Մատչելիության հղումներ

Ադրբեջանական զինուժն արկակոծում է Թալիշի մերձակա դիրքերը


ԼՂ ՊԲ զինծառայողը Թալիշի մերձակա դիրքերում, արխիվ

ԼՂ ՊԲ զինծառայողը Թալիշի մերձակա դիրքերում, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատում է՝ վերջին շրջանում ադրբեջանական բանակն ակտիվացրել է գործողությունները:

Ադրբեջանական զինուժը երեկ գիշերվանից ականանետերի կիրառմամբ արկակոծում է Թալիշի և Յարըմջայի ուղղություններով տեղակայված՝ ԼՂ պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Այս մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Ղարաբաղյան կողմի համաձայն՝ հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը։ Ըստ հաղորդագրության, Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ:

Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ արկերը գյուղի բնակելի տարածքում չեն ընկել։ Իսկ գյուղի մերձակա դիրքերի ուղղությամբ այժմ էլ շարունակում են կրակել։ «Կրակոցներ էս պահի դրությամբ էլ կա, բայց ոչ բնակավայրի ուղղությամբ։ Ավելի շատ Թալիշի դիրքերի վրա են կրակում»,- հեռախոսով տեղեկացրեց գյուղապետը:

Նրա խոսքով՝ Թալիշում այժմ միայն տղամարդիկ են բնակվում, քանի որ հատկապես երեկոյան ժամերին գյուղում մնալը խիստ վտանգավոր է՝ «Գիշերը բավականին վտանգավոր է տղամարդկանց համար, ուր մնաց թե կին, ընտանիք մնա։ Մի քանի տղամարդկանցով միասին մնում են մի տան մեջ»:

Վիլեն Պետրոսյանի խոսքով, վերջին շրջանում ադրբեջանական զինուժն ակտիվացրել է գործողությունները: Ապրիլյան պատերազմից հետո ականանետի մասին խոսք չկար, բայց այսօր այն կիրառել են, հավաստեց Պետրոսյանը։

«Ազատության» հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատաեց վերջին շրջանում Ադրբեջանական կողմի ակտիվությունը։ «Միայն Թալիշի ուղղությամբ չեն արկակոծել, նաև այլ ուղղություններով։ Համեմատած նախորդ շաբաթների հետ՝ այո, ակտիվացել են»,- ասաց ՊՆ խոսնակը։

Վաղն Ադրեջանում մեկնարկում են լայնամասշտաբ զորավարժություններ: Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ, վարժանքներին կմասնակցի մինչև 60 հազար զինվորական, ավելի քան 50 ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ, 700 հրթիռահրետանային համակարգ:

Օրեր առաջ Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը քննդատել էր Ադրբեջանին՝ լայնածավալ զորավարժությունների անցկացման համար՝ ասելով. «Ադրբեջանն, ինչպես միշտ, նորից սրում է իրավիճակը՝ հայտարարելով լայնածավալ զորավարժությունների մասին, որում ընդգրկված է ադրբեջանական բանակի գրեթե ողջ ներուժը»:

Ըստ Հայաստանի արտգործնախարարի՝ դա Վիեննայի փաստաթղթի դրույթների խախտում է, որի համաձայն, Ադրբեջանը պետք է 42 օր առաջ տեղյակ պահեր զորավարժության անցկացման մասին, եթե նույնիսկ դրանում ներգրավված լինեն 9000 զինծառայող: Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի խոսքով՝ ներկա իրավիճակում Ադրբեջանին այլ բան չի մնում, քան կրակելը։ Պաշտոնյանի խոսքով՝ նման զորավարժություններով Ադրբեջանի նախագահը, ներքին խնդիր է լուծում։

«Այս զինավարժությունները նրա համար են, որպեսզի իշխանությունը ցույց տա իր քաղաքական ընդդիմախոսներին, որ խանը ունի նաև մեծ ասկյարների բանակ և հարկ եղած դեպքում կպահպանի իր իշխանությունն ու իր շահերը»,- ասաց Բաբայանը:

Քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը կարծիքով էլ՝ Ադրբեջանն այլևս հաշվի չի առնում միջազգային հանրության կարծիքը։ «Ադրբեջանը Ղարաբաղի դեմ հարձակումներն օգտագործում է իր ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար: Սա նաև փորձ է՝ ապակայունացնելու իրավիճակը: Բայց ամեն ինչ վերահսկողության տակ է, և այժմ չկա այն անսպասելիության էլեմետենտը, որ Ադրբեջանն ուներ ապրիլին: Հիմա հայկական կողմն ավելի պատրաստված ու ավելի զինված է: Այդուհանդերձ, սա ավելի շատ ուղերձ է միջազգային հանրությանն ու Մինսկի խմբին այն մասին, որ Ադրբեջանին դիվանագիտությունը չի հետաքրքրում և այդ երկիրը հենվում է միայն ուժի սպառնալիքի վրա:

XS
SM
MD
LG