Մատչելիության հղումներ

ՊՆ նոր ծրագիրը պաշտպանության նախկին փոխնախարարի վրա «կարմիր գծերի» տպավորություն է թողել


Պաշտպանության նախարարի՝ երեկ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրած ծրագիրը, որով յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ վճարի նոր ստեղծվող հիմնադրամին՝ զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ զինծառայողներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար, պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանի վրա թողել է «կարմիր գծերի» տպավորությունը։

«Պետությունը պարտավոր է զինծառայողի սոցիալական փաթեթը հարստացնել և մշտական սպասարկել այդ փաթեթը, դա ակնհայտ է, և աշխարհի բոլոր երկրները, եթե ուզում են կայացած զինված ուժեր ունենալ, զինծառայողի սոցիալական փաթեթը պետք է լինի շատ լիարժեք՝ սկսած նրա ընտանիքի անդամներից, վերջացրած նման դեպքերով՝ վիրավորներ, զոհվածներ։ Մի ամբողջական լուրջ համակարգ պետք է լինի», - ասաց Քոչարյանը՝ շարունակելով. - «Այս փաստաթուղթն ինձ վրա թողեց «կարմիր գծերի» նույն տպավորությունը, որ ճանապարհներին կարմիր գիծ ենք քաշում՝ այնտեղից ենք փող վերցնում, հիմա հասարակությանն առաջարկում ենք՝ բերեք 1000 դրամներ տվեք, իսկ ո՞վ ասաց, որ 1000 դրամը կարող է բավարար լինել»։

Քոչարյանի խոսքով՝ այսպիսի ծրագրեր անում են բյուջեի շրջանակներում։ «Պաշտպանության նախարարության այսօրվա ղեկավարությունը լավ կլիներ, որ նման փաստաթղթեր հասարակությանը ներկայացնելուց առաջ բոլոր մանրուքները հաշվի առներ, որովհետև այստեղ ավելի շատ հարցեր առաջացան, քան թե դրանց լուծումների մասին պատկերացում կազմեցինք. իսկ ո՞վ ասաց, որ հունվարի 28-ից հետո այդ հիմնադրամը ի վիճակի է սպասարկել այն հնարավոր դեպքերը, որոնք կանխատեսվում են լայնամասշտաբ կամ հիբրիդային գործողությունների ընթացքում։ Եթե այդքանը մենք պատկերացնում ենք, որ հունվարի 28-ից պետք է անենք, մենք նոր մոտակա գործողությունների արդյունքում 100-ից ավել զոհ ենք ունեցել, տասնյակ վիրավորներ, և նրանց դեռ չսպասարկած, որն ապրիլին է տեղի ունեցել, մենք մտածում ենք ապագա զարգացումները սպասարկելու մասին, որը բյուջեից դուրս է և տալիս է միայն հարցականներ, այլ լուծումների պատկերացում, օրինակ, ինձ մոտ չտվեց»։

Հասարակությանը, ինչպես պաշտպանության նախկին փոխնախարարն ասաց, նոր հարկատեսակ է առաջարկվում՝ չբացատրելով, թե ինչպես պետք է այդ հարկատեսակը սպասարկվի, վերահսկվի, կառավարվի և դառնա զինծառայողի համար որպես սոցիալական փաթեթի բաղադրիչ։

XS
SM
MD
LG