Մատչելիության հղումներ

logo-print

Շավարշ Քոչարյանը չի կարծում, թե ԱՄՆ-ի քաղաքականությունը մեր տարածաշրջանում կարող է փոխվել


Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը չի կարծում, թե Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո գերտերության քաղաքականությունը մեր տարածաշրջանում կարող է փոխվել։

«Գործ ունենք մի կայուն համակարգի հետ՝ իր կայուն փորձագիտական դաշտով, իր կայուն, նախապես առկա ծրագրերով, մոտեցումներով, և այն արտաքին քաղաքականությունը, որ կորդեգրի արդեն նոր Սպիտակ տան ղեկավարությունը, իհարկե, մենք կտեսնենք: Համենայն դեպս ես չեմ կարծում, որ լուրջ մտահոգվելու տեղ կա, բայց աշխատելու տեղ միշտ էլ կա», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շավարշ Քոչարյանը:

Դիտարկմանը, թե Միացյալ Նահանգների ընտրված նախագահը կարող է անգամ չիմանալ Ղարաբաղի մասին, փոխարտգործնախարարն արձագանքեց. - «Պարտադիր չէ, որ աշխարհի ամեն մի մասում տեղի ունեցած իրադարձությունների մասին թեկնածուն ունենա լիակատար պատկերացում: Բայց, բնական է, որ երբ որ արդեն կոնկրետ զբաղվի այդ հարցերով, ինքը կունենա այդ ամբողջ տեղեկատվությունը»:

Քոչարյանն անդրադաձավ նաև Ադբեջանում նոյեմբերի 12-18-ն անցկացվելիք զորավարժությանը, որին, ըստ ադբեջանական աղբյուրների, կմասնակցի շուրջ 60 հազար զինվորական․ - «Բաքուն շարունակում է տորպեդահարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելը»:

Հարցին, թե արդյոք յայդ զորավարժությունները կարելի է համարել պատերազմի սպառնալիք, Քոչարյանը պատասխանեց․ - «Դա ընդամենը «ուժի ցուցադրում է»։ Մյուս կողմից, նաև կարծում եմ, Ադրբեջանը խնդիր ունի: Որովհետև այն, ինչ որ հրամցվում էր իր հասարակությանը, և այն պատկերացումը, որ ուներ ղեկավարությունը, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ դա ամենևին այդպես չէ: Կարծում եմ, նաև այդ հանգամանքը նշանակություն է ունեցել այդ զորավարժությունները կազմակերպելու համար»:

Երկու օր առաջ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդգծել էր, որ այդ զորվարժության անցկացումը սրում է իրավիճակը հատկապես Համբուրգում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգոծնախարների հնարավոր հանդիպումից առաջ՝ ակնարկելով, որ այն կարող է անգամ տեղի չունենալ։

XS
SM
MD
LG