Մատչելիության հղումներ

«Ինձ համար պատիվ է հանդիպել Օբամայի հետ», - ասել է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը:

«Թրամփը և ես խոսել ենք տեղական և միջազգային քաղաքականության լայն ընդգրկուն հարցերի շուրջ», - ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Սրանք առաջին մեջբերումներն էին, որ երեկ հաղորդվեցին Սպիտակ տանը կայացած Օբամա-Թրամփ հանդիպումից:

Օվալաձև սրահում տեղի ունեցած հանդիպումից հետո Թրամփը ասել է, թե հանդիպումը ավելի երկար է տևել, քան պլանավորված էր: Ն հայտնել է, որ քննարկել են շատ իրավիճակներ, ներառյալ՝ որոշ դժվարություններ:

Օբաման Թրամփին ասել է․ - «Մենք կանենք ամենը, ինչ կարող ենք՝ օգնելու Ձեզ հաջողության հասնել»:

Բարաք Օբաման ասել է, թե գերազանց զրույցից խրախուսված է, և ընդգծել․ - «Շատ կարևոր է, որ մենք բոլորս միավորվենք՝ մարտահրավերներին դիմակայելու համար»:

Սպիտակ տունը հայտնել է, որ հանդիպմանը մնացել են չլուծված տարաձայնություններ:

Սպիտակ տունը հայտնում է, որ Օբամայից և Թրամփից բացի Օվալաձև սրահում այլ պաշտոնյաներ չեն եղել:

Սպիտակ տունը նշում է, թե հանդիպումից Բարաք Օբաման հեռացել է վերահաստատված համոզմամբ, որ Դոնալդ Թրամփը հանձնառու է հարթ անցմանը: Չի բացառվում, որ ԱՄՆ գործող և ընտրված նախագահների խորհրդակցությունները շարունակվեն, հայտնել է Սպիտակ տունը:

Թրամփը, իր հերթին, հանդիպումից հետո ասել է, թե Օբամայի հետ նոր հանդիպում է ակնկալում:

Սպիտակ տունը հայտնել է, որ նույն օրը հանդիպել են ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և ապագա փոխնախագահ Մայքլ Փենսը:

Սպիտակ տանը հանդիպել են նաև ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման և Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Թրամփի քարոզարշավի կայքից երեկ հեռացվել են նախընտրական շրջանում հանրապետական թեկնածուի որոշ վիճահարույց արտահայտություններ, մասնավորապես՝ մահմեդականներին Միացյալ Նահանգներ մտնելը արգելելու մասին նրա հայտարարությունը, ինչպես նաև կլիմայի փոփոխության հարցերով Փարիզի համաձայնությունը չեղարկելու խոստումը, հանվել են:

Նոյեմբերի 10-ի առավոտյան Դոնալդ Թրամփը իր օդանավով Նյու Յորքից մեկնեց Վաշինգտոն, տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում նա Սպիտակ տանն էր:

The Washington Post-ը գրում է, որ Թրամփը Սպիտակ տուն է մտել հարավային մուտքից՝ խուսափելով արևմտյան թևի մոտ հավաքված լրագրողներից և Սպիտակ տան աշխատակիցներից:

Նոյեմբերի 8-ի նախագահական ընտրություններից հետո սա Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումն է:

Հանդիպման նախօրեին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իր թիմին հրահանգել է հետևել Ջորջ Բուշ-կրտսերի թիմի 8 տարի առաջվա օրինակին և ջանասեր աշխատանքով ապահովել իշխանության հարթ փոխանցումը ընտրված նախագահին:

Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը երդմնակալության արարողությամբ ստանձնելու է հունվարի 20-ին: Ընտրություններից հետո 72 օրը նախատեսված է իշխանության հարթ և խաղաղ փոխանցման համար:

XS
SM
MD
LG