Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհավորական ուղերձներ են հղել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին:

Մարգվելաշվիլիի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է՝ «Նոյմբերի 8-ին Ամերիկայի ժողովուրդը քվեարկեց հանուն հետագա զարգացման, բարգավաճման, խաղաղության և անվտանգության: Ձեր նախագահական առաքելությունը մեկնարկում է մի կարևորագույն ժամանակաշրջանում, երբ աշխարհն ու մարդկությունը կանգնած են նոր մարտահրավերների, ահագնացող և փոխկապակցված սպառնալիքների առջև, ինչը մեզ վրա մեծ պատասխանատվություն է դնում՝ պաշտպանելու այնպիսի համընդհանուր արժեքներ, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունն ու խաղաղությունը:

Աշխարհում կայունություն և խաղաղություն ապահովելու գործում ԱՄՆ-ի դերակատարությունը մնում է եզակի: Համոզված եմ, որ ԱՄՆ-ի ուժեղ առաջնորդությամբ մենք կտեսնենք ավելի պաշտպանված, անվտանգ ու բարգավաճ աշխարհ: Ընդհանուր արժեքները հանդիսանում են մեր երկրների միջև պատմական բարեկամության հիմքը»:

Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին իր ուղերձում նշել է․ «Ամերիկայի ժողովուրդը, նախապատվությունը տալով Դոնալդ Թրամփին, ընտրել է ԱՄՆ-ի ուժեղացմանը միտված փոփոխությունը: Մենք հավատարիմ ենք՝ շարունակելու համագործակցությունը ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ՝ ապահովելու խաղաղություն, անվտանգություն, զարգացում և ազատություն մեր երկրներում, տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG