Մատչելիության հղումներ

logo-print

Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչները պահանջում են, որ Պերմյակովի ներկա լինի իրենց վերաքննիչ բողոքի քննությանը


Ցմահ ազատազրկման դատապարտված ռուսաստանցի զինծառայող Վլադիմիր Պերմյակովը, արխիվ:

Ցմահ ազատազրկման դատապարտված ռուսաստանցի զինծառայող Վլադիմիր Պերմյակովը, արխիվ:

Գյուրիում Ավետիսյանների 7 հոգանող ընտանիքի սպանության համար ցման ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի ներկայությունը, ըստ տուժի իրավահաջորդի ներկայացուցիչների պարտադիր է վերաքննիչ ատյանում իրենց բողոքի քննության ընթացքում:

Տուժողի իրավահաջորդներն ու ներկայացուցիչները ծանուցում են ստացել, որ դատը տեղի է ունենալու Երևանում:

Տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչներից Արթուր Սաքունցը «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց, որ եթե Պերմյակովը ներկա չլինի դատավարությունը, ապա ինքը կմիջնորդի, որպեսզի դատապարտյալի ներկայացությունն ապահովվի․ - «Շատ հետաքրքիր վիճակ է ստեղծվում, որ եթե մարդը բողոք չունի, ապա կարող են և չբերել դատարան: Բայց հարցեր ունենք տալու․․․ առաջին ատյանում քննված գործի շրջանակներում հարցադրումներ ուղղել մեղադրյալին»:

Հարցին, թե ինչ կձեռնարկեն, եթե որոշվի վերաքննիչ դատարանի արտագնա նիստ կայացնել, Սաքունցն արձագանքեց․ - «Այդպիսի խայտառակություն, որ վերաքննիչ դատարանի նիստերն էլ անցկացվեն ռազմական բազային տարածքում․․․ Այս պահին ծանուցագրում նշված է՝ Վերաքննիչ դատարանի շենքում: Այսինքն նիստը լինելու ա Երևանում»:

Վերաքննիչ բողոքում Արթուր Սաքունցը նշել է, որ առաջին ատյանի դատարանում այդպես էլ չի բացահայտվել Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության դրդապատճառը, ուստի ինքը բացահայտված չի համարում հանցագործությունը․ - «Ներկայացվել է վերաքննիչ բողոքում հիմնավորումները, վերաբերվում է ապացուցողական բազային, ապացույցներին, որոնք բավարար չէին նման որոշում կայացնելու համար: Եվ նաև որոշ նկատառումներ ներկայացված է, հիմնավորումներ, որ հանցագործության շարժառիթը չբացահայտված լինելը․․․ դրա հիման վրա մենք կասկածներ ունենք, որ արդյո՞ք պետք էր, որ այդ ընտանիքը սպանվեր, և ոչ թե այլ ընտանիք, և արդյո՞ք այդ հանցագործությունը կատարել է կամ կատարմանը մասնակցել է միայն Պերմյակովը: Սրանք են այն հիմնական նյութական հիմքերը, որոնցով կառուցել ենք վերաքննիչ բողոքը: Բացի այն, որ ընթացակարգային լուրջ խախտումներ․ ըստ էության, դատական նիստերը տեղի ունեցան ռուսական բազայում, Պերմյակովը շարունակում էր գտնվել ռուսական բազայի հսկողության տակ»:

Երկրորդ բողոքը, որ ներկայացրել են տուժողների իրավահաջորդի մյուս ներկայացուցիչները, վերաբերում է քաղաքացիական հայցին․ նրանք ոչ-նյութական վնասի փոխհատուցման հայց էին ներկայացրել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության՝ պահանջելով 450 հազար եվրո փոխհատուցում: Դատարանը նախ ընդունեց հայցը, հայցվոր ու պատասխանող կողմ ճանաչեց, բայց հաջորդ նիստին հայտարարեց, որ մերժում է հայցը:

«Ազատության» հետ զրույցում փաստաբան Արամազդ Կիվիրյանը նշեց, որ վերաքննիի դատարանում բողոքարկում են հայցը մերժելու որոշումը․ - «Մենք բողոքարկում ենք դատարանի ոչ-իրավաչափ գործողությունները այդ առումով»:

Նրա խոսքով՝ ռուսական կողմը պետք է պատասխանատվություն կրի Հայաստան ուղարկվող զինծառայողների գործողությունների համար: Փաստաբանի իր կարծիքը հնչեցրեց, թե ինչու դատարանը հրաժարվեց հայցի քննությունից․ - «Վախեցավ, պարտադրեցին կամ տարբեր միտումներ կարող են տեղի ունենալ: Սակայն ունենք փաստ, որ այն չքննվեց: Ինչո՞ւ: Առաջին հերթին, որովհետև այն ուղղված էր հենց Ռուսաստանի Դաշնության դեմ, և այստեղ չէին ցանկանում, որպեսզի Ռուսաստանի Դաշնության դեմ ինչ-որ պահանջ ներկայացվի: Բացի այդ, այստեղ ինքնին Ռուսաստանի Դաշնության դեմ ներկայացնելը չի խնդիրը․ ի հայտ կգային այն փաստական հանգամանքները, որոնք մենք վկայակոչում էինք քաղաքացիական հայցում, և դատարանը ստիպված կլիներ անդրադարձ կատարել հենց Ռուսաստանի Դաշնության, այդ կողմից վկայակոչված գործողություններին և անգործություններին: Այդ փաստական հանգամանքներին դատարանը ստիպված կլիներ գնահատական տալ»:

Կիվիրյանը կրկին պնդեց, որ առաջին ատյանի դատարանը թերի է քննել գործը, և ոչ բոլոր փաստական հանգամանքներ են պարզվել:

XS
SM
MD
LG