Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին Վրաստանի գործող իշխանությանը մեղադրում է Թրամփի ներդրումային ծրագիրը ձախողելու մեջ


Միխեիլ Սաակաշվիլին և Դոնալդ Թրամփը Բաթումիում, 22-ը ապրիլի, 2012 թ․

Միխեիլ Սաակաշվիլին և Դոնալդ Թրամփը Բաթումիում, 22-ը ապրիլի, 2012 թ․

Ըստ Վրաստանի նախկին նախագահի, Թրամփը մտադիր էր իր հայտնի «Թրամփթաուեր»-ներից մեկն էլ կառուցել Բաթումիում, Սև ծովի ափին:

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չորս տարի առաջ՝ 2012-ի գարնանն այցելել էր Հարավային Կովկաս, երկու օր անցկացրել Վրաստանում՝ Թբիլիսի և Բաթումի քաղաքներում: Թրամփը մտադիր էր «Թրամփթաուեր» անվանմամբ հայտնի բարձրակարգ, երկնաքեր հյուրանոց կառուցել Բաթումիում, Սև ծովի ափին:

Վրաստանում «Թրամփթաուեր» կառուցելու համաձայնագիրը Նյու Յորքում Դոնալդ Թրամփն ու Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ստորագրել էին 2011 թվականի գարնանը: Մեկ տարի անց, 2012-ի ապրիլի 21-22-ին Թրամփն այցելց Վրաստան: Այդ իրադարձության մասին պատմող տեսանյութերում երևում է, թե ինչպես են Թրամփն ու Սաակաշվիլին ճափորդում Թրամփի անձնական շքեղ օդանավով: Սաակաշվիլին երկու օր ուղեկցել է ամերիկացի միլիարդատիրոջը, նրանք շրջել են Թբիլիսի քաղաքում, իսկ Բաթումիում մասնակցել են «Թրամփթաուեր»-ի շինարարության հիմնարկեքի արարողությանը, որի ընթացքում երկուսն էլ հանդես են եկել ելույթներով:

Նախատեսվում էր որ երկու տարի անց Սև ծովի ափին վեր կխոյանա Թրամփի բարձրակարգ հյուրանոց-աշտարակը: Մակետ էր պատրաստվել, թե ինչ տեսք է ունենալու 47 հարկանի հյուրանոցն ու դրա շրջակայքը: Այդ ծրագիրը, սակայն, չիրականացվեց: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ հայտարարել է, որ Վրաստանում Թրամփի ծրագրի իրագործումը տեղի չունեցավ, քանի որ ինքն արդեն հեռացել էր իշխանությունից, այդպիսով, փաստորեն, ձախողման պատասխանատվությունը դնելով ներկայիս իշխանությունների վրա:

2012-ի աշնանը կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթեց Բիձինա Իվանիշվիլիի դաշինքը, Սաակաշվիլիի դեմ հետապնդումներ սկսվեցին, քրեական գործեր հարուցվեցին, նա հեռացավ երկրից ու մինչ այժմ Վրաստան չի վերադարձել: «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը երեկ տված հարցազրույցում Սաակաշվիլին որոշ դրվագներ է պատմել Դոնալդ Թրամփի հետ իր շփումների մասին:

«Երբ ես հեռացա նախագահի պաշտոնից, գնացի Նյու Յորք, Թրամփը զանգահարեց ինձ (եթե չեմ սխալվում, իմ մեկնելուց երկու շաբաթ անց) և հրավիրեց իր մոտ: Երբ մենք հանդիպեցինք, նա ասաց՝ «հավանբար ուրիշ նախագահներ այլևս չեն զանգահարում քեզ, բայց ես մնացել եմ քո ընկերը, դու նախագահ չես, իսկ ես քեզ հրավիրում եմ: Եվ երբ ես նախագահ դառանամ՝ նորից կզանգահարեմ»»,- ըստ Սաակաշվիլիի, ասել է Դոնալդ Թրամփը:

Վրաստանի նախկին նախագահը մեղադրել է երկրի գործող իշխանություններին, նշելով՝ «Թրամփը պատրաստ էր ահռելի ներդրումներ անել Բաթումիում, սակայն, այդ ամենը դադարեցվեց, նրան միջազգային խաբեբա անվանեցին: Մենք կարող էինք լինել այն երկրներից մեկը, որտեղ ԱՄՆ-ի նախագահն ուղիղ ներդրում արած կլիներ: Բայց ամենակարևոր հարցում խլեցին երկրի հույսն ու հեռանկարը: Դե ինչ, հիմա կնայենք «Պոնորամա Թբիլիսին»,- հեգնել է Սաակաշվիլին: Ըստ «Գրուզիա օնլայն»-ի, «Պոնորմա Թբիլիսին» Բիձինա Իվանիշվիլիի ծրագիրն է:

Շարունակելով Թրամփի թեման, Սաակաշվիլին ասել է՝ «Միշտ գովում էր մեզ ամերիկյան տարբեր հեռուստակայաններով ու լրագրողներին պատմում Վրաստանի ձեռքբերումների մասին: Ոչ մի ամերիկացի երբեք այդպիսի էնտուզիազմով Վրաստանի մասին չի խոսել, մեր ժամանակների Վրաստանի մասին, և դա փաստ է»,- «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Ըստ «Գրուզիա օնլայն»-ի, Դոնալդ Թրամփը ժամանակին Վրաստանի նախագահի կողմից պարգևատրվել է «Գերզանցության շքանշանով» :

XS
SM
MD
LG