Մատչելիության հղումներ

Առաջին այցելուների թվում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Եռամյա հիմնանորոգումից հետո Մեծ վարպետի՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն այսօր վերստին բացեց դռներն ու ընդունեց առաջին այցելուներին:

Հիմնանորոգման ընթացքում, ինչպես լրագրողների հետ զրույցում շեշտեց թանգարանի տնօրեն, արվեստաբան Ռուզան Սարյանը, ոչ միայն տեխնիկապես վերազինվել է շենքը, ավելացել են նոր ցուցասրահներ, նոր ցուցադրություն է բացվել նախկին ցուցասրահներում, այլև մեկ նոր հարկ է ավելացվել, որտեղ գտնվում է թանգարանի նորաբաց դահլիճը:

Առաջին հարկում բացվել է Սարյանի հուշահամալիրը, որտեղ թանգարանի այցելուներն այսուհետ կարող են ծանոթանալ նրա արխիվին, գրադարանային նյութերին և տեսնել այն հարկաբաժինը, որտեղ բնակվել է Մարտիրոս Սարյանը:

«Սարյան տուն-թանգարանում շատ հիշարժան օր է, շատ կաևոր: Կարելի է ասել, որ մենք թևակոխում ենք նոր փուլ մեր թանգարանի 50-ամյակի շեմին, որը մյուս տարի է լրանում: Մենք ստացանք մեր կառավարությունից, մեր պրեզիդենտից մի բացառիկ նվեր: Դա Սարյանի թանգարանի այսօրվա արդիականացված շենքն է, որը ունի ամեն տեսակ հարմարություններ, այն, ինչ որ միշտ երազել ենք, և թվում էր, թե դա անիրականանալի է», - ասաց Ռուզան Սարյանը:

Սարյանի ընտանիքը ավելի քան հարյուր նոր ցուցանմուշ՝ կահավորանք և անձնական իրեր է նվիրել թանգարանին, որոնք տեղ են գտել թանգարանի նորաբաց հուշահամալիրի հատվածում:

Տնօրենը փոխանցեց, որ թանգարանի հիմնանորոգման համար ծախսվել է 518 մլն դրամ, որից 462 մլն-ը հատկացրել է կառավարությունը՝ ՀՀ պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին: Գումարի մնացած մասը գոյացել է արտաբյուջետային միջոցներից, մասնավորապես ռուսաստանյան «Խոլստ» կոչվող կին նկարիչների մի խումբ 3 տարի առաջ այցելել է թանգարան, որից հետո էլ թանգարանին մեծ գումար է նվիրաբերել․ - «Եվ այդ նվիրատվության 45 միլիոնը մենք ծախսել ենք այս նոր ցուցադրությունը կազմակերպելու համար»:

Ռուզան Մինասյանը պատմեց․ - «Օրը ավարտվել էր, թանգարանը փակ էր: Զանգը տվեցին, ասեցին՝ եկել ենք Մոսկվայից, երազել ենք այցելել Սարյան թանգարան, ինչ կլինի, մեզ ընդունեք: Մենք այնքան լավ իրենց ընդունեցինք, որ նրանք որոշեցին մեզ օգնել: Ընդ որում, հետո պարզվեց, տիկիններից մեկը «Գազպրոմբանկի» տնօրենի տիկինն է, և մեր բախտը բերեց»:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողներին տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ թանգարանի այցելուների թիվը կշատանա ոչ միայն այս հիմնանորոգման շնորհիվ, այլև՝ մի շատ ուշագրավ նախաձեռնության․ - «Մինչև այս տարվա ավարտը լինելու են աուդիովիզուալ և վիրտուալ գիդերը, որոնք նախատեսված են հեռախոսների համար: Դրանք բջջային հավելվածի տեսքով են լինելու: 9 լեզվով հնարավորություն է ստեղծվելու այցելուների համար՝ կարդալ և լսել: Նաև հեռախոսի միջոցով դիտել տվյալ նկարչի այլ աշխատանքներ: Որոշ դեպքերում, առայժմ մեկ-երկու էքսպոնատի պարագայում, մենք ունենալու ենք 3D պատկեր և ինքնանկար անելու հնարավորություն»:

Այսօր մեր մեծագույն նկարիչներից Մարտիրոս Սարյանի հյուրընկալ օջախում էին հավաքվելմեր մշակույթի գործիչներն ու արվեստագետները՝ շնորհավորելու միմյանց և բոլոր երևանցիներին այսպիսի ժամանակակից, հրաշալի թանգարան ունենալու կապակցությամբ:

«Մեր մշակութային կյանքում շատ բարձր իրադարձություն է, շատ հարուստ ու շքեղ իրադարձություն է այս թանգարանի բացումը: Սա երբ բացվեց, իմ ուսուցիչ Ղազարոս Սարյանը ասում էր՝ լավ եղավ, որ այս թանգարանը բացվեց, այս թաղի տղաները կգան այստեղ, կկրթվեն, նկար կտեսնեն, գեղեցկության հետ կառնչվեն: Եվ այսօր այս թանգարանը համաշխարհային մեծագույն կենտրոններից մեկն է, իմ պատկերացմամբ՝ շատ ավելի հեռու այն նախնական պահանջից, որ Ղազարոս Սարյանն էր տեսնում այդ օրերին», - «Ազատության» հետ զրույցում ասաց մաեստրո Տիգրան Մանսուրյանը:

XS
SM
MD
LG