Մատչելիության հղումներ

logo-print

Մշակույթի նախարարությունն առաջարկում է պատմամշակութային հուշարձան ճանաչել բոլոր 100-ամյա շինությունները


Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, արխիվ:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, արխիվ:

Մշակույթի նախարարությունը մշակում է օրինագիծ, որով 100 և ավելի տարվա պատմություն ունեցող բոլոր շինությունները կճանաչվեն պատմամշակութային հուշարձաններ:

«Մենք այսօր առավոտյան քննարկել ենք տարբերակ՝ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու․ այն շինությունները, այն շենքերը, որոնք ունեն հարյուր տարվա պատմություն, այլևս պատմամշակութային արժեք են և հուշարձան: Սեփականատերը իրավունք չունի քանդելու և պարտավոր է պահպանել այդ շենքը, որովհետև նաև պահպանության խնդիր կա․․․ Եվ ամրագրել այս ամենը օրենքով: Թե երբ այդ օրենքը իրականություն կդառնա և օրենքի ուժ կունենա, ես դժվարանում եմ ասել այս պահին»:

Նախարարը լրագրողների հարցերին այսօր պատասխանեց Սունդուկյանի անվան թատրոնում, որտեղ թատրոնի տնօրենը ներկայացնում էր շենքի վերանորոգման-վերազինման աշխատանքների ընթացքը:

Հայաստանի կառավարությունը 8 մլն եվրոյի վարկ է վերցրել Ավստրիայի կառավարությունից՝ Սունդուկյանի անվան թատրոնը տեխնիկապես վերազինելու համար: Նոր սարքավորումները տեղադրել են հենց ավստրիացի մասնագետները:

Բացի այդ, ինչպես փոխանցեց թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը, 45 մլն դրամ թատրոնի եկամուտներից հատկացվել է շենքի կոսմետիկ վերանորոգման համար, ևս 15 մլն դրամ հատկացրել է Մշակույթի նախարարությունը՝ բեմի և դահլիճի վերանորոգման համար:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շատ մեծ աշխատանք է կատարվել հատկապես բեմի վերազինման նպատակով․ - «Կարժ ասած, սա 21-րդ դարի շունչն է»:

Սունդուկյանի անվան թատրոնը իր հերթական թատերաշրջանը կբացի դեկտեմբերի 11-ին «Պեպո»-ի նոր բեմադրությամբ:

««Պեպո»-ն դասական գործ է և, միևնույն ժամանակ խիստ ժամանակակից: Կարծում եմ, որ ժամանակակից հանդիսատեսը պիտի լավ ճանաչի մեր դրամատուրգիան և մեր գրականությունը», - ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG