Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրեական գործ «Սիվիլնեթ»-ի օպերատորի ավտոմեքենան վնասելու դեպքով


Սարգիս Խարազյանը՝ վնասված մեքենայի մոտ
Սարգիս Խարազյանը՝ վնասված մեքենայի մոտ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Սիվիլնեթ»-ի օպերատոր Սարգիս Խարազյանի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու համար։

«Ոստիկանության բաժնից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին ստացվել են նյութեր առ այն, որ 2016 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 20:30-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը՝ 08:10-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը դիտավորյալ կոտրել է բակում կայանված քաղաքացի Սարգիս Խարազյանին պատկանող «Միցուբիշի Գրանդիս» ավտոմեքենայի ապակիները, վնասել մեքենայի 4 անվադողերը։ Նկատի ունենալով, որ նյութերը պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի [ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել] հատկանիշներով», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ կոմիտեի, Խարազյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Մշակվել են քննչական պլան, աշխատանքային վարկածներ և իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վարկածներն ստուգելու, դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

«Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները, ենթարկվել զննության: Նշանակվել են դատակենսաբանական, դատաապրանքաբանական փորձաքննություններ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG