Մատչելիության հղումներ

logo-print

Սակագների իջեցումը ՀՀԿ-ի «նախընտրական PR-ն է»


Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակը Երևանում:

Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակը Երևանում:

Գազի, էլեկտրաէներգիայի սակագների, բենզինի գների նվազեցումը, ինչպես նաև տեսախցիկները, արագաչափերը և «կարմիր գծերը» սպասարկող ընկերությունների գործառույթները և եկամուտը պետականացնելը, ընդդիմադիրների կարծիքով, Հանրապետական կուսակցության նախընտրական PR-ն է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը, այդուհանդերձ, ասում է, որ դա իրեն չի մտահոգում, քանի որ վերջապես լավ բան է արվում․ - «Ուզում է դա անվանեն Հանրապետական կուսակցության ամանորյա նվերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ուզում են վրան գրեն՝ Հանրապետական կուսակցության անվան գազի գնի իջեցում, Հանրապետական կուսակցության անվան էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում․․․ Ինձ համար, որպես պատգամավոր և քաղաքացի, կարևորն այն է, որ դրանից օգտվի Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Նախընտրակա՞ն է․․․ միանշանակ այո: Որովհետև եթե հնարավոր էր գազը և էլեկտրաէներգիան իջեցնել, ինչո՞ւ դա արվեց հիմա: Ինչո՞ւ դա չարվեց, ասենք, նախորդ վարչապետի ժամանակ»:

Ընդդիմադիրները շեշտում են, որ խնդիրներից ոչ մեկը նոր չի առաջացել: Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը շեշտում է, որ դեռ մեկ տարի առաջ է բացատրել, թե ինչպես կարելի է բենզինը էժանացնել:

Նույն խմբակցության անդամ Արամ Մանուկյանը պնդում է, որ գազի սակագնի իջեցման եղանակներ է հուշել, իսկ այդ հարցի մասին Հանրապետական հիշել է միայն առաջիկա համապետական ընտրություններից առաջ՝ քվեներ շահելու համար:

«Տարիներ շարունակ ասում էինք էդ: Ականջները նո՞ր բացվեց, նո՞ր սկսեցին լսել, որ դա վնաս է, որ դա քայքայում է, որ դա անվտանգություն չի բերում, որ դա գռփել է ուղղակի նշանակում: Հանկարծ հիմա, ընտրություններից չորս ամիս առաջ հիշեցին, որ տարիներ շարունակ ժողովուրդը բողոքում ա», - ասաց Մանուկյանը:

ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, մինչդեռ, այս քայլերը առաջիկա ընտրությունների հետ չի կապում և պնդում է, որ ցանկացած իշխանության նախընտրական փուլում մեղադրում են PR-ի համար, ու եթե մեղադրանքները լսեն, ապա պետք է ոչինչ չանեն: Նրա խոսքով, սահմանադրական փոփոխություններից հետո իրավիճակ է փոխվել, և իշխանությունը իր նախկին՝ ոչ այդքան արդյունավետ մոտեցումները վերանայելու քաղաքական կամք ունի:

Երեկ խորհրդարանում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել էր, որ գազի սակագինը մեկ տարով են սահմանում։

«Ազատության» հարցին, թե ինչ երաշխիք կա, որ ընտրություններից հետո սակագները կրկին չեն բարձրացվի, Շարմազանովը պատասխանեց․ - «Երաշխիքը մեր քաղաքական պատասխանատվությունն է: Հայաստանի հանրապետական կուսակցությունը քաղաքական ուժ է, որը շատ բարձր է գնահատում քաղաքական պատասխանատվությունը: Այս տարիների ընթացքում մենք և՛ բոլոր ձախողումների, և՛ բոլոր արդյունավետ կառավարման ձեռքբերումների պատասխանատուն ենք»:

Շարմազանովի խոսքով, իրենք վերևից են գնում բարեփոխումների, հավատում են, որ նոր վարչապետը իր թիմով կարող է Հայաստանը մոտեցնել իրենց երազած երկրի մոդելին։

Իշխող կուսակցության փոխնախագահը պնդում է, թե ընտրություններից առաջ Հանրապետականը հատուկ սակագների նվազեցնելու կարիք չունի, քանի որ վստահ են՝ հաղթելու ամենալուրջ շանսերը հենց իրենք ունեն․ - «Չի՞ տա [ժողովուրդը] Հայաստանի հանրապետական կուսակցությանը ձայն, որին ես գոնե էսօր հակված չեմ, բայց այնուամենայնիվ՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը կդառնա ընդդիմություն․․․ Քառասուն րոպե արդեն խոսում ենք, ես Ձեզ փորձում եմ ներկայացնել, որ էսօր ամենաառանցքային ուժը Հանրապետական կուսակցությունն ա»:

Իշխող կուսակցության խոսնակը վստահ է, որ միայն Հանրապետականին քննադատելով ընդդիմադիրները հաջողության չեն հասնի, իսկ ընդդիմադիրներին միավորվել չի հաջողվի, քանի որ «տարբեր գաղափարախոսություններ ունեն»։

Իսկ ընդդիմադիրները Շարմազանովին խորհուրդ են տալիս սեփական կուսակցության խնդիրներով զբաղվել:

Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ պետք է «նույն քաշային» ընդդիմադիրները միավորվեն։

Արամ Մանուկյանի կարծիքով, մինչդեռ, միավորմանը կխոչընդոտեն իշխանությունների կողմից ներդրված կեղծ ընդդիմադիրները․ - «Իսկապես դժվար է գտնել անկեղծ, նվիրված, համառ, տարիներ շարունակ անկեղծ ընդդիմադիր մարդկանց»:

Հանրապետականը պնդում է, որ իր օգտին աշխատող կուսակցություններ չունի: Իշխող կուսակցությունը սեփական համագումարին է պատրաստվում։ Շարմազանովի խոսքով, մի բան հստակ է՝ կուսակցությունը դեռ երկար տարիներ կղեկավարի Սերժ Սարգսյանը:

Իսկ հարցին, թե արդյոք Սարգսյանը կդառնա վարչապետ, արձագանքեց, թե «շատ հարցերի պատասխանները կտան՝ եթե ընտրություններում հաղթեն»։

XS
SM
MD
LG