Մատչելիության հղումներ

ՀՀԿ խմբակցության քարտուղարը վստահ է՝ Կարապետյանն իշխող կուսակցության առաջնորդ չի դառնա


Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդես, 22-ը հյոկտեմբերի, 2016 թ․

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդես, 22-ը հյոկտեմբերի, 2016 թ․

Ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արամ Մանուկյանն էլ «նախընտրական ճոռոմաբանություն» է որակում պնդումները, թե երկրում արդեն իսկ դրական բեկում է տեղի ունեցել:

Մինչ Հայաստանի նախագահ, իշխող Հանրապետականի առաջնորդ Սերժ Սարգսյանը վստահեցնում է, թե առաջիկա տարիներին երկրում բեկում է լինելու, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը պնդում է, թե այդ բեկումն արդեն տեղի է ունեցել: «Գալիք 2-3 տարիները լինելու են բեկումնային: Վստահ եմ, որ մեր քաղաքացու կյանքն օրեցոր բարելավվելու է»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նշում է՝ «Ես կարծում եմ, որ բեկում արդեն կա, և ով ցանկանում է տեսնել, վաղուց տեսնում է: Ես կարծում եմ, որ Դուք բոլորդ տեսնում եք այդ բեկումը, այդ մասին անընդհատ գրում և խոսում եք: Թե՛ կառավարության մեջ կատարվող փոփոխության․․․ կառավարության ծրագրի, բյուջեի քննարկումների ընթացքում, դուք այդ բեկումն արդեն տեսնում եք»,- ասաց Մելիքյանը: Արդյո՞ք գազի, էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր նվազումը ևս պետք է այդ բեկման մեջ դիտարկել, «Ազատության» այս հարցին, Մելիքյանն արձագանքեց՝ «այդ ամեն ինչը ընդամենը քայլեր են՝ ընդհանուր բեկումնային իրավիճակ ստանալու համար»:

ՀՀԿ խմբակցության քարտուղարի կարծիքով, հանրությունը ևս տեսնում է այդ բեկումը: Եվ ոչ միայն տեսնում է, այլև «հանրության մեջ հույսի և հավատի վերականգնման նշաններ կան, դրական առումով լուրջ տեղաշարժ կա»: Եվ դա իշխանության ներկայացուցիչներն արձանագրել են հանրապետության տարբեր վայրերում, համայնքներում «ժողովրդի հետ ունեցած հանդիպումների ժամանակ»:

ՀՀԿ-ի՝ նոյեմբերի 26 -ին կայանալիք համագումարին սպասվող ինտրիգներից մեկն էլ հարցադրումն է՝ արդյո՞ք անկուսակցական վարչապետ Կարեն Կարապետյանը ևս կհամալրի Հանրապետականի շարքերը: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղարը դա չի բացառում, սակայն, վստահ է, որ Կարապետյանը չի դառնա ՀՀԿ ղեկավար:

«Կուսակցության նախագահ մենք ունենք, մեր կուսակցության նախագահը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն է, ով անկախության առաջին իսկ տարիներից ակտիվ քաղաքականության մեջ է եղել, և կուսակցությունը միշտ էլ իրեն տեսնում է, որպես կուսակցության նախագահ»:

Կարեն Կարապետյանը հայտարարել է՝ եթե ինքն ասի, որ քաղաքականություն է եկել ընդամենը 6 ամսով, ապա իրեն չեն հարգի: Վարչապետի այս հայտարարության առնչությամբ, Գագիկ Մելիքյանը նշեց՝ «Միանգամայն ճիշտ է: Բայց այդ հայտարարությունը չի կարող որևէ մեկի համար հիմք հանդիսանալ ասելու, որ նա կարող է դառնալ ՀՀԿ նախագահ, նման բան չի կարող լինել»: Իսկ թե ինչպիսին կլինի ներկայիս վարչապետի հետագա քաղաքական ճակատագիրը, դա, ըստ Մելիքյանի, կախված կլինի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի գրանցած արդյունքներից:

Ընդդիմադիր ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «նախընտրական ճոռոմաբանություն» է որակում Հանրապետականի ներկայացուցիչների պնդումները, թե երկրում արդեն իսկ բեկումնային փոփոխություններ են տեղի ունեցել: «Որքան եղել է ընտրությունների նախօրե, այնքան էլ բեկում է եղել: Ես ձեզ ներկայացրել եմ խորհրդարանում իրենց քամի-քամի ծրագրերը, երազային ծրագրերը, «վասյուկի» ծրագրերը: Բայց հետո նայեք և տեսեք էսօրվա վիճակը․ Հայաստանը քանդվում է ուղղակի, հայերին տեղափոխում են Հայաստանից, ի՞նչ բեկումների մասին է խոսքը:

Որևէ բնագավառ ցույց տվեք, որտեղ առաջընթաց է երևում: Ոչ, նրանք բեկում չեն կարող անել, որովհետև իրենց ախորժակից էն կողմ էս մարդիկ ուրիշ բան չեն տեսնում: Ճոռոմաբանությունն էս իշխանության համար ընտրություններից առաջ շատ բնորոշ է: Ես ասում եմ՝ եթե նորմալ իշխանություն եք, անգամ էսօր կարելի է եղածը պահպանել: Գոնե ապահովեք, որ Հայաստանից մարդ չարտագաղթի, Հայաստանի գումարները դուրս չգան: Հայաստանի բիզնեսն ու փոքր ձեռնարկատերը չլքեն Հայաստանը, չգնան: Հայաստանից բոլոր ռեսուրսները՝ մարդկային, ֆինանսական․․․դուրս են գալիս: Այսինքն՝ հերոս կլիներ էն տղան, ով կկազմակերպեր գոնե դրա կասեցումը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանը:

XS
SM
MD
LG