Մատչելիության հղումներ

Մոսկվայում ոգևորված են Թրամփի հաղթանակով


Վլադիմիր Պուտին, Դոնալդ Թրամփ
Վլադիմիր Պուտին, Դոնալդ Թրամփ

Մոսկվայում ոգևորված են Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակով: Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները հայտարարում են, որ առաջիկայում Թրամփը կչեղարկի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Բոլորը հիշում են Թրամփի խոսքերն այն մասին, որ նա կճանաչի Ղրիմը Ռուսաստանի կազմում:

Իսկ Պետդումայում չեն թաքցրել իրենց ոգևորությունը, և պատգամավորները ծափահարություններով են ողջունել Թրամփի հաղթանակի մասին լուրը:

Իհարկե, պաշտոնական հայտարարություններում թե՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, թե՛ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և թե՛ արտգործնախարար Սերգեյ Լավրովը զուսպ էին:

Հիշեցնենք՝ Պուտինը հայտարարել է, թե հուսով է, որ Թրամփի հետ համագործակցությունը թույլ կտա ռուս - ամերիկյան հարաբերությունները դուրս բերել ճգնաժամից:

Մեդվեդևն էլ, օրինակ, երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է համագործակցել ընտրված նախագահի հետ, իսկ ինչպես կզարգանան հարաբերությունները՝ կախված է նրանից, թե ինչ քաղաքականություն կվարեն Թրամփը և նրա թիմը, կկարողանա նա արդյոք դիմակայել ճնշմանը:

Ռուսաստանցի փորձագետներն ասում են՝ Մոսկվան հասկանում է, որ բացի Թրամփից՝ Միացյալ Նահանգների իշխանությունը մի հսկայական համակարգ է, սակայն սրա հետ մեկտեղ նաև չեն բացառում, որ, իսկապես, ԱՄՆ ընտրված նախագահի օրոք պաշտոնական Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները, որ մինչ այսօր շատերը նմանեցնում էին «սառը պատերազմի» տարիներին բնորոշ հարաբերություններին, կկարգավորվեն:

Այս հարցում հոռետես է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, ով համարում է, որ Թրամփի հաղթանակն ընդհանրապես ոչինչ չի փոխի ռուս-ամերիկյան հարաբերություններում, պատժամիջոցները չեն հանվի, իսկ եթե Թրամփը, ինչպես և խոստացել էր, թույլ տա ամերիկյան նավթի արտահանումը, նավթի գները միջազգային շուկայում զգալիորեն կնվազեն, ինչը չի կարող բացասաբար չազդել Ռուսաստանի տնտեսության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG