Մատչելիության հղումներ

Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի խոսքով՝ Երևանում երթուղային նոր ցանց կներդրվի, իսկ ներկայում գործող միկրոավտոբուսներն այլևս չեն շահագործվի։ Ըստ նախնական հաշվարկների, ծրագիրն իրագործելու համար 80-ից 100 միլիոն դոլար կպահանջվի։ Նիկոյանի փոխանցմամբ, անկախ նրանից՝ կլինեն ներդրումներ, թե՝ ոչ, քաղաքապետը հայտարարել է, որ քաղաքապետարանը պատրաստ է հանդես գալ որպես ներդրող։

Նիկոյան. - Այո, մենք կանխատեսում ենք, որ այլևս միկրոավտոբուսներ չենք շահագործի Երևանում և քաղաքային տրանսպորտը բաղկացած կլինի խոշոր, միջին և փոքր տեղատարողության ավտոբուսներից։

«Ազատություն». - Մենք գիտենք, որ այսօր ունենք գծատեր հասկացողությունը, ինչպե՞ս է դա կարգավորվելու, քաղաքապետարա՞նն է լինելու այդ մեկ օպերատորը, թե՞ մրցույթ է լինելու, ինչ-որ մեկին է տրվելո՞ւ այդ մենաշնորհը։

Նիկոյան. - Ասեմ, նախ, ընդհանուր բարեփոխումները, քանի որ որպես այդպիսին նոր երթուղային ցանց է լինելու՝ նոր երթուղիներով, նոր տրանսպորտային համակարգերով, նոր չափորոշիչներով, շատ կարևորում եմ նաև միասնական տոմսային համակարգի ներդրումը և էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրումը, դա ինքնին ենթադրում է միասնական համակարգի գոյությունը։ Եվ, որպես այդպիսին, առանձին երթուղիներ և առանձին երթուղիներ սպասարկողներ՝ իրենց առանձին ֆինանսական կարողություններով, հնարավորություններով, հնարավոր չի լինելու միասնական համակարգ ինտեգրել, և այս առումով, այո, լինելու է օպերատոր, բայց դա չի բացառելու իր հերթին մասնավորի մասնակցությունը ընդհանուր օպերատորի կառավարման համակարգում։

Այն երթուղային ցանցը, որ կառաջարկվի, իսկ առաջարկվելու է, ես կարծում եմ, դասական, եվրոպական չափորոշիչներին համապատասխան երթուղային ցանց, պետք է մատուցվի մեր բնակչությանը, պետք է ընկալելի լինի մեր բնակչության կողմից, որովհետև դա ուղղակի ենթադրելու է, որ բնակիչը A կետից B կետը գնալու համար չի բացառվում, որ մեկ կամ երկու տրանսպորտային միջոց փոխի, օրինակ` նույն ավտոբուսից ավտոբուս, կամ ավտոբուսից մետրո, հետո ավտոբուս վճարում է մեկ անգամ, դա շատ կարևոր է, որովհետև ես խոսեցի սակագնի կառուցվածքի մասին՝ տոմսային համակարգը պետք է այնպես լինի, որ տրանսպորտային միջոցների փոխելը չենթադրի մի քանի անգամի վճարում, այլ նույն վճարման չափը կլինի, որը որ կվճարեր ինքը՝ նույն կամ մեկ տրանսպորտային միջոցով երթևեկելու դեպքում։

«Ազատություն». - Երկու տարի առաջ, կարծես թե, երբ տրանսպորտի սակագնի բարձրացման հարց առաջացավ, բավականին սուր ընդունվեց այդ առաջարկը, մի պարզ պատճառով՝ որ հասարակությունն առաջին հերթին չէր հավատում, որ 100 դրամը, օրինակ, 150 դառնալով իրոք որակ կապահովվի։ Չե՞ք կարծում, որ կարող ենք այս խնդրին նորից բախվել։

Նիկոյան. - Մենք նման խնդիր չենք կարող ունենալ, իմ անձնական կարծիքով, որովհետև սա այդ դեպքը չի, մենք չենք կարող որևէ սակագին կամ գումար գանձել մինչև որևէ ծառայություն փոխելը, դա՝ առաջին հերթին: Երկրորդ հերթին՝ այնուամենայնիվ, այս բարեփոխումները շատ մեծ ներդրումներ են ենթադրում՝ էական և խոշոր, և, բնականաբար, սա շատ լայն հանրային քննարկումներ պետք է անցնի, որովհետև, եթե բարեփոխումները դասական և իր ամբողջ փաթեթով պետք է իրականացվի և դա ընկալելի չլինի բնակչության համար, ապա այդ բարեփոխումները, կարծում եմ, ուրեմն անհրաժեշտ չեն, և նման ներդրումների անհրաժեշտությունը միգուցե չի լինի, իսկ ներդրումներից հետո միայն կխոսվի սակագնային քաղաքականության մասին։

«Ազատություն». - Որքա՞ն գումար կպահանջվի նոր ցանցը ներդնելու համար և որտեղի՞ց եք այդ գումարը ձեռք բերելու։

Նիկոյան. - Այն թվերը, որ ես կհնչեցնեմ, նախնական են, ի վերջո, խորհրդատու պետք է աշխատի դրա վրա և տա հստակ արժեքներ, բայց մենք ունենք մեր նախնական գնահատականները, դա՝ 80-ից 100 միլիոն դոլարի մասին է խոսքը համակարգային փոփոխությունների, անկախ նրանից՝ կլինեն ներդրումներ, թե` ոչ, քաղաքապետը հստակ հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է հանդես գալ որպես ներդրող։ Մենք արդեն իսկ նախապատրաստվում են, որպեսզի փաթեթը պատրաստ լինելուն պես կարողանանք ինքնուրույն բանակցել և վերցնել այդ գումարները, ներդնել։ Կլինե՞ն մասնավոր ներդրողներ, ուրեմն՝ նրանց համար կտրվի դաշտ։

XS
SM
MD
LG