Մատչելիության հղումներ

Գործազուրկների շարքերը համալրածներին, այդուհանդերձ, փորձում են մխիթարել՝ «տաշած քարը գետնին չի մնա»:

Նոր կառավարության օպտիմալացման ծրագրի շրջանակներում արդեն 4 Ծրագրերի իրականացման գրասենյակ (ԾԻԳ) լուծարելու և 2 կառույց միավորելու որոշում է կայացվել։ Դրա հետևանքով մոտ 100 մարդ կկորցնի իր աշխատատեղը։ Լուծարվող կառույցներում աշխատակիցների ապագայի մասին պատկերացումները դեռ հստակ չեն։

Մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը 25 աշխատակից ունի։ Գրասենյակի ղեկավար Եղիշե Խերանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե այդ որոշումն, իհարկե, ցավալի է, բայց եթե պետությանն անհրաժեշտ է, պետք է արվի։ «Արդյունավետ է, թե ոչ՝ ես չեմ կարող ասել, բայց այսօր կառավարության քաղաքական կուրսը ծախսերը նվազագույնի հասցնելն է, այսինքն՝ երկիրը գնում է օպտիմալացման ճանապարհով, որն, իհարկե, շատ ցավոտ է, մարդիկ են կրճատվում, հիմնարկներ են փակվում: Բայց՝ մի կողմից էլ եթե էսօր երկիրն իրոք էնտեղ է հասել, որ գնում է այս քայլերին, ուրեմն դրա անհրաժեշտությունը հավանաբար կա»,- ասաց Խերանյանը:

Նա վստահ է՝ լավագույն մասնագետները կգտնեն իրենց տեղը։ Իսկ կառավարության կողմից նրանց հանդեպ սրտացավ վերաբերմունք նկատում է՝ «Նախ հավատում եմ՝ տաշած քարը գետնին չի մնա, էս տարիների ընթացքում բոլորը դարձել են շատ լուջ մասնագետներ, որոնք բավականին արհեստավարժ են․․․կարծում եմ՝ նախարարությունը տարբեր կառույցներում կօգտագործի փորձառու մասնագետներին»:

Հայաստանի ճյուղային հանրապետական արհմիությունների նախագահ Անահիտ Ասատրյանը օրերս վարչապետին հասցեագրած իր նամակում մտահոգություն էր հայտնել պետական աշխատողների շրջանում աճող գործազրկության կապակցությամբ: «Ազատության» հետ զրույցում նա ասաց՝ նախքան կտրուկ որոշումների կայացումը, հարցը պետք էր մանրամասնորեն քննարկել բոլոր գերատեսչություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG