Մատչելիության հղումներ

Քաղաքապետը պահանջում է պատասխանատվության ենթարկել չջեռուցվող կրթօջախների տնօրեններին


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, արխիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, արխիվ

«Արդեն մի քանի տարի է` հստակ հայտարարում եմ, որ ջեռուցման սեզոնի մեկնարկ հասկացություն գոյություն չունի: Մեկնարկը տրվում է այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը կա, եթե անգամ դա լինի օգոստոս ամսին», - հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ այսօր քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած այն հրապարակումներին, համաձայն որոնց՝ որոշ մանկապարտեզներում ջեռուցման համակարգերը դեռևս միացված չեն:

Նշելով, թե համապատասխան լիազորություններ են տրվել բոլոր կրթօջախների տնօրեններին, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում գործարկեն ջեռուցման համակարգերը, Մարգարյանը, քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, շարունակել է․ - «Եվ այս ամենից հետո ուղղակի աններելի է որոշ տնօրենների անպատասխանատու վարքագիծը: Անհրաժեշտ ֆինանսական միջոցները ևս տրամադրված են, ու անհասկանալի է, թե ի՞նչն է նման վարքագծի պատճառը: Փորձում են տնտեսում անե՞լ: Ի վերջո խոսքն այս դեպքում մեր երեխաների առողջությանն է վերաբերում, ու նրանց առողջության հաշվին տնտեսում անելու փորձ կատարող տնօրենները միանշանակ պետք է ենթարկվեն պատասխանատվության»:

Նա քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է արձանագրված բոլոր դեպքերը մանրակրկիտ ուսումնասիրել ու պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր թերացել են: Բացի այդ, հանձնարարվել է նաև մշտական հսկողության տակ պահել հարցն ու անմիջապես արձագանքել այդ մասով ստացվող ահազանգերին:

Քաղաքապետարանի մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ Տարոն Մարգարյանն այսօր հանձնարարել է Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներին, մանկապարտեզներում անհրաժեշտ և համապատասխան նորմատիվներով ջեռուցում չապահովելու համար, աշխատանքից ազատել թիվ 28, 37 և 46 մանկապարտեզների տնօրեններին:

Հանձնարարվել է նաև խիստ նկատողություն հայտարարել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետին և թիվ 40 մանկապարտեզի տնօրենին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG