Մատչելիության հղումներ

Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը Երևանում հանդես կգա Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգով


Նոյեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա Դրեզդենիկ սիմֆոնիկ նվագախումբը: Hայ երաժշտասերներին կներկայացնի «Աղետ» խորագրով համերգը՝ մասնակցւթյամբ Դրեզդենի կամերային երգչախմբի, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, կամերային և երիտասարդական նվագախմբերի երաժիշտների և գերմանացի մենակատարների:

Համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և գերմանացի ունկնդրին ներկայացվել էր անցյալ տարի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ:

Շատ ուշագրավ է համերգային ծրագիրը, որտեղ տեղ են գտել գերմանացի, հայ և թուրք կոմպոզիտորների մեկական գործեր: Ներկայացվում է Հելմուտ Օհրինգի «Դիմում Էրդողանին․ դա ցեղասպանություն էր» խորագրով գործը, թուրք կոմպոզիտոր Զեյնափ Գեդիզլիօղլուի «Գրառումներ լռակյացից» և ժամանակակից հայ անվանի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Արթնացեք, փառքեր իմ» ստեղծագործությունները:

«Դրեզդենի սիմֆոնիկի նախաձեռնությունը իսկապես շատ հզոր քայլ էր և սովորական չէր: Այս ծրագիրը այնպես էր կազմված, որ Էրդողանը մի քանի անգամ դիմեց, որ այս ծրագիրը փակվի Գերմանիայում: Իսկ վերջերս այնպես ստացվեց, որ Թուրքիայում փակվեց ծրագիրը», - համերգին ընդառաջ հրավիրված ասուլիսում նշեց Վաչե Շարաֆյանը:

Ասուլիսի մյուս բանախոսները՝ այս նախագծի համահեղինակներ Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Մարկուս Ռինդտը և դիրիժոր Անդրեա Մոլինոն փոխանցեցին, որ այս համերգային ծրագիրը հնչել է գերմանական մի շարք քաղաքներում ոչ միայն անցյալ տարի, այլև այս տարի և շատ մեծ ընդունելության է արժանացել: Համերգ էր ծրագրված նաև Ստամբուլում, որը, սակայն, չեղյալ է հայտարարվել այն բանից հետո, երբ դրա դեմ ձայն է բարձրացրել Թուրքիան, մասնավորապես, Էրդողանը աղմկահարույց բողոքներ է հղել Գերմանիա:

Մարկուս Ռինդտը նշեց, որ իրենց նպատակն է եղել ողջ աշխարհին և առաջինը Թուրքիային ասել ճշմարտությունը կապված Հայոց ցեղասպանության հետ: Նա ընդգծեց, որ առաջին իսկ համերգից հետո այս ծրագիրըն անընդմեջ հեռարձակվել է նաև գերմանական ռադիոյով, և Էրդողանի բողոքները գոնե Գերմանիայում ազդեցություն չեն ունեցել: Ավելին՝ հասարակական մեծ բողոքի ալիք է բարձրացել Թուրքիայի նախագահի բողոքներից հետո:

Դիրիժոր Անդրեա Մոլինոն հավելեց․ - «Գերմանական կառավարությունը փաստորեն այստեղ, հանձինս արտգործնախարարության, արեց այն նույն սխալը, ինչ որ թույլ է տվել հարյուր տարի առաջ, երբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը․ գերմանական կառավարությունը կարող էր հեշտությամբ կանգնեցնել այդ երևույթը և սատար կանգնել: Չարեց դա, որովհետև, կարծես թե, որոշակի կախման հարցեր կար Թուրքիայից: Եվ հիմա այդ նույն հարցը կա, և գերմանական կառավարությունը այս անգամ ևս վախեցավ, հասկացավ, որ նոր բողոքի ալիք կբարձրանա Թուրքիայում, և սա կարող է շատ վատ անդրադառնալ: Եվ փաստորեն նրանք ուղղակի ասեցին, որ դահլիճը զբաղված է լինելու, և համերգը հնարավոր չէ»:

XS
SM
MD
LG