Մատչելիության հղումներ

Հարցումներ․ Ամերիկացիների և ռուսաստանցիների միջև ամենամեծ լարվածությունը «սառը պատերազմից» հետո


Սոցիոլոգները հերթական բացասական պատկերն են արձանագրում ռուս-ամերիկյան հարաբերություններում։

Վերջին ուսումնասիրությունները վկայում են երկու ժողովուրդների հարաբերություններում ամենախիստ լարվածությունը «սառը պատերազմի» ավարտից ի վեր։ Այս մասին ասվում է Chicago Council Survay-ի և «Լևադա» կենտրոնի համատեղ զեկույցում։

«100-բալլանոց սանդղակում, որտեղ զրոն գնահատվում է շատ վատ, իսկ 100-ը՝ շատ լավ, ամերիկացիների վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ գնահատվում է 40 բալլ», - նշում են ամերիկացի սոցիոլոգները։

Հարցված ամերիկացիների կեսից ավելին՝ 55 տոկոսը խոսում է ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման մասին, ընդ որում՝ հանրապետականների մոտ այդ կարծիքն ավելի լայն տարածում ունի, քան դեմոկրատների։

Ռուսական կողմի՝ «Լևադա» կենտրոնի տվյալներով, Ռուսաստանում Միացյալ Նահանգների հասցեին դրական է արտահայտվել հարցվածների ընդամենը 23 տոկոսը։

Ռուսաստանցիների մեծամասնությունը կարծում է, որ իրենց երկրի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները՝ Ռուսաստանը թուլացնելու Ամերիկայի ցանկությունն է։ Միայն 6 տոկոսն է նշում, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են սահմանվել Ուկրաինայի արևելքում պատերազմին վերջ դնելու նպատակով։

Հարցվածների երկու երրորդը կարծում է, որ Ռուսաստանը չպետք է Արևմուտքի հետ փոխզիջումներ փնտրի պատժամիջոցների սահմանման պատճառով։ 59 տոկոսը պնդում է, որ պետք է արհամարհել արևմտյան քննադատությունը։

Միացյալ Նահանգներում անցկացված հարցումների համաձայն, ամերիկացիների մեծամասնությունը՝ 56 տոկոսը հակված է այն մտքին, որ Ռուսաստանի հետ հարաբերվելիս Միացյալ Նահանգները պետք է առաջնորդվի բարեկամական և համագործակցային քաղաքականությամբ։ Միայն 39 տոկոսն է կարծում, որ Վաշինգտոնը պետք է զսպի Կրեմլի ազդեցությունը։

Մինչդեռ ռուսաստանցիները պակաս բարեկամաբար են տրամադրված. ընդամենը 32 տոկոսն է կողմ Նահանգների հետ համագործակցությանը, մինչդեռ 68 տոկոսը վստահ է, որ Ռուսաստանը պետք է կենտրոնացնի իր ուժերը բացառապես ամերիկյան հզորությունն ու ազդեցությունը զսպելու վրա։

Ինչպես հիշեցնում են սոցիոլոգները, 1978-1986 թվականներին ամերիկացիների վերաբերմունքը Խորհրդային Միության նկատմամբ գնահատվում էր 25-ից 30 բալլի շրջանակում՝ նույն 100-բալլանոց սանդղակով։

1990-ից մինչև 2002 թվականն այդ ցուցանիշը գերազանցել է 50 բալլի սահմանագիծը, ինչն էլ նվազեց 2008 թվականին՝ ռուս-վրացական հակամարտությունից հետո։

XS
SM
MD
LG