Մատչելիության հղումներ

Լևոն Ալթունյանն ընդունել է մահացած ծննդկանների ազգականներին


Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պատասխանում է լրագրողների հարցերին: 13-ը հոկտեմբերի, 2016 թ․

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պատասխանում է լրագրողների հարցերին: 13-ը հոկտեմբերի, 2016 թ․

Առողջապահության նախարարը, սակայն, վերջերս մահացած ծննդկաններ Մերի Մարգարյանի, Տաթևիկ Գասպարյանի և Նաիրա Աբգարյանի ազգականներից ներողություն չի խնդրել իր սկանդալային հայտարարության համար։

«Ներողություն չի խնդրել: Առանց քոմենթի», - «Ազատությանը» փոխանցեց նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Օրերս խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նախարարն ասել էր, թե ինքը մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չի զբաղվում, դրանով զբաղվում են «դատական մարմինները, դատավորները, մորգը»։ Նա նաև հավելել էր, որ իր համակարգը մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները չեն:

Թեև նախարարը ներեղություն չի խնդրել, բայց երեկ երեկոյան կայացած հանդիպում, Հայթայանի վստահեցմամբ, անցել է բավականին լավ մթնոլորտում։ Ալթունյանը տուժողների իրավահաջորդներին առաջարկել է մասնակից դառնալ ոլորտում իրականացվող վերափոխումներին՝ ընդգրկվելով շահառուների իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենսդրական փոփոխությունների մշակման աշխատանքներում։

«Մենք ասել ենք՝ եկեք համագործակցենք, միասին զբաղվենք այդ հարցով ու փորձենք լրացնել օրենսդրական բացը: Իրենց մեջ կային և՛ իրավաբաններ, և՛ իրենք էնքան են խորացել, իրենց առաջարկությունները կանեն, մենք իրավաբանական վարչություն ունենք, օրենսդրական փոփոխությունների կառաջարկենք», - փոխանցեց Անահիտ Հայթայանը:

Այս տարի օգոստոսին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում կեսարյան հատումից հետո մահացած 44-ամյա Նաիրա Աբգարյանի քույրը նշում է, որ պատրաստվում է առաջարկություններ ներկայացնել, բայց դրանց բովանդակության մասին առայժմ չի մանրամասնում․ - «Սա նախնական հանդիպում էր: Դեռ որոշակի քայլեր պետք է արվի, կցանկանայի ավելի շատ վերջնարդյունքի մասին խոսել»։

Ալթունյանի հետ հանդիպմանը չեն մասնակցել Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները, թեև հրավիրված էին։ 32-ամյա ծննդկանը, հիշեցնենք, մահացել էր հոկտեմբերի 18-ին Վանաձորի հիվանդանոցում, հարազատների պնդմամբ՝ բժիշկների անուշադրության հետևանքով:

«Ազատության» հետ հեռախոսազրույցում Հռիփսիմեի սկեսուրն ասաց՝ վիրավորված է նախարարի մոտեցումից․ - «Ո՞վ պահի էդ 10 օրականին, որ ես գամ Երևան, էքսկուրսիա ա՞․․․ Ի՛նքը պետք ա գա կամ մարդ ուղարկի, դա ի՞նչ անշնորհքություն ա։ Հասկացանք քյասիբ ենք ու բանվոր ենք, հո շաշ չենք»։

Հռիփսիմեի ազգականներից Ռիտա Մնացականյանն էլ պատմեց, որ թեև հարուցվել է քրեական գործ, բայց իրենք արդար վճռի հույս չեն փայփայում․ - «Դատաբժշկականը ասեցին մահվանից մի ամիս հետո պատրաստ կլինի: Երևի տեսնեն ինչքանով են կարողանում դզեն-փչեն, իրանց օգտին լինի։ Էն օրն էլ իմանում ենք՝ ասում են Հռիփսիմեն սրտի արատ ա ունեցել, էդ ոնց ա, որ դուք մի օրվա մեջ իմացաք սրտի արատ ունի, երեք տարվա մեր հարսն ա, մի օր չիմացանք, որ սրտի արատ ունի»։

Առողջապահության նախարարի մամլո քարտուղարը միայն նշեց, որ այժմ Վանաձորում աշխատում է իրենց մասնագիտական հանձնաժողովը, իսկ քննչական գործողությունների ընթացքում իրենք չեն կարող որևէ տեղեկություն տրամադրել։

XS
SM
MD
LG