Մատչելիության հղումներ

Առնո Բաբաջանյանի մահվան տարելիցն անգամ «տոն է դառնում մեր հասարակության համար»


Այսօր առավոտից մինչև ուշ երեկո Կարապի լճին հարակից տարածքում թևածելու է Առնո Բաբաջանյանի հրաշալի երաժշտությունը, որն այնքան սիրելի ու հարազատ է ոչ միայն հայերիս։

Բաբաջանյանն անչափ հայտնի էր և մեծ ժողովրդականություն էր վայելում նախկին խորհրդային տարածքում հատկապես իր երգերով, որոնց թիվը հասնում է մի քանի հարյուրի:

Մեծ դաշնակահարն ու կոմպոզիտորն իր մահկանացուն կնքել է ճիշտ 33 տարի առաջ նոյեմբերի 11-ին, և այսօր, ի հիշատակ Առնո Բաբաջաջյանի, ՀՀ մշակույթի նախարարությունն ու «Առնո Բաբաջանյան» հիմնադրամը, նրա անունը կրող երաժշտական ուսումնարանն ու համերգասրահի տնօրինությունը մի շարք միջոցառումներեն նախատեսել, որոնք սկսվեցին այսօր առավոտյան Կարապի լճի մոտ գտնվող նրա հուշարձանին ծաղիկներ խոնարհելու արարողությամբ, որին մասնակցում էին թե՛ ավագ սերնդի ներկայացուցիչներ, թե՛ երիտասարդներ, ուսանողներ, ովքեր անընդմեջ նրա երգերն էին կատարում:

Ներկա էր նաև ժամանակին Բաբաջանյանի ավելի քան 140 երգ կատարած մեր անվանի երգչուհիներից Ռաիսա Մկրտչյանը: «Ազատության» հետ զրույցում նա հպարտությամբ շեշտեց, որ Բաբաջանյանն իր երգերի առաջին կատարումը հաճախ հենց իրեն էր վստահում․ - «Դա Աստծո պարգև էր, ճակատագրի պարգև իմ կյանքում, որովհետև 17 տարեկանից մինչև երբ որ մենք ծանոթացանք, նա սկսեց երգեր գրել ինձ համար՝ ունենալով իր հետևում ռուսական աստղերի մի ամբողջ բանակ: Այս երգերը, որ հիմա լսում եք, մեծամասամբ առաջին կատարումները իմն են եղել»:

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը ափսոսանքով էր ընգծում, որ Բաբաջաբյանի սիմֆոնիկ, կամերային երաժշտությունը այնքան էլ հայտնի չեն, ինչպես նրա երգերը, բայց դրանք շատ բարձրարժեք ստեղծագործություններ են և հայ կոմպոզիտորական դպրոցի անքակտելի ժառանգությունը, որով մշտապես հպարտանալու առիթ է ունենալու հայ ժողովուրդը:

Իսկ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց․ - «Մեր իրականության մեջ կան մարդիկ, որոնց նույնիսկ մահվան հիշատակի օրը տոն է դառնում մեր քաղաքի, մեր հասարակության համար: Առնո Բաբաջանյանը այն բացառիկ մարդկանցից է, որ նույնիսկ իր մահվան օրը կարողանում է մեզ ուրախացնել և մեր կյանքը դարձնել ավելի գեղեցիկ»:

XS
SM
MD
LG