Մատչելիության հղումներ

logo-print

Ստվերն ու մենաշնորհներն անձեռնմխելի են, այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

«Բիզնեսը Հայաստանից դուրս է գալիս, դուրս են գալիս մարդիկ և դուրս են տանում գումարները, հարկ մուծող սուբյեկտները, որոնց հաշվին պետք է հարկերն ավելանան և բյուջե ձևավորվի, անընդհատ պակասում են, սպառումն է պակասում», - ասաց Մանուկյանը՝ նշելով. - «Եթե չկա բիզնես, չկա առևտուր, չկա շրջանառություն, չկա մարդ, չկա գումար, որտեղի՞ց են հավաքելու այդ բյուջեն, առավել ևս մյուս աղբյուրը, որից որ պետք է փորձեին հավաքել՝ ստվերը, չեն անում, ստվերին ձեռք չեն տալիս»։

Դիտարկմանը, որ երեկ պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Վարդան Հարությունյանը հայտարարեց, թե ստվերի դեմ «պայքարելու է պայքարով», Մանուկյանն այսպես արձագանքեց. - «Այնքան հեշտ է գտնել ստվերը, գտնելու կարիք չկա, այդ ստվերն ավելի շատ է, քան ընդհանուր մեր բյուջեն է։ Ոչ թե բյուջեի մեջ կա ստվեր, այլ բյուջեն ստվերի մեջ է, շատ հեշտ է՝ մի ֆանարիկ ես վառում, ամբողջ ստվերը միանգամից երևում է։ Իրենք չեն գնում այդ ճանապարհով, ակնհայտ է, որ տաբու է դրված մտնել մի դաշտ, որտեղից սնվում է իշխանությունը»։ «Ստվերն ու մենաշնորհներն անձեռնմխելի են և այդտեղ իրենք ձեռք չեն տալու և դրա համար իրենց աշխատանքային դաշտը փոքրանում է», - ասաց Մանուկյանը՝ նշելով, որ բոլոր նախարարներին ուղղակիորեն արգելված է անդրադառնալ իրենց նախորդների գործունեությանը։

«Ուղիղ հարցեր եմ տվել գրեթե բոլոր նախարարներին, որ իրենք կարո՞ղ են վերլուծել նախորդի արած փնթիությունները, հանցագործությունները, թերացումները, գողացածը, կարո՞ղ են վերլուծել և այդ բազայի վրա առաջ գնալ, իրենք բոլորն ինձ հասկացրել են, որ իրենք նախորդի բացահայտման գործընթացով չպետք է զբաղվեն», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG