Մատչելիության հղումներ

logo-print

Վաշինգտոնն ու Մոսկվան միմյանց դիվանագետներին փոխադարձաբար զրկել են ԱՄՆ-ում և Ռուսաստանում ընտրություններ դիտարկելու հնարավորությունից:

Ռուսաստանցի դիվանագետները չեն կարողանա հետևել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ընտրատեղամասերում։ Ամերիկյան կողմը Մոսկվային առաջարկել էր իր ներկայացուցիչներին դիտորդի կարգավիճակով օժտել ԵԱՀԿ համապատասխան կառույցի միջոցով, սակայն, Մոսկվան հրաժարվել էր։ Այսօր էլ Ռուսաստանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել ամերիկյան կողմին՝ հայտարարելով, որ այսուհետ Ռուսաստանում կայանալիք բոլոր ընտրություններին անցանկալի է ԱՄՆ-ի դիվանագետների ներկայությունը: Այս մասին «Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Ամերիկյան դիտորդներին դիտարկման թույլտվությունից զրկելը, Ռյաբկովի խոսքով, Վաշինգտոնի համանման քայլի պատասխանն է։ Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն ճնշում է գործադրում ռուս դիվանագետների նկատմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերին մոտ չթողնելու նպատակով։ «Մենք դրանից մեր եզրակացություններն արել ենք»,- ընդգծել է Ռյաբկովը։

Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանությունն անհիմն է համարել ռուսական կողմի տարածած հայտարությունն այն մասին, թե ռուս դիավանգետներին արգելել են ներկա գնտվել Միացյալ Նահանգներում այսօր բացվելիք ընտրատեղամասերում։ Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի մալո խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների «վերակենդանացմանը», սակայն դրան պատրաստ պետք է լինի նաև ամերիկյան կողմը: «Մենք պատրաստ ենք վերակենդանացնել մեր հարաբերությունները ամերիկացիների հետ ճիշտ այնքանով, ինչքանով որ նրանք են պատրաստ դա անել»,- ասել է Պեսկովը, ընդգծելով՝ Պուտինն ասել է, որ Ռուսաստանն ուզում է համագործակցել ԱՄՆ-ի հետ:

Մոսկվայում, այդուհանդերձ, ամերիկյան ընտրություններին ուշադրությամբ են հետևում: Որոշ քաղաքական գործիչներ անգամ Դոնալդ Թրամփին աջակցելու մասին տեսահոլովակներ են տարածել: Մասնավորապես, Պետդումայում ներկայացված չորս ուժերից ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին անգլերենով դիմել է Հիլարի Քլինթոնին, ասելով՝ «Հարգելի Հիլարի, դու երբեք չես դառնա Միացյալ Նահանգների նախագահ, Դոնալդ Թրամփը լավագույն թեկանծուն է ամերիկացիների և ողջ աշխարհի համար»: Ժիրինովսկին հավելել է՝ «Քլինթոնը թույլ է և չար»։

Ռուսաստանյան բոլոր թերթերն այսօր անդրադաձել են ԱՄՆ-ում այսօր մեկնարկող ընտրություններին։ «Վեդոմոստի»-ն, մասնավորապես, գրում է, որ այս ընտրություններին ռուսական գործոնը բավականին մեծ է, և Մոսկվայում ընտրությունների հանդեպ ուշադրությունն ավելին է, քան երբևէ։ Ռուսաստանցի փորձագետ, արտաքին քաղքականության խորհրդի ղեկավար Ֆյոդոր Լուկյանովն, օրինակ, համոզված է, որ ոչ Թրամփի, ոչ էլ Քլինթոնի հաղթանակը լրջորեն չեն փոխի ռուս-ամերիկյան հարաբերությունները։

«Քլինթոնի հաղթանակի դեպքում մենք չպետք է ինչ որ հույսեր կապենք, որ այդ հարաբերությունները կկարգավորվեն, իսկ Թրամփի հաղթանակի դեպքում հասկանալի չէ, թե ինչ կարող է լինել։ Մասնավորապես, ամերիկյան պատժամիջոցները հանելու մասին առաջիկա տարիներին խոսք անգամ չի լինի, անկախ այն բանից, թե ով է ընտրվելու՝ Թրա՞մփը, թե՞ Քլինթոնը»,- փորձագետի այս խոսքերն է մեջբերում «Վեդոմստի»-ն ։ «Կոմերսանտն» էլ այսօր հրապարակել է Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլի հետ հարցազրույց՝ փորձելով, մասնավորապես, պարզել, թե ինչպես կզարգանան ռուս-ամերիկյան հարաբերությունները, եթե հաղթանակ տանի Քլինթոնը:

Ամերիկացի դիվանագետն ընդգծել է՝ չնայած Թրամփի աջակիցները վախեցնում են ամերիկացիներին, որ եթե Քլինթոնն ընտրվի, ապա պատերազմ կսկսի Ռուսաստանի հետ, իրականում միայն խելագարը կարող է Ռուսաստանի հետ պատերազմ սանձազերծել, իսկ Քլիթոնը խելագար չէ։ «Հարցն այն չէ՝ լավն է Պուտինը թե ոչ, ինչ քաղաքականություն է նա վարում Ղրիմում կամ Սիրիայում: Էական այն է, որ Ռուսաստանը միջուկային հսկա պետություն է, այսինքն՝ հնարավոր չէ պատկերացնել պաերազմ՝ Ռուսաստանի դեմ»,- ասել է Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG