Մատչելիության հղումներ

logo-print

Հենրիխ Մխիթարյան․ «Եթե հիմա հանձնվեմ, ամեն ինչ կարող է ջուրն ընկնել»


Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանում «Յունիսեֆի» բարի կամքի դեսպան, Երևան, 9-ը նոյեմբերի, 2016 թ․

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանում «Յունիսեֆի» բարի կամքի դեսպան, Երևան, 9-ը նոյեմբերի, 2016 թ․

Հայկական ֆուտբոլի 27-ամյա առաջատարն այսօր «Յունիսեֆ»-ի կողմից նշանակվել է Հայաստանում բարի կամքի դեսպան:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկարատև դադարից հետո այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանեց հիշյալ ակումբի կազմում իր՝ քիչ խաղաժամանակ ստանալը, ասելով՝ ոչինչ չի կարող խանգարել իրականացնել երազանքս, եթե հիմա հանձնվեմ՝ ամեն ինչ կարող է ջուրն ընկնել:

«Դա խոչընդոտ չի կարող հանդիսանալ, որովհետև շատ երկար ճանապարհ եմ անցել, որպեսզի հասնեմ այնտեղ: Կարծում եմ՝ ոչինչ չի կարող ինձ խանգարել՝ իրականացնել իմ երազանքը, քանի որ՝ եթե այս պարագայում հանձնվեմ, կարող է ամեն ինչ ջուրն ընկնել: Դրա համար փորձում եմ իմ մեջ ուժ գտնել և ոչ թե համակերպվել, այլ պայքարել»,- ասաց Մխիթարյանը:

Շուրջ չորս ամիս առաջ անգլիական «Մանչեսթր Յունայթեդ» տեղափոխված հայ ֆուտբոլիստը մինչ օրս այդ թիմի կազմում ընդամենը 6 անգամ է խաղադաշտ դուրս եկել: Ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ Մխիթարյանը պետք է խաղադաշտում անի ավելին՝ թիմի հիմնական կազմում մշտական տեղ ունենալու համար:

Մխիթարյանն այժմ Հայաստանում է՝ երկու օրից աշխարհի 2018 թվականի առաջնության նախընտրական փուլում Մոնտենեգրոյի հավաքականի հետ խաղին մասնակցելու համար: «Ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանի հավաքականին օգտակար լինեմ, քանի որ գիտեմ՝ սպասելիքները շատ մեծ են»,- շարունակեց հայկական ֆուտբոլի առաջատարը:

Նա անդադարձավ նաև օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Արթուր Պետրոսյանի նշանակմանը, ընդգծելով, որ իր համար Պետրոսյանը հայկական ֆուտբոլում լավագույններից է եղել, եթե ոչ լավագույնը: «Միշտ աջակցություն եմ ստացել նրանից երբ դեռ փոքր էի: Կարող եմ ասել, որ սկսելով նրա հետ աշխատել այս օրերին, շատ մեծ տպավորոթյուն ունեմ, քանի որ ունի շատ մեծ գիտելիքներ, լավ է հասկանում ֆուտբոլը: Կարծում եմ՝ միասին կարող ենք լավ հաջողությունների հասնել: Ինձ համար միշտ պատիվ է՝ աշխատել այդպիսի մասնագետների հետ»,- գնահատեց Հենրիխ Մխիթարյանը:

Ֆուտբոլի ակադեմիայում լրագրողների հետ այսօրվա հանդիպումը նախաձեռնել էր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ «Յունիսեֆը»: Ամբողջ աշխարհում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հիմնադրամն իր 70-ամյակի առիթով Հենրիխ Մխիթարյանին նշանակեց Հայաստանում բարի կամքի դեսպան: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագը հայտարարեց՝ «Յունիսեֆ»-ի հետ աշխատելով՝ անելու է հնարավոր ամեն ինչ՝ երեխաներին օգտակար լինելու համար:

««Յունիսեֆը»-ի հետ իմ համագործակցության հենասյունը լինելու է կրթության ոլորտը: Ցավալի է գիտակցել, որ այսօր ոչ բոլոր երեխաները դպրոց հաճախելու և կրթվելու հավասար հնարավորություններ ունեն»,- իր նոր տիտղոսը ստանալու առնչությամբ, մասնավորապես, ասաց Հենրիխ Մխիթարյանը:

Աշխարհում «Յունիսեֆի» բարի կամքի դեսպաններ են նաև այնպիսի հայտնի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են՝ արգենտինացի Լեո Մեսսին և անգլիացի Դևիդ Բեքհեմը: Տարիներ առաջ Հայաստանում «Յունիսեֆի» բարի կամքի դեսպան էր նշանակվել նաև երգչուհի Ալլա Լևոնյանը:

XS
SM
MD
LG