Մատչելիության հղումներ

Կրթության ազգային ինստիտուտի տնօրենը համաձայն չէ ՎՊ-ի գնահատականներին


Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայն Ղուկասյան

Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայն Ղուկասյան

Կրթության ազգային ինստիտուտի մասին Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունը դարձել է աղմուկի պատճառ։

63 էջում ներկայացված 2015-ի ծրագրերի ու դրանց համար նախատեսված բյուջետային ծախսերի ուսումնասիրությամբ բացահայտվել են հատկացումներ, որոնք չեն համապատասխանել նախատեսված ծախսերի չափին:

Կրթության ազգային ինստիտուտի տնօրենը, սակայն, համաձայն չէ տրված գնահատականներին։ Նորայր Ղուկասյանի խոսքով, պալատի մասնագետները հաշվետվությունը կառուցել են ընդամենը երկու փաստաթղթերի՝ 2014-ի հուլիսին գրված բյուջերի նախնական հայտի և 2015-ի ապրիլին հաստատված եկամտային ծախսերի նախահաշվի, հիման վրա։

«Իրանք ցույց են տալիս, թե էս թղթի մեջ սրանից ինչքան ավել է գրված, ու տպավորությունը ստացվում է, որ դա իրոք ավել է։ Իրանք մի բաժակ ջրում փոթորիկ են ստեղծել: Այս ծախսերը ավել են, բայց էդ պակասի մասին ինչի չեն գրում: Դրանք բացարձակ նույնն են, որովհետև երկու դեպքում էլ նույն 505 միլիոնն ա ծախսվել», - ասաց Ղուկասյանը։

Համաձայն ՎՊ-ի զեկույցի, «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումներ» ծրագրի բյուջետային հայտով որոշակի ծախսերի համար նախատեսվել են լրացուցիչ միջոցներ։ Այսպես, թեև ծրագրի աշխատակիցներին տրանսպորտային միջոց ամրակցված չէ, բայց դրա համար նախատեսվել է 812 հազ. դրամ։ Նույն կերպ նաև կապի, էլեկտրաէներգիայի, կոմունալ և այլ ծախսեր համար հատկացվել է 9 մլն դրամ, այն դեպքում, երբ որևէ ծառայության բաժանորդ չեն հանդիսանում, գործում են Կրթության ազգային ինստիտուտի շենքում` զբաղեցնելով 4 սենյակ:

Նորայր Ղուկասյանն այս փաստը չի ժխտում, բայց նշում է, որը ամբողջ ծախսը բաշխում է հավասար, բոլոր ծրագրերի միջև:

Ղուկասյանը նաև նշում է, թե որոշակի դեպքում անգամ տնտեսումներ են եղել, բայց բառերի խմբագրումների պատճառով այլ իմաստ են ստացել։ Ըստ նրա, նախնական արձանագրությում տեղ գտած «պակաս» կամ «տնտեսում» ձեւակերպումները վերջնական հաշվետվության մեջ չկան։ Այդտեղից էլ, ըստ նրա, գալիս է ամբողջ շփոթությունը․ - «Դուք ինչ-որ աշխատանք ենք անում, աշխատավարձ եք ստանում: Ես գալիս եմ, տեսնում եմ, որ աշխատավարձը ճեք ծախսել, ուրեմն շատ եմ տվել ձեզ: Իրանց դատողությունը սա ա․ եթե ես ամբողջը չեմ ծախսել, ուրեմն շատ են տվել: Իրանք ասում են՝ շատ ես գրել բյուջեից»:

Վերահսկիչ պալատի նախագահի մամուլի քարտուղարը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ վերջնական հաշվետվությունը կազմվում է արձանագրության հիման վրա, իսկ ինստիտուտում այդ առնչությամբ առարկություններ չեն եղել։ Ինչ վերաբերում է ձեւակերպումներին, ապա Արամ Ալավերդյանը վստահեցնում է, որ իրենց մասնագետները բովանդակային փոփոխություններ չեն անում:

Կրթության ու գիտության նախարարությունում արդեն ստացել են Կրթության ազգային ինստիտուտի գրավոր բացատրությունը Վերահսկիչ պալատի բացահայտումների առնչությամբ: «Ազատության» հետ զրույցում նախարար Լևոն Մկրտչյանը, սակայն, չհստակեցրեց, թե արդյոք համաձայն է տրված գնահատականների հետ, թե ոչ։ Նա միայն նշեց, որ խախտումներ չկան, և նախարարության տեսակետը կներկայացվի առաջիկայում:

«Բացահայտված խախտումների հիմքում համակարգային խնդիրներն են», - վստահ է կրթության ոլոտրում ուսումնասիրություններ իրականացնող «Բաց հասարակության հիմնադրամներ, Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը: Նրա գնահատմամբ, ֆինանսական միջոցների սխալ օգտագործումն ու պետական գնումների համակարգում խախտումները չարաշահումների մի փոքր մասն են միայն․ - «Որ դու ունես համակարգային ինթեգրիթիի, համակարգային անգամ կոռուպցիոն ռիսկերի միջավայր, և այդպիսին է, ցավոք, կրթության համակարգը, դա միայն ժամանակի հարց է, թե երբ մեկ անգամ ևս կպայթի մեր երեսին»:

Խոշոր գումարների դուրս գրման ևս մեկ հետաքրքիր փաստ է արձանագրվել ՎՊ-ի զեկույցում։ 2015-ին Երևանում անցակցված Բոլոնյան ծրագրի նախարարական գագաթնաժողովի պաշտոնական ճաշկերույթի համար պետբյուջեից հատկացվել է 11 մլն 220 հազար դրամ։ «Օջախ» ռետորանում անցկացված երեկույթի համար մոտ 23 հազար ԱՄՆ դոլարով ծախսերը չեն սահմանափակվել։ Գագաթնաժողովի միջոցառումների հետ կապ չունեցող ծախսերի համար էլ հատկացվել է 4.5 միլիոն դրամ։

Լարիսա Մինասյանն ընդգծում է, որ այսպիսի գումարներ ծախսվում են այն պարագայում, երբ մարզերում խիստ անմխիթար վիճակում գտնվող բազմաթիվ դպրոցներ կան․ - «Ծախսեր չեն կատարվում, որ իսկապես ճակատագրական թե՛ երեխաների, թե՛ դպրոցի, թե՛ գյուղի, թե՛ համայնքի համար: Եվ այդ ֆոնի վրա կարդալ այսպիսի ծախսերի մասին, ցավալի է»:

Կրթության ազգային ինստիտուտի տնօրենը բացատրում է, թե իրենք այս պարագայում զուտ մեխանիկական փոխանցում են արել՝ նախարարության հետ կնքած պայմանագրի համաձայն, նախարարի գրավոր հանձնարարականով։

XS
SM
MD
LG