորություն են ստանում իրենց կենսական անհրաժեշտ ապրանքները կամ ծառայությունները ստանալ, և դրա համաձայն էլ տնտեսության լոկոմոտիվը դարձել են հենց տրանսֆերտները», - պարզաբանում է տնտեսագետը:

Այսպիսի պայմաններում Կարեն Կարապետյանի կառավարությունը մտադիր է գալիք տարի ավելի մեծ տնտեսական աճ ապահովել, քան անցած տարի էր: Ըստ պաշտոնական տվյալների, 2015թ․-ը Հայաստանը փակեց 3 տոկոս տնտեսական աճով: Վահագն Խաչատրյանը կասկած հայտնեց, որ տրանսֆերտների նման անկման և երկրում առկա տնտեսական ծանր իրավիճակի պայմաններում իշխանություններին կհաջողվի գալիք ապահովել ծրագրված տնտեսական աճը․ - «Եթե հետևեք նաև կառավարության ներկայացրած բյուջեի ռիսկերի մասը, այնտեղ նշվում էր, որ ռիսկերը կախված են, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի տնտեսական վիճակը, ինչպես կլինի համաշխարհային շուկայում մետաղների գները: Ցավոք սրտի այդ առումով կանխատեսումները ի օգուտ մեր իշխանությունների կանխատեսումների չեն»:

Փողի արտահոսքը Հայաստանից աճել է

Սակայն սա ամբողջը չէ․ Կենտրոնական բանկի տվյալներով, ոչ միայն կրճատվել են տրանսֆերտները, այլև աճել է փողի արտահոսքը Հայաստանից:

2016թ․ առաջին ինը ամիսներին ֆիզիկական անձինք երկրից հանել են 565 միլիոն դոլար, անցած տարվա նույն ժամանակահատվածում դուրս էին փոխանցել՝ 535.5 միլիոն:

Վահագն Խաչատրյանի համոզմամբ, սա նշանակում է, որ մարդիկ պարզապես չեն վստահում բարեփոխումներ իրականացնելու՝ իշխանությունների հերթական խոստմանը և ծրագրեր չեն կապում հայաստանյան տնտեսության հետ:

«Հեռանկար չեն տեսնում, և այն գումարները, որ կան այստեղ, խնայողություններ, գոնե, չեն դառնում և խնայողությունների ձևով չեն մտնում բանկային համակարգ ավանդներ դառնալու, կամ չեն դառնում ակտիվ կապիտալ տնտեսության մեջ գործելու համար», - ասում է տնտեսագետը:

XS
SM
MD
LG