Մատչելիության հղումներ

logo-print

Մուկուչյան. Ընտրական նոր օրենսգիրքը կնպաստի հանրային վստահության բարձրացմանը


Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահ է, որ Ընտրական նոր օրենսգիրքը կնպաստի հանրային վստահության բարձրացմանը։

«Եթե մենք նայենք ընտրական օրենսդրության զարգացման ողջ էվոլյուցիային, պարզ կլինի մի բան, որ յուրաքանչյուր անգամ, երբ մենք նոր Ընտրական օրենսգիրք ենք ընդունել, հիմնական շեշտադրումը կատարվել է նոր վերահսկողական մեխանիզմների ամրագրման և ընտրական գործընթացներում առավելագույն հրապարակայնության ապահովման վրա։ Ես կարծում եմ, որ հանրային վստահությունը մեծապես հենց պայմանավորված է ընտրական գործընթացների թափանցիկության ապահովմամբ, քանզի դա է այն հիմնական գործիքը, որը հնարավորություն կտա հանրությանը, հետևելով ընտրական գործընթացին, փարատել իր բոլոր կասկածները», - ասաց Մուկուչյանը՝ նշելով, որ յուրաքանչյուր նոր Ընտրական օրենսգրքում ավելի շատ են թափանցիկություն ապահովող իրավանորմերն ու հասարակական վերահսկողության մեխանիզմները։

Հարցին, թե ե՞րբ կհասնենք նրան, որ հանրությունը Հայաստանում վստահի ընտրությունների արդյունքներին և ընտրություններից հետո փողոց դուրս չգա, Մուկուչյանը պատասխանեց. - «Դա մշակույթ է։ Ես հույս ունեմ՝ շատ ավելի կարճ ժամկետներում, բայց պետք է նկատի ունենալ, որ մշակույթը մշակույթ է՝ թե՛ ընտրական գործընթացի կազմակերպումը, թե՛ ընտրական գործընթացի մասնակիցների կողմից սեփական քարոզարշավի կազմակերպումը՝ այս ամենն, իհարկե, պահանջում է որոշակի ժամանակ և որոշակի, ինչո՞ւ չէ, մշակույթի ձևավորում՝ ընտրողներից մինչև ընտրական գործընթացը կազմակերպող մարմիններ»։

«Ընտրական նոր օրենսգրքում բավականին շատ են նոր գործիքակազմը, որոնք հնարավորություն կտան ընտրական գործընթացի մասնակիցներին հետևելու ամբողջ ընտրական գործընթացին առավել թափանցիկորեն, համոզված եմ, որ դա կնպաստի հանրային վստահության բարձրացմանը», - ասաց ԿԸՀ նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG